ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՉ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ 2024Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ

ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2023թ. № 1604-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։

--------------------------------------------------------------------------------------------

Մինչև 2024թ. հունվարի 1-ը ՀՀ քաղաքացու սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերական համարվելու համար պետք է պարունակի վավերականության մասին նշում։

2024թ․ հունվարի 1-ից հետո սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից

Կարևոր ծանուցում !!!

Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջը հանվել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) Timatic* համակարգից։

* - Timatic-ը (Travel Information Manual Automatic) տեղեկատվական հարթակ է, որը պարունակում է օդային ճանապարհով ճանապարհորդող միջազգային ուղևորների համար սահմանված փաստաթղթային պահանջները (օրինակ՝ անձնագրի և վիզայի պահանջներ): Timatic-ն օգտագործվում է ավիաընկերությունների և նրանց ներկայացուցիչների (ռեգիստրացիայի աշխատակիցներ, մենեջերներ և այլն), օդանավակայանի անձնակազմի և այլ իրավասու անձանց կողմից, որպեսզի որոշեն, թե արդյոք հնարավոր է նախանշված երկիր տեղափոխել տվյալ ուղևորին, ինչպես նաև օգտագործվում է ավիաընկերությունների և տուրիստական գործակալների կողմից՝ ամրագրումների ժամանակ անհրաժեշտ տեղեկատվությունը ճանապարհորդներին տրամադրելու համար։

 

Հրապարակված է 01.11.2023թ.

Տպել էջը