ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի պատասխանները թուրքական «Միլլիեթ» թերթի հարցերին

21 January, 2007

ՀԱՐՑ. - Ինչպե՞ս է Հայաստանի ժողովուրդը վերաբերվում այս հարձակմանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Մենք գիտենք, որ Դինքին սպառնացել են իր հոդվածների պատճառով եւ մտահոգված էինք: Նրա մահը սասանել է Հայաստանի հայերի հանգստությունը: Ցավակցում եմ նրա ընտանիքին եւ գաղափարակիցներին:

ՀԱՐՑ. - Հարձակումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա թուրք-հայկական հարբերությւոնների վրա:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

ՀԱՐՑ. - Նրա մահը կնպաստի՞ երկու երկրների մերձեցմանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Ցանկանում ենք, որ այս տխուր միջադեպը նպաստի, որպեսզի թուրք հասարակությունը հասկանա, որ երկու երկրների միջեւ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն:

ՀԱՐՑ. - Հուղարկավորությանը Հայաստանից պաշտոնական պատվիրակություն մասնակցելու՞ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Որոշ տարբերակներ կան, սակայն որոշումը կայացվելու է մեր երկրի բարձրագույն ղեկավարության կողմից: Մեր հասարակության տարբեր խմբեր եւ քաղաքացիական հաստատություններ մտածում են հուղարկավորությանը մասնակցելու մասին: Հուղարկավորությանը մասնակցության հարցը մեր հասարակության մեջ ակտիվորեն քննարկվող հարցերից է:

ՀԱՐՑ. - Ձեզ անհանգստացնու՞մ է այն հանգամանքը, որ Դինքին կարող են փաթաթել թուրքական դրոշով:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Այդ հարցին ես չէ, որ պետք է մեկնաբանություն տամ: Ըստ հայկական ավանդույթի՝ հուղարկավորության արարողության կազմակերպման հարցում վերջնական որոշումը պետք է կայացնի սպանվածի ընտանիքը:

ՀԱՐՑ. - Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի արձագանքները:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Իսկապես, մեզ վրա մեծ ազդեցություն է գործել Դինքի սպանության օրը թուրք հասարակության արձագանքը եւ սպանության վայրում Դինքի նկատմամբ նրանց համակրանքի դրսեւորումը, որին հետեւել ենք հեռուստատեսությամբ:

ՀԱՐՑ. - Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի հայտարարությունն առ այն, որ հարձակումը «հատուկ» իմաստ է կրում հայկական օրինագծերի պատճառով:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Մենք տեղյակ ենք այդ հայտարարությանը: Սակայն սպանվածը Թուրքիայի քաղաքացի է: Մենք կցանկանայինք նախեւառաջ տեղեկանալ ձեր կառավարության դիրքորոշմանն այն հարցի վերաբերյալ, թե ինչպես հնարավոր եղավ հայ-թուրքական հարաբերությունների մասին անկեղծ խոսքերով հայտնի, խաղաղության, երկխոսության եւ հանդուրժողականության կողմնակից մի թուրք քաղաքացու սպանությունը քաղաքի կենտրոնում:

ՀԱՐՑ. - Հարձակումը կապվա՞ծ է ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունման հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ. - Ոչ մի կապ չեմ տեսնում հարձակման եւ այլ երկրների կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի քննարկման ցանկության միջեւ:

Print the page