ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ
14 հոկտեմբերի, 2019Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ Արտաքին գործերի նախարարությունում կարծես թե մեկ ամիս դադարից հետո: Նախ կընդգծեմ այս մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած մի շարք միջոցառումներ, կներկայացնեմ որոշ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ, այնուհետև՝ նախարարի առաջիկա օրակարգը, այն միջոցառումները, որոնք այս պահի դրությամբ հաստատված են արդեն:
Նախ սկսեմ մի լուրից, որը վերաբերում է Ճապոնիային. ցանկանում էի ներկայացնել ԱԳՆ հայտարարությունը, որով մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ճապոնիայի ժողովրդին և ցունամիի ժամանակ զոհվածների ընտանիքներին և հարազատներին, շուտափույթ ապաքինում ցանկանում բոլոր վիրավորներին:
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 3-5-ը տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի պաշտոնական այցելությունը Սերբիա, որի ընթացքում Սերբիայի նախագահը հայտարարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մտադրության մասին, ինչպես նաև ընդգծվել է Սերբիայի կառավարության որոշումը՝ մինչև տարեվերջ Երևանում բացելու Սերբիայի դեսպանությունը:
Կցանկանայի նշել, որ հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև բարձր մակարդակի հարակից միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպության (ՍԾՏՀԿ) կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ: Միջոցառումը նվիրված էր տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների բացահայտմանը նաև սևծովյան տարածաշրջանի երկրների համար:
Հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Living Smart-Empowering Youth» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով։
Ինչպես տեղյակ եք, հոկտեմբերի 9-11-ին նախարարն աշխատանքային այցով գտնվում էր Աշխաբադում՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Ացի շրջանակներում տեղի են ունեցել արտգործնախարարի հանդիպումները իր ռուս և թուրքմեն գործընկերների հետ:
Հոկտեմբերի 7-ից 11-ը Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) Գործադիր կոմիտեի 70-րդ նստաշրջանը, որն այս անգամ նվիրված էր քաղաքացիություն չունեցող անձանց հարցերին: Եվ այստեղ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:
Նախարարը ժամեր առաջ ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը, որի մեջ ընդգրկված են Ֆրանսիայի քաղաքապետեր և խորհրդարանականներ: Նախարար Մնացականյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել վերջիններիս մեծ ներդրումը և նշանակալի ավանդը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության խորացման գործում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին:
Մինչ նախարարի առաջիկա օրակարգին անդրադառնալը՝ ներկայացնեմ մի քանի հարցերի շուրջ ԱԳՆ մեկնաբանություն:
Նախ կցանկանայի անդրադառնալ միջազգային օրակարգի այսօրվա ամենաարդիական թեմային՝ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին: Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժման հետևանքով տեղի ունեցող զարգացումների և այս ընթացքում շրջանառվող տարբեր լուրերի և մեկնաբանությունների, գնահատականի առնչությամբ պետք է հստակ նշեմ, որ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ: Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը՝ աջակցելու բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն են հայտնել:
Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում տեղում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից նաև մեր հայրենակիցների իրավիճակի, տեղում հումանիտար իրադրության վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է 3000 մարդ, որոնք հիմնական կենտրոնացված են Կամիշլի և Մալիքիե բնակավայրերում: Առ այսօր այս բնակավայրերի ուղղությամբ ռազմական բախումներ չկան: Ուստի ներկա դրությամբ դրված չէ նաև այս երկու շրջաններից հայերի արտակարգ տեղափոխման հարցը:
Երկրոդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, վերաբերում է փախստականների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարությանն առ այն, որ, մեջբերեմ, «տարածքների ազատագրումից հետո կվերակառուցվեն և կկառուցվեն նոր բնակավայրեր, ինչպես դա արվել է ԼՂԻՄ Շիխարխ բնակավայրի դեպքում»: Ովքեր չգիտեն, նշեմ, որ Շիխարխ բնակավայրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղն է:
Ադրբեջանի նախագահն իր խոսքում հիշատակում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5000 հայ բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992թ. ոչնչացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ բնակավայրը շարունակում է մնալ ադրբեջանական օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի հայտնում է, որ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել ադրբեջանցիներով:
Հատկանշական է, որ այս հայտարարությունը կատարվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է որպես լուծման լավագույն տեսլական և տարբերակ: Այս տեսլականի ներկայացումն ի ցույց է դնում, որ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ նա ցանկանում է Արցախը՝ առանց նրա բնիկ ժողովրդի և բնակչության:
Խնդրի կարգավորման «մարաղայի» տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ այլ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացմանը: Սա առավել ընդգծում է Արցախի ժողովրդի ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգության հարցի նկատմամբ մեր առաջնահերթությունը և զգայունությունը:
Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը երբևէ թույլ չեն տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ, դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը լավագույնս ձևակերպվել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ:
Երրորդ հարցը վերաբերում է Epress.am կայքի լրագրողների՝ Վրաստան մուտք չգործելու հետ կապված խնդրին: Խնդրին տեղյակ ենք, Վրաստանում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել վրաց գործընկերների հետ: Խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են Վրաստանի ԱԳՆ: Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Երբ այն տրվի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
Իսկ հիմա ներկայացնեմ նախարարի առաջիկա օրակարգը:
Այսօր և վաղը տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր Հայաստանից հետո մեկնելու են Արցախ:
Հոկտեմբերի 21-ին Պրահայում կայանալու են Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով:
Հոկտեմբերի 28-ին նախատեսվում է Բուլղարիայի Հանրապետության ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի պաշտոնական այցը Հայաստան:
Հոկտեմբերի 30-31 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոնակոյում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին:
Այժմ պատրաստ եմ պատասխանել Ձեր հարցերին:
Հարց. Մեկ հարց ունեմ՝ կապված Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ Վալդայի համաժողովի ժամանակ, երբ նա, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, խոսքը, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի և Ղարաբաղի, նաև Ադրբեջանի ժողովուրդների համար: Իլհամ Ալիևը նշեց, որ Ղարաբաղում ժողովուրդ չկա, այնտեղ բնակչություն է միայն: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունը. ինչպե՞ս ենք մենք անվանում՝ ժողովուրդ, թե բնակչություն: Եվ երկրորդը՝ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը. նա նշեց, որ Ղարաբաղյան խնդիրը փակուղում է: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո նաև Նիկոլ Փաշինյանն էր զրույց ունեցել Իլհամ Ալիևի հետ: Ինչպիսի՞ տրամադրություններ են եղել, ինչպե՞ս են անցել բանակցությունները: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:
Պատասխան. Անդրադառնալով առաջին հարցին: Չէի ցանկանա խորանալ «ժողովուրդ» և «բնակչություն» եզրույթների ադրբեջանական մեկնաբանության մեջ, բայց պետք է նշեմ, որ ժողովրդավարական հասարակություններում բնակչությունը նաև ժողովուրդ է և հակառակը: Ադրբեջանի նախագահի՝ Վալդայի հայտարարությունում միայն մեկ եզրույթի հետ ես կարող եմ ամբողջությամբ համաձայնել, որ հակամարտությունից առաջ նույնպես Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, և Արցախի ժողովրդի կամարտահայտությունը տեղի է ունեցել բնակչության ճնշող և բացարձակ մեծամասնության քվեով:
