ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի չորրորդ նստաշրջանին

13 March, 2007

Ստորեւ ներկայացվում է ս.թ. մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի չորրորդ նստաշրջանին:

Հարգելի պարոն խորհրդի նախագահ,
Հարգելի տիկին գերագույն հանձնակատար,

Այս նոր խորհրդի առաջին տարվա ընթացքում, մարդու իրավունքների հարցերով զբաղվող համայնքի հետ մեկտեղ, մենք փորձում էինք հղկել այն գործընթացը, որն այս մարմինն առավել կհզորացնի՝ հնարավորություն տալով նրան մեր ընդհանուր մեծ ակնկալիքները բավարարել: Այս խորհրդից ակնկալիքները ի սկզբանե բարձր էին: Նրանք այդպիսին էլ կմնային, եթե նույնիսկ աշխարհը պարուրված չլիներ ավերիչ ու պայթունավտանգ հակամարտություններով: Զարմանալի չէ, որ հակամարտությունների մեծ մասի հիմքում ընկած է մարդու հիմնական իրավունքների հանդեպ հարգանքի բացակայությունը:

Մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում այն անհատների ու խմբերի հանդեպ, այն միլիոնավոր մարդկանց առջեւ, որոնք այստեղ իրենց կառավարություններով են ներկայացված, ինչպես նաեւ նրանց հանդեպ, ում ձայնը դեռեւս լռեցված է: Նրանց մեր քննարկումները չեն հետաքրքրում, նրանք շատ տեղյակ չեն դրանց նրբություններից ու մանրամասներից, բայց մեր անկեղծության ու լրջության մասին կդատեն կամ արժանացնելով իրենց վստահությանն ու հավատին, եւ կամ իրենց ցինիզմին ու անվստահությանը:

Այս գիտակցությամբ է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի ուժեղ կողմերը հանգեցրեցին առավել հզոր մարմին ստեղծելու անհրաժեշտությանը: Այդ հանձնաժողովի սահմանափակումները ստիպեցին առավել արդյունավետ կառույց ստեղծել` առավել լայն ընդգրկումով: «Համընդհանուր պարբերական վերանայման» գործընթացը, եթե այն իր անվանը համապատասխանի, խոստանում է անկողմանակալ ու ընդգրկուն լինել, ինչի կարիքը մենք ունենք եւ ինչը պահանջում ենք, որպեսզի գործընթացը միջոցից նպատակի վերածվի, մարդու իրավունքների միջավայրն ուսումնասիրելու եղանակից վերածվի մի միջավայրի ստեղծման, ուր կան մարդու իրավունքներ:

Մեր նպատակը մի աշխարհ ունենալն է, ուր անհատների ու խմբերի իրավունքները պաշտպանված են, ուր յուրաքանչյուր համայնք ու շրջան, քաղաք ու երկիր, տարածաշրջան ու մայրցամաք ապահով հանգրվան են բոլոր նրանց համար, ովքեր ապրում կամ ճամփորդում են այնտեղ: Կրոնն, իսկապես, մարդկանց իրարից զատում է, ինչպես եւ` տնտեսական անհավասարությունները, լեզուն ու գաղափարախոսությունը: Բայց վրդովեցնող ու նաեւ ապշեցնող հակասությունը նրանում է, որ հավատքը նաեւ միավորում է մարդկանց, բարեկեցությունն ընդհանուր նպատակ է հանդիսանում, մարդիկ ունեցել են ընդհանուր լեզու եւ գաղափարախոսություն:

Պարոն նախագահ, սա պարզ ճշմարտություն է մեր տարածաշրջանում: Դժբախտաբար, մեր տարածաշրջանի մարդու իրավունքների իրավիճակը այս 15 տարիների ընթացքում նախանձելի չէ: Այն մեր ամբողջ տարածաշրջանում կարող է ուսումնասիրության առարկա լինել, թե ինչպես են մարդու իրավունքների ոտնահարումները հանգեցրել հակամարտության եւ թե ինչպես են հակամարտությունները սրել մարդու իրավունքների ոտնահարումները: Ջարդերից մինչեւ էթնիկ զտումներ, հոգեւոր արժեքների ավերումից մինչեւ էթնիկ խմբերի որպես չարագործներ ներկայացնելը – մենք անցել ենք այն վատթարագույնով, ինչ մարդ արարածը կարող է անել մարդուն: Զարմանալի չէ, որ տարածաշրջանը ողողված է եղել հակամարտություններով անկախության առաջին իսկ օրերից:
Մինչ մենք ուղիներ ենք փնտրում խաղաղություն կերտելու այս ցավից ու ավերումից հետո, մի բան է, այնուհանդերձ, պարզ դառնում, որ լուծումներ կարելի է գտնել միայն հիմնարար անհատական ու հավաքական մարդու իրավունքների անկեղծ ու համընդհանուր ընդունմամբ ու կիրառմամբ: Սա է իրոք խաղաղության բանաձեւը. մարդու իրավունքների խախտումները կանգնեցրեցին մեզ այս թնջուկի առջեւ, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը մեզ դուրս կբերի դրանից:

