Free consular services
ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունները հետևյալ դեպքերում մատուցվում են անվճար.
ՀՀ վերադարձի վկայականներ
ՀՀ վերադարձի վկայականն անվճար տրվում է`
- ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր նախկինում չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր:
- ՀՀ` 16 տարին չլրացած, ինչպես նաև 63 տարին լրացած քաղաքացիներին:
- Օտարերկրյա պետությունից վտարման ենթակա ՀՀ քաղաքացիներին:
- ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմած և սահմանված ժամկետում իր անձնագիրը չստացած ՀՀ քաղաքացիներին:
- Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ մեկնող ՀՀ քաղաքացիներին:
- Բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ընտանիքի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
- Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին:
- ՀՀ դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա ՀՀ մեկնող (տեղափոխվող) ՀՀ քաղաքացիներին:
- Օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված ՀՀ քաղաքացիներին:
- Հափշտակության կամ այլ հանցագործության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (բնածին կամ տեխնածին աղետ, քաղաքական հուզումներ, պատերազմ և այլն) ազդեցության արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրից զրկված ՀՀ քաղաքացիներին, եթե ներկայացվում է տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ կամ դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ:
- ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:
Հիմքը՝ ՀՀ կառավարության 23 հոկտեմբերի 2013 թվականի № 1151-Ն որոշում
Հյուպատոսական հաշվառում
Հուպատոսական հաշվառման կանգնելը և հյուպատոսական հաշվառումից դուրս գալը կամավոր և անվճար գործընթաց է։
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս
ՀՀ մուտքի վիզայի ձևակերպում
ՀՀ մուտքի վիզա ձևակերպելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
- մինչև 18 տարեկան անձինք.
- ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).
- ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.
- ՀՀ մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով ՀՀ ժամանող անձինք: ՀՀ օրենսդրությամբ (այդ թվում` ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
- ՀՀ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք.
- դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձինք, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.
- ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանիհրավերով ՀՀ այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.
- փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).
- ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը․
- ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.
- Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով որպես կողմ, վկա կամ փորձագետ ՀՀ և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննական մարմիններ հրավիրվող անձինք:
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր
Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում
Անվճար կատարվում է մահվան պետական գրանցումը, ներառյալ՝ վկայական տալը։
Պետական տուրքի վճարումից ազատվում են`
- քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար.
- ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.
- անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մաս և 25-րդ հոդված
Լիազորագրերի վավերացում
Պետական տուրքի վճարումից ազատվում են ֆիզիկական անձինք` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար։
Հիմքը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված
Տեղեկանքների ձևակերպում
Անվճար են տրամադրվում մատուցվող ծառայության կամ իրականացվող գործողության շրջանակում ձևակերպվող տեղեկանքները։
Օրինակ՝ տեղեկանք անձնագիրը փոխանակելու համար ՀՀ դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) դիմած լինելու մասին։
Հիմքը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի 24 փետրվարի 2011թ. № 2/117-Ա հրաման