EnglishРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

25.04.2012

Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որը կազմակերպել էր հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն:

Արարողությունը սկսվեց Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, ծաղկեպսակների տեղադրմամբ և հոգևոր ծեսի կատարմամբ:

Սրահում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը ելույթով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Նա, մասնավորապես, նշեց. «Մոռացությամբ ու մերժողականությամբ հաջորդող սերունդների համար խոցի են վերածվում ցեղասպանության չամոքված վերքերը և յուրաքանչյուր պահի պոռթկալու վտանգ ներկայացնում: Թուրքական հասարակության մեջ այդ գործընթացն է այսօր ընթանում, մի գործընթաց, որն անգամ աներևակայելի էր տասնհինգ տարի առաջ: Հասարակության ազնիվ մտքերը հարցադրումային պահանջներ են ներկայացնում իրենց իշխանություններին` իրենց պատմության, թաքցված իրականության ու դրդապատճառների մասին: Եվ սա հնարավոր է եղել միայն մեր բոլորի միասնական ու անհողդողդ ջանքերի շնորհիվ` պատմելու աշխարհին մոտ հարյուր տարի առաջ մի ստեղծագործ ժողովրդի հանդեպ ծրագրված ու իրագործված գերագույն հանցագործության, իր բնօրրանից արմատախիլ անելու և բնաջնջելու մասին»:

Արարողությանն ելույթներով հանդես եկան նաև Մաթո Հախվերդյանը` որպես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, Նուբար Սիփանը և Ինգե Դրոստը` «Ապրիլ 24» կոմիտեի անունից:

«Ժողովրդավարական Թուրքիա» կազմակերպության անունից Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչում պահանջող հայտարարությունն ընթերցեց Հովհաննես Քարաքաշը:

Ոգեկոչման արարողությանը կատարվեցին Մեծ Եղեռնին նվիրված գեղարվեստական գործեր:

***

Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպվել էր Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի, Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու, Նիդերլանդների Հայ բարեգործական ընդհանուր միության և Ալմելոյի Հայ մարմնակրթական ընդհանուր միության համագործակցությամբ:

Հուշ-երեկոն սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագով, որին մասնակցում էին նաև Ամելոյի քաղաքապետ, տկն. Հերմանս-Ֆլուդբելդը և Ասորական եկեղեցու հոգևոր ներկայացուցիչները: Պատարագին հաջորդեց Եղեռնի հուշարձան-խաչքարի մոտ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Հուշ-երեկոյին Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիչին, Օվերէյսելի նահանգային խորհրդում SGP պատգամավորական խմբակցության նախագահ Դիրկ վան Դեյկը, «Արարատի ժայռաբեկորների վրա» գրքի հեղինակ, ժողովրդագետ Անտոնի Հոլսլախը, Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

Հուշ-երեկոյի ներկաներին իր խոսքով դիմեց նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձ. Աղաջանյանը:

Հուշ-երեկոյին կատարվեցին Մեծ եղեռնին նվիրված գեղարվեստական գործեր:

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

 

Ամբողջ ալբոմ »