Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված Կատարի Պետությունում կայացված որոշման մասին
16 մարտի, 2020Կատարի Պետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակներում մարտի 15-ին Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի գլխավորությամբ կայացած կորոնավիրուսի դեմ պայքարում հատուկ ճգնաժամերի կառավարման բարձրագույն հանձնաժողովի նիստին ընդունվել է որոշում, համաձայն որի.
Մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։ Տեղեկացնում ենք, որ Դոհա-Երևան և Երևան-Դոհա չվերթները նախորդ շաբաթ իրականացվել են ոչ ամենօրյա պարբերականությամբ, այլ միայն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Մարտի 17-ից սկսած չեղարկվել են Դոհա-Երևան և Երևան-Դոհա ուղղությամբ իրականացվող բոլոր ուղիղ չվերթները։ Դոհայով տարանցիկ չվերթները պահպանվել են, սակայն նվազ հաճախականությամբ:
Մարտի 15-ի երեկոյան ժամը 22։00-ից սկսած՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի, ինչպես նաև Դոհայի մետրոյի և Karwa ուղևորափոխադրող ավտոբուսների աշխատանքը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունում հյուպատոսական ընդունելությունները տեղի են ունենում նախապես ձեռք բերված պայմանավորածությունների հիման վրա, իսկ դեսպանություն մուտք գործած քաղաքացիները գրանցվում են հատուկ գրանցամատյանում։
Հիշեցնում ենք, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +974 5000 6751 հեռախոսահամարով։