EnglishFrançaisРусский

Մշակութային եղեռն

Որեւէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները` ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ,  այլեւ նրա ազգային-հոգեւոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9-ի Կոնվեցիայի մեջ: 

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված եւ ծրագրավորված ձգտել է ոչնչացնել նաեւ հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու եւ հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգեւորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, զավթել եկեղեցական գույքը:

Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «...Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ էր ստեղծել, որոնք զբաղվում էին լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով էին վաճառվում... Ես մի անգամ գնացի եկեղեցի տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ էին: Գիտական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում պանիր, խուրմա, արեւածաղիկ փաթեթավորելու համար»:

Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված եւ թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության, Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց եւ ավերվեց:

Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաեւ Հանրապետական Թուրքիայում, քանզի այդ հուշարձանները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

Թուրքիայում 1920-ական թթ.-ից սկսվել է նաեւ Արեւմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արեւմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրավորված ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական ճարտարապետական շինությունները հետեւողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:

1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:

Հայկական մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է: 

Ներկայացված են հայ միջնադարյան հուշարձաններ` ավերված Հայոց ցեղասպանության տարիներին եւ հաջորդող ժամանակաշրջանում.


 

Հոռոմոսի վանք, 10-11րդ դարեր


• Հոռոմոսի վանքը մինչեւ 1965թ. եւ 1998թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


Անիի Ս. Փրկիչ եկեղեցի , 11-րդ դար 


• Հուշարձանը 1910-ական թթ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


Բագնայրի վանք, 11-13րդ դարեր, գուղ Բագնայր (Ղոզլուջա)


• Հուշարձանը մինչեւ 1960-ական թթ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


Խծկոնքի վանք, 11-13րդ դարեր 


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը 1966թ.` պայթեցումից հետո 

 


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին 
• Վանական համալիրը մեր օրերում (լուսանկարը` Ս. Կարապետյանի)

 


• Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
• Վանական համալիրը 2000թ-ին` 1966թ. պայթեցումից հետո (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


Տեկորի տաճար, 5-րդ դար 

 
 


• Հուշարձանը մինչեւ 1912թ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի 


Բագրեւանդի Ս. Հովհաննես եկեղեցի, 613-619թթ.


• Հուշարձանը մինչեւ 1966թ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)


• Անի, միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք, քաղաքի զինանշանը 1910- ական թթ. եւ 2000թ-ին` թուրքական վերանորոգումից հետո 


• Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք, 1913թ. եւ 1980թ. (լուսանկարը` Ա Հախնազարյանի )


• Վան, Լիմ կղզու մենաստանը հյուսիս-արեւելյան կողմից, (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


• Մուշ, Ս. Առաքելոց վանք, 4-15րդ դարեր, 1900-ականների սկիզբ եւ 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


• Մուշ, Ս. Կարապետ վանքը հարավ-արեւելյան կողմից, 4-18րդ դարեր, 1900-ականների սկիզբ 
• Մուշ, Չանկլի գյուղ, Ս. Կարապետ վանքի տեղանքը, 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


• Ռշտունիքի շրջան, Նարեկավանքը հարավ-արեւմտյան կողմից, 1900-ականների սկիզբ 
• Վան, Ռշտունիքի շրջան, ավերված Նարեկավանքի տեղում կառուցված մզկիթ, 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


• Վան, Կողբանց գյուղ, Սալնապատ վանքի ավերակները հարավ-արեւմտյան կողմից, 10-13րդ դարեր, 1900-ականների սկիզբ եւ 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


• Վան, Շուշանց գյուղ, Կրմրավոր Ս. Աստվածածին վանքի տեղանքը, 1900-ականների սկիզբ եւ 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 


• Վան, Վարագավանք, 10 -11րդ դարեր, 1900-ականների սկիզբ եւ 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի) 

 

Լուսանկարները վերցված են`  вÚÎ²Î²Ü Ö²ðî²ð²äºîàôÂÚàôÜÜ   àôêàôØܲêÆðàÔ ÐΠ ,  www.raa.am