Ուկրաինայում Հայաստանի դեսպանության հայտարարությունը Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ
14 մարտի, 2020Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ համաձայն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթի․
2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։
Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։
Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.
- Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ,
- Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք։