Առաքելություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը:
Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը և գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա:
ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին 2018թ. մարտի 23-ի օրենքով արտաքին գործերի նախարարությանը վերապահված են գործունեության հետևյալ ոլորտները.
- միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի և իրավունքների ներկայացում
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն
- Հայաստանի Հանրապետության միջազգային իրավապայմանագրային հարաբերությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների իրականացում
- համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկների ներկայացում
- համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացում
- Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովում
- պետական մարմիններին իրենց գործունեության համար արտաքին քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում
Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:
Տարածաշրջանում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսանում է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանն իր նպաստն է բերում կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կայացման գործում:
ՀՀ ԱԳՆ
Պաշտոնական անվանում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Պաշտոնական կայք.