Երկրորդ հարցի առնչությամբ: Դրան հետևեցին, նախորդեցին այլ հայտարարություններ ադրբեջանական կողմից: Ասեմ, որ այս իրավիճակը նոր չէ: Խնդրի էությունը այն է, որ ի պատասխան Հայաստանի վարչապետի կողմից առաջարկված բանաձևի, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի, ինչպես Դուք նշեցիք, երեք ժողովուրդների համար՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, մենք ևս մեկ անգամ կամ հերթական անգամ, լսեցինք Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն այդ հարցում: Եվ հատկանշական է, որ մինչ օրս մենք ականատես չենք եղել, որ Ադրբեջանի նախագահն իր բառապաշարում օգտագործի ժողովուրդ բառը, այնինչ խաղաղությունը, ինչպես գիտենք, հաստատվում է ժողովուրդների միջև և ժողովրդի կողմից:
Հայկական կողմը և Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում են ժողովուրդների մասին, քանի որ մեր հասարակությունում, որը ժողովրդավարական հասարակություն է, ժողովուրդը և նրա կամքը բացարձակ արժեք են: Այնինչ, մենք դրան ականատես չենք լինում ադրբեջանական կողմից:
ԼՂ հիմնախնդրում մենք հստակ ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու մեր առաջնահերթությունները: Ես կարող եմ դրանք կրկնել, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստումը այլընտրանք չունեն: Մեր առաջնահերթություններն են Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգությունը և կարգավիճակը: Առաջնահերթություն են նաև խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ ռիսկերի նվազեցման մեխանիզմի ներդրման և վստահության ամրապնդման այլ միջոցներով: Մենք խաղաղ կարգավորման գործընթացում հետևողականորեն հետամուտ ենք լինում մեր այս նպատակների իրականացմանը:
Այն, ինչ առաջարկվեց Ադրբեջանի նախագահի կողմից իր վերջին ելույթում ՝ «մարաղայի տարբերակը», ևս մեկ անգամ պարզապես ընդգծում է, որ մեր առաջնահերթությունները դեռևս վավերական են: Ես կարող եմ նորից կրկնել, որ մենք թույլ չենք տալու Արցախում որևէ նոր վայրագություն կամ ցեղասպան գործողություն:
Երրորդ հարցի առնչությամբ նախ ճշտում կատարեմ, որ խոսքը բանակցությունների մասին չէ, խոսքը միջազգային հարթակում այբբենական հերթականությամբ նստելու կարգի մասին է: Իմ գործընկերը՝ վարչապետի մամուլի խոսնակը, շատ համապարփակ ներկայացրել է իրադրությունը, որ այբբենական կարգով երկու ղեկավարները նստել են կողք կողքի, և, բնականաբար, ճաշի ընթացքում զրույց է եղել, անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրին: Նշեմ, որ միջազգային հարթակներում հայկական կողմը մշտապես քաղաքավարության բոլոր կանոնները պահպանել է, և մթնոլորտը եղել է՝ համապատասխան քաղաքավարության կանոնների:
Հարց. Դուք նշեցիք, որ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը: Կցանկանայի իմանալ՝ քննարկում եղե՞լ է արդյոք, որ Ֆրանսիան Արցախի հետ քույր քաղաքների համաձայնագրեր է ունեցել, որոնք չեղարկել է: Դրա վերաբերյալ քննարկում ունեցե՞լ են:
Պատասխան. Իրապես, նախարարն այսօր ընդունել է պատվիրակությանը, ինչպես նշեցի: Ներկայացրի նաև հարցերի շրջանակը, որոնք քննարկվել են: Բնականաբար, Ձեր կողմից բարձրաձայնված հարցը նույնպես եղել է օրակարգում, քանի որ սա դասվում է այն հարցերի շարքին, որոնք այս կամ այն ձևով առնչվում են համահայկական օրակագին, իսկ ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը մեր օրակարգի անբաժան մասն է կազմում: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը ողջունել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների այս քայլը, որ իրենք այցելել են Արցախ, ինչպես նաև իրենց մտադրությունը և շարունակական քայլերը Արցախի հետ բարեկամության ամրապնդման ուղղությամբ: Մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում այն է, որ մարդու հիմնարար իրավունքները և դրանց իրացումը պայմանավորված չեն բնակության վայրի կարգավիճակով: Եվ մենք մեր այս դիրքորոշումը ներկայացնում ենք մեր բոլոր գործընկերներին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Արցախցին՝ որպես մարդ, օժտված է բոլոր իրավունքներով և ունի նաև այդ իրավունքներն ազատ իրացնելու իրավունք՝ անկախ այն տարածքի կարգավիճակից, որտեղ նա բնակվում է: Եվ այդ իրավունքների շարքին դասվում է նաև աշխարհի հետ ազատ շփվելու իրավունքը:
Հարց. Շնորհակալություն, հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական դիֆերանտներից անդին՝ վերջին մեկ տարվա ընթացքում շատ էր խոսվում, և մեր արտգործնախարարությունը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին, որ դիվանագիտական զինանոցում գտնվող ամբողջ գործիքակազմը օգտագործելու է, որպեսզի կանխի ֆրանսիական զենքի մատակարարումը Ադրբեջանին: Ի՞նչ նորություններ այդ ուղղությամբ: Եվ երկրորդը. արդյո՞ք մեր արտգործնախարարությունը, ինչպես տարածաշրջանի մյուս պետությունները, մասնավորապես՝ Թուրքիա, Սիրիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգները, ունեին այլընտրանքային տարբերակ կամ արդյո՞ք հաշվարկել էին, որ ամերիկյան զորամիավորումների դուրս գալուց հետո Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում պետք է լինի այն իրավիճակը, ինչ որ կա, և արդյո՞ք մենք ունեինք ռազմավարություն մեր հայրենակիցների տարհանման հարցում: Շնորհակալություն:
Պատասխան. Շնորհակալություն: Սկսեմ առաջինից: Մենք մշտապես բարձրաձայնել ենք, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի ուղղակի կամ անուղղակի խթանման կանխումը մեր օրակարգի առաջնային հարցերից մեկն է: Եվ դա բարձրաձայնել ենք բոլոր մակարդակներով, կիրառել ենք բոլոր հնարավոր միջոցները: Ֆրանսիան բացառություն չէ: Հիշում եմ իմ ճեպազրույցներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ Ֆրանսիայի նախագահը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ երբևէ Ֆրանսիայի կողմից Ադրբեջան չի մատակարարվի սպառազինություն, որը օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի դեմ: Բնականաբար, սա մեր առավելագույնը չէ: Քայլեր ձեռնարկվում են անընդհատ, և այս հարցը մեր օրակարգում մշտապես լինելու է:
Մենք մեր բոլոր գործընկերներին խրախուսում ենք զերծ մնալ տարածաշրջանում այնպիսի քայլերից, որոնք ուղղակի կամ անուղղակի հրահրելու են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք և այդպիսով նպաստելու տարածաշրջանում անկայունության աճին: Սա ուղղակի հստակ ամրագրենք:
Երկրորդ հարցի առնչությամբ, Սիրիայի վերաբերյալ մոտավոր իրադրությունը, թե օպերատիվ տեղեկատվությամբ մենք ինչ ենք ստացել այսօրվա դրությամբ, ներկայացրի: Իսկ մյուս հատվածի առնչությամբ, թե արդյոք մենք հաշվարկել էինք կամ ոչ, նշեմ, որ տարբեր զարգացումների, սցենարների և դրանց հետևանքների հաշվարկումը մեր մասնագիտության հիմնական մասն է կազմում: Եվ, բնականաբար, մենք ունենք այնտեղ դիվանագիտական երկու ներկայացուցչություն, որոնք մշտական կապի մեջ են համապատասխան բոլոր օղակների հետ, մենք մշտական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ ներառյալ նաև տեղում մեր բոլոր գործընկերների հետ, Սիրիայի իշխանությունների հետ, համայնքային կառույցների հետ: Եվ մեր այս ամբողջ ցանցի հիմնական նպատակը արագ և ճիշտ գնահատելն է տեղում իրադրությունը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մենք ունենք սցենար և ռազմավարություն, այսօրվա իմ հայտարարությունը հենց դրա մասին է վկայում, որ կա քայլերի ծրագիր: Ձեռնարկվում և մշակվում են բոլոր քայլերը, որպեսզի աջակցենք տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին: Մենք նաև քննարկում ենք բոլոր հնարավոր սցենարները՝ իրենց կարիքները, անվտագության մարտահրավերներն անմիջական և ճիշտ գնահատելու և դրանց արձագանքելու համար: Բայց մեր այս բոլոր գործողությունններում նախ և առաջ պետք է դիտարկենք տեղում ապրող մեր հայրենակիցների ցանկությունները և կարիքները:
Ես նշեցի նաև այն շրջանները, որտեղ կա հայկական հոծ բնակչություն, և այդ շրջանների հետ մշտական կապը պահպանվում է: Եթե մեր որևէ հայրենակցի կողմից ցանկություն կա տեղափոխվելու, բնականաբար, մենք բոլոր մեր գործիքները ինչպես այստեղ, այնպես էլ տեղում՝ մեր դիվանագիտական ներկայացուցիչների կողմից, գործի ենք դնում, որպեսզի հասցեագրենք իրենց կարիքները:
Հարց. Երկու հարց ունեմ։ Առաջինը կապված Գարեգին Նժդեհի պատմության հետ, որը, կարծես թե շարունակություն է ստանում։ Իլհամ Ալիևը հայտարարություն էր արել մեր վարչապետի ելույթից հետո, մասնավորապես նշել էր, որ «Հայ ժողովուրդը, որը նույնպես, ինչպես Սովետական միության մյուս ժողովուրդները, մեծ ներդրում է ունեցել մեր ընդհանուր հաղթանակին, պետք է նախևառաջ մաքրվի այդ բծից»: Դրա մասին մեկնաբանություն կցանկանայի ստանալ։ Եվ ևս մեկ հայտարարություն արդեն Ադրբեջանի ԱԳՆ կողմից, կապված Շուշիում մզկիթի վերակառուցման, վերանորոգման աշխատանքների հետ, ևս մեկ մեջբերում անեմ. «Հայկական կողմը Ադրբեջանի հուշարձանների ծագումը փոխելու քաղաքականություն է վարում և, մզկիթը վերանորոգելով՝ փորձում Է այն իբրև պարսկական ներկայացնել՝ ստվեր գցելով այն փաստի վրա, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»։ Կխնդրեմ այս հարցն էլ նույնպես մեկնաբանել։ Շնորհակալություն։
Պատասխան. Առաջին հարցի առնչությամբ, ես մեկ անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալ այս թեմային և նորից կկրկնեմ, որ Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդից մասնակցել է 600 հազար մարդ, զոհվել՝ 300 հազարը։ Մենք ունենք 150 խորհրդային հերոս, 80 գեներալ, 6 մարշալ: Սրանք այն թվերն են, որոնք վկայում են, թե մենք ինչ ներդրում ենք ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում, և սա ընդհանուր առմամբ ցույց է տալիս այն, ինչով մենք հպարտ ենք այսօր։
Մենք նաև անկախության և գոյատևման պայքար ենք մղել թուրքերի և կովկասյան թաթարների դեմ և հարգում ու մեծարում ենք այդ պայքարում մեր հերոսներին։
Հայաստանը հաստատակամ է նեոնացիզմի, այլատյացության, ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ իր պայքարում, քանի որ մենք մեր սեփական փորձով գիտենք դրա վտանգները՝ հանդիսանալով այլատյացության զոհ։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ պատմությունը վերանայելու Ձեր կողմից նշած կոչին, պետք է պարզապես նշեմ, որ պատմությունը ընդհանրապես իր ամենաուժեղ կողմը չէ։ Սակայն ես պետք է արժանվույնը հատկացնեմ իրենց անգերազանցելի փորձին պատմություն հայտնաբերելու ուղղությամբ: Եթե Ադրբեջանի նախագահը նման կոչ է անում, ապա ես հանդես կգամ պատասխան կոչով, որ Ադրբեջանի նախագահը նախ և առաջ պետք է վերանայի Անդրբեջանի ներկայիս հերոս, բարբարոսաբար հայի սպանած, մարդասպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու, ինչպես նաև նման վայրագությունները, բարբարոսությունները խրախուսելու իր քաղաքականությունը։
Ինչպես գիտեք, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ Արցախի Շուշի քաղաքում գտնող Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերանորոգման ուղղությամբ, և այսօր հենց այն օրն է, որ նշելու է այդ մզկիթի վերանորոգման աշխատանքների ավարտը, տեղի է ունենալու համապատասխան միջոցառում:
Նշեմ, որ Շուշին Արցախի հին քաղաքներից մեկն է, իսկ Վերին մզկիթը Շուշիի հին հատվածի պատմության և մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Արցախի իշխանությունները շարունակական քայլեր են ձեռնարկել պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգման ուղղությամբ, և այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցներից մեկն է։ Ընդհնուր առմամբ, նշեմ, որ Հայաստանը և Արցախը պատմամշակության ժառանգության իրենց հանձնառությանը մոտենում են համալիր ձևով՝ առանց որևէ խտրականության։ Որպես հինավուրց ժողովուրդ՝ ունենք տարբեր մշակույթների, տարբեր կրոնների հետ համերաշխ և ներդաշնակ ապրելու հազարամյակների փորձ, մենք ունենք փոխադարձ ըմբռման, փոխադարձ հարգանքի հազարամյակների փորձ, մենք ունենք պատմամշակութային ժառանգության պաշտպանության մեծ փորձ, և այսօրվա միջոցառումը դրա արտահայտություններից մեկն է։ Մենք բոլոր մեկնաբանություններն այս հարցով, նաև այն, որ դուք մեջբերեցիք, պարզապես անհարկի ենք համարում, հատկապես այն պարագայում, որ մենք ինքներս ականատես ենք եղել մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը և դեռևս լավ ենք հիշում, թե ինչպես էին ոչնչացվում միջնադարյան հայկական հրաշալի խաչքարերը, եկեղեցիները ու վանքերը Նախիջևանում և հատկապես՝ Ջուղայում։
