Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ԻԻՀ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի ռեժիմում փոփոխությունների վերաբերյալ
09 մարտի, 2020Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7֊ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:
Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: