ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բաթումում

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 21-ին Բաթումում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Աջարիայի համայնքային կառույցների և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով:

Միջոցառմանը ներկա էին Բաթումի փոխքաղաքապետեր Բագրատ Մանվելիձեն ու Ալեկո Միթաիշվիլին, Աջարիայի Կառավարության աշխատակազմի պատասխանատուներ, Բաթումի ազգային համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, աջարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ինչպես նաև աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը խոսեցին ՀՀ անկախության հաստատման պատմության, հայ ժողովրդի կյանքում վերջինիս դերի ու նշնակության մասին` վերահաստատելով Մայր Հայրենիքը շենացնելու ու հզորացնելու հրամայականը:

Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Բաթումի փոխքաղաքապետ Բագրատ Մանվելիձեն, բանաստեղծ Լևան Գլոնտին, հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ Գրիգոր Վարդանյանն ու Սահակ Տալիթյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան բաթումահայ երգչուհի Էլիզա Շատվորյանը և Աջարիայի «Բաթումի» երգչախումբը, որի մենակատար Չաբուկա Սուրմանիձեն հայերենով կատարեց հանրահայտ «Էրեբունի-Երևանը»:

Տպել էջը