Հարց. Իրանական կողմը, լինելով Հայաստանին ամենամոտ հարևաններից մեկը, վերջին շրջանում դժգոհում է նաև դիվանագիտական խողովակներով, որ տնտեսական առումով մեր հարաբերությունները գնալով վատթարանում են։ Թավրիզի ազատ տնտեսական գոտում անգամ Հայաստանը փակել է իր ներկայացուցչությունը․ սա նշում եմ՝ ըստ իրանական կողմի։ Ի՞նչ է անում Հայաստանի դիվանագիտությունն, այս առումով, և ինչպիսի՞ բանակցություններ են ընթանում իրանական կողմի հետ։
Պատասխան. Շնորհակալություն։ Ձեր կողմից նշված տեղեկատվությունը ես իսկապես պետք է ստուգեմ, որովհետև նման տեղեկատվություն առ այն, որ ներկայացուցչություն է փակվել, ես չունեմ, քանի որ այդ ոլորտն ԱԳՆ համակարգման ներքո չի գտնվում։
Իրանի հետ մենք տարբեր մակարդակներով ունենք ակտիվ երկխոսություն, այդ երկխոսությունը նաև ուղղված է մեր տնտեսական հարաբերությունների խթանմանը: Եվ վերջերս Իրանի նախագահի այցը և դրա շրջանակում արված հայտարարությունները, ձեռքբերված պայմանավորվածությունները, Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը նրանում, որ հաստատվի Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը, կարծես թե, լավագույն պատասխանն են Ձեր հարցին: Մենք մեր կողմից բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի կարողանանք տնտեսական ոլորտում առկա մեր ներուժը, հաշվի առնելով բոլոր այլ հանգամանքները, կարողանանք լավագույնս օգտագործել։ Ուրիշ մասով ես չեմ կարող այլ մանրամասներ ներկայացնել, քանի որ ոլորտը անմիջապես մեր համակարգման ներքո չի գտնվում։
Հարց. Ես կցանկանայի Վրաստանի վարչապետի այցին ընդառաջ հարց ուղղել։ Հայ-վրացական տնտեսական հարաբերություններում ի՞նչ խնդիրներ ունենք, և ինչ քայլեր ենք ձեռնարկում այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Պատասխան. Նորից կրկնեմ, որ տնտեսական ոլորտը ԱԳՆ համակարգման ներքո չէ: Մենք, բնականաբար, մեծապես կարևորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները և մեծ գոհունակություն կարող ենք հայտնել այն դինամիկ երկխոսության կապակցությամբ, որն առկա է տարբեր մակարդակներում։ Ես չեմ խոսում միայն ղեկավարների մակարդակով, այլ տարբեր մակարդակներում, տարբեր ոլորտներում երկխոսության մասին։ Դրա մասին վկայում են մեր շփումները, մեր զրույցները, ինչպես նաև փոխադարձ այցելությունները, եթե դիտարկենք երկու երկրների միջև այդ հարթակում առկա դինամիկան։ Մենք հարևաններ ենք, որոնք ունեն համատեղ ծրագրեր, և որոնք բնականաբար ներառում են տնտեսական ոլորտը։ Դրանք ներառում են տարածաշրջանային էներգետիկ, ենթակառուցվածքային ոլորտները։ Այս առումով, բնականաբար, Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։ Դա նաև ամրագրած է կառավարության ծրագրում, որով մենք առաջնորդվում ենք։ Տնտեսական ոլորտով ես պարզապես չեմ կարող հստակ ծրագրեր ներկայացնել։ Դա կլինի սխալ, եթե ես մտնեմ իմ գործընկերների դաշտ և սկսեմ մեկնաբանություն անել մի ոլորտից, որի մասնագետը չեմ հանդիսանում։
Հարց. Մեկ անգամ ևս, գիտակցելով սիրիական հակամարտության բնույթը, ծավալները, հետևանքները և նախանշվելիք հետրանքները, այնուամենայնիվ կցանականայի նախարարության տեսակետը հայտնի լիներ այն փորձագիտական շրջանակների առաջարկի շուրջ, որ Հայաստանը պետք է զորախումբ ուղարկի Սիրիա։ Ձեզնից ոչ թե ռազմական, այլ քաղաքական մեկնաբանություն եմ ակնկալում։
Պատասխան. Ես նշեցի,որ Սիրիայի հյուսիսում ստեղծված իրադրության վերաբերյալ դիտարկվում են տարբեր սցենարներ, տարբեր քայլ՝եր ինչպես աջակցել մեր հայրենակիցներին, ինչպես աջակցել ընդհանրապես բարեկամ Սիրիայի ժողովրդին, խաղաղ բնակչությանը, բայց պետք է հստակ նշեմ, որ դիտարկվող բոլոր սցենարներում Ձեր նշած տարբերակը չկա։ Միայն դա կարող եմ ասել։
Շնորհակալություն։