Իրոք, սա մարդու իրավունքների խախտումների տարբեր ծավալի, բնույթի ու աստիճանի մի խճճված ցանց է, որը մեր տարածաշրջանը այս իրավիճակին է հանգեցրել: Նախ, մեկ այլ ժողովրդի մշակութային արժեքների հանդեպ լիակատար անհարգալից վերաբերմունք: Երբ մի կառավարություն դիտավորյալ ծրագրում եւ իրականացնում է ավերումը այն դարավոր կոթողների, որոնք ունեն խոր մշակութային եւ հոգ—որ արժեք, այդ կառավարությունը անպատվել է մահացածների հոգիները եւ խախտել ապրողների վստահությունը: Անցած մի քանի տարիների ընթացքում 5000 հայկական հուշարձաններ են ոչնչացվել Ադրբեջանի կառավարության կողմից Նախիջեւանում՝ պարզապես մի ողջ ազգի հետքն այդ տարածքից ջնջելու նպատակով:

Երկրորդը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խախտումն է: ԽՍՀՄ-ի վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման ընտրությունը կատարեց: Ադրբեջանը նրանց խաղաղ կոչերին արձագանքեց ռազմական ճնշումներով: Այդպես վարվելով, նրանք կորցրեցին իրենք իրենց քաղաքացիներ համարող ժողովրդին կառավարելու քաղաքական ու բարոյական իրավունքը:

Երրորդը, թուրքական կառավարության կրկնակի ժխտման բացասական հետեւանքներն են իրենց իսկ ժողովրդի իրավունքի ժխտումը՝ ազատորեն քննարկելու հայերի հետ իրենց անցյալի պատմությունը ու բանավիճելու դրա շուրջ, եւ փակ սահմանի պատճառով թե' հայերին, եւ թե' թուրքերին մերժելը ընդհանուր ապագա կառուցել: Հրանտ Դինքը, թուրքահայ լրագրողը, որ մարդասպանի գնդակի զոհը դարձավ, հայության ու թրքության մարմնացումն էր: Հրատ Դինքն երկու առաքելություն ուներ իր կյանքում. կոտրել իր իսկ թուրքական հասարակությունում առկա բոլոր տաբուները, եւ երկխոսություն սերմանել թուրքերի ու հայերի միջեւ՝ փոխըմբռնման ու հաշտեցման հասնելու համար: Իրոք, սա այն է, ինչ մենք ուզում ենք այսօր: Պետք է Թուրքիայում բաց հասարակություն լինի, որպեսզի թուրք ժողովուրդը կարողանա, առանց հետապնդման վտանգն աչքի առաջ ունենալու, ազատորեն քննարկել անցյալը: Եվ պետք է բաց սահմաններ լինեն, որպեսզի ժողովուրդները փոխհարաբերվեն ու ներգրավված լինեն: Միայն այս ճանապարհով մենք կարող ենք մեր տարբերությունները հաղթահարել ու հաշտեցման հասնել:

Այժմ, պարոն նախագահ, մի խոսք մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով ստանձնած մեր պարտավորությունների մասին: Այս առումով, անկախության մեր 16-րդ տարում, մեր ժողովուրդը կգնա ընտրելու մի խորհրդարան, որին ժողովուրդը տվեց ավելի լայն իրավասություններ սոցիալական ու տնտեսական առաջխաղացման հարցերում: Մեր հաջորդ կառավարության առջեւ կանգնած խնդիրը պարզ է. շարունակել առաջանալ եւ առավել ակտիվորեն հետամուտ լինել մարդու իրավունքների պաշտպանությանը, նվազեցնել աղքատությունը եւ կառուցել արդյունավետ կառավարման հաստատություններ, հնարավորություն տալ մեր հասարակությանը ժողովրդավարությունը որդեգրել անհատապես եւ հավաքականորեն:

Բայց զանգվածային տնտեսական վերափոխումներին բնորոշ դժվարությունները, որոնցով մենք անցանք, հասարակ քաղաքացիների մոտ անզորության զգացողություն են առաջացրել: Դրա հետեւանքով, նրանք հեգնանքով են վերաբերվում իրենց ձայնի արժեքին: Սա նշանակում է, որ մենք ավելի ջանասիրաբար պիտի աշխատենք ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացներն ամրապնդելու համար՝ ներառյալ ընտրությունները, որովհետեւ դրանք ինքնանպատակ չեն: Նրանք միջոց են նաեւ ստեղծելու անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական միջավայր, որը կհանգեցնի բաշխված աճի ու արժանապատիվ զարգացման:

Ի վերջո, պարոն նախագահ, այս խորհուրդը եւ մեզանից յուրաքանչյուրը, նրա անդամները պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների առաջխաղացման հարցում, ինչը մեզ համար շատ թանկ է աշխարհում, մեր տարածաշրջաններում եւ մեր սեփական հասարակություններում: Նոր բան չկա այս բանաձեւում: Մեր խնդիրը այդ հանձնառությունը ստանձնելն է եւ այն իրականացնելը:

Շնորհակալություն:

Print the page