EnglishРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Ուկրաինայում

25.04.2012

Հայոց ցեղասպանության 97 –րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքներում անցկացվեցին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, երթեր, հայկական եկեղեցիներում կատարվեցին հոգեհանգստի պատարագներ:
Ուկրաինայի «Պարտիա Պենսիոներով» կուսակցության նախաձեռնությամբ անցկացվեց կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. առանց մոռացման» խորագրով, որին մասնակցում էին Ուկրաինայի քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, ԶԼՄ–ների, գիտության, մշակույթի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Կիևի հնագույն Պոդոլ թաղամասում գտնվող 14–րդ դարի հայկական եկեղեցու վայրում, որտեղ ներկայումս ուղղափառ եկեղեցի է, կատարվեց զոհերի հիշատակի հոգեհանգստի արարողություն:

Այնուհետև արարողությունը շարունակվեց Կիևում կառուցվող նոր հայկական եկեղեցում:

Արարողությանն ելույթ ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենամռայլ և ողբերգական էջն է, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը, 1,5 միլիոն մեր հայրենակիցներին և հարյուրավոր տարիներով ստեղծած հոգևոր և նյութական հսկայական ժառանգությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտմանը հարցին` դեսպանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը միասնաբար աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ` նպատակ ունենալով վերականգնելու պատմական արդարությունը, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները, միաժամանակ նպաստելով աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը:

ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց ուկրաինացի ժողովրդին` ցեղասպանությունից փրկվածներին Ուկրաինայում օթևան տրամադրելու և ամենայն աջակցության համար:

Միաժամանակ նա կոչ արեց Ուկրաինայի հայերին համախմբվել Ուկրաինայի հայերի միության և Կիև քաղաքի համայնքների նորընտիր ղեկավարների շուրջ` միասնական ջանքերով լուծելու համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրները, ամրապնդելու կապերը հայրենիքի հետ, ակտիվ մասնակցություն բերելու Հայաստանի զարգացման և ամրապնդման հայրենանվեր գործին` հավաստիացնելով իր աջակցությունը բոլոր նախաձեռնություններին:

Արարողություններին ելույթներ ունեցան նաև Ուկրաինայի հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, Կիևի հայ համայնքի նախագահ Համլետ Գալուստյանը և համայնքի այլ ներկայացուցիչներ:

Ուկրաինայի առաջին ալիք պետական հեռուստաընկերությունը հեռարձակեց ծավալուն հարցազրույց ՀՀ դեսպանի հետ, որտեղ անդրադարձ է կատարվում հայ-ուկրաինական հարաբերություններին, հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, ինչպես նաեւ այլ հարցերին:

Հարցազրույցի մի ամբողջ հատված նվիրված էր հայոց ցեղասպանությանը: