EnglishFrançaisРусский

Աշխատանք ԱԳՆ-ում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագիտական ծառայող աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է ընդունվել Հայաստանի դիվանագիտական դպրոց, կամ մասնակցել դիվանագիտական ծառայության արտաքին մրցույթներին:
Արտգործնախարարությունում առկա են նաև քաղաքացիական ծառայության հաստիքներ, և թափուր հաստիքների առկայության դեպքում նույնպես անցկացվում է մրցույթ:
Դիվանագիտական դպրոցում ընդունելության և թափուր հաստիքների արտաքին մրցույթների անցկացման դեպքում համապատասխան հայտարարությունները տեղադրվում են նաև ԱԳՆ կայքէջի հայտարարություն էջում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը, կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը դիվանագիտական ծառայության անցնելու հիմնական ուղին է: Դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2009 թվականի uեպտեմբերի 23-ին` ՀՀ կառավարության N 1111-Ն որոշմամբ:

Յուրաքանչյուր տարի, ընդունելության երկփուլ մրցույթի արդյունքում, Դիվանագիտական դպրոցն ընդունում է 25-27 ունկնդիր: Դպրոցի լավագույն շրջանավարտները ընդունվում են աշխատանքի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

Ամեն տարի մայիսին Դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մասնակցության մրցույթ: Դիմորդների գործերն ընդունվում են մայիս-հունիս ամիսներին: Ընդունելության քննությունն անցկացվում է հուլիս ամսին:

Մանրամասների համար այցելեք Հայաստանի դիվանագիտական դպրոցի կայքէջը:


ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ծառայողների կադրերի համալրման անհրաժեշտության դեպքում` ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ: Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է համաձայն հետևյալ իրավական ակտերի`

  • «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի
  • ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 121 որոշման (2013թ. օգոստոսի 1-ի թիվ 811-Ն որոշման փոփոխություններով ):

Մրցույթին մասնակցելու հիմնական պահանջներն են.

  • ՀՀ քաղաքացիություն,
  • հայերենին և առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,
  • բարձրագույն կրթություն (հավատարմագրված մասնագիտություն ստանալու մասին վկայագիր),
  • համակարգչային գիտելիքներ:

Արտաքին մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր աշխատանքի և հարցազրույցի:

Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մրցույթի այն մասնակիցները, որոնք ճիշտ են պատասխանել ատեստավորման առաջադրանքների բաղադրիչներից ընդհանուրն առնվազն 80 տոկոս հավաքած մրցույթի մասնակիցները` պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 75 տոկոսից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում,
  •  անձնագրի պատճենը,
  • բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը,
  •  ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման 19-րդ կետի դ) ենթակետով սահմանված բժշկական տեղեկանք (ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով)
  • ինքնակենսագրություն,
  • աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
  • զինապարտ լինելու դեպքում` զինվորական գրքույկի պատճենը, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք,
  • 4 լուսանկար` 3x4 սմ չափի:

Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

Վերը նշված փաստաթղթերի ընդունումն իրականացվում է ՀՀ ԱԳՆ-ում:

Թափուր պաշտոնների համալարման նպատակով արտաքին մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` ՀՀ ԱԳՆ կայքէջում, առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի:

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոնների համար համապատասխան մարմինը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով: