Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը «1in.am» լրատվական կայքին
30 մարտի, 2020Մարտի 30-ին Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հարցազրույց է տվել «1in.am» լրատվական կայքին, որի ընթացքում ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով Չինաստանում ստեղծված իրավիճակը, Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի և վերջիններիս տեղաբաշխմամբ պայմանավորված որոշ բարդությունների հետ կապված մանրամասներ, խոսել է վարակի տարածման կանխարգելման հարցում հայ-չինական համագործակցության հեռանկարների մասին։
Ստորև հատված հարցազրույցից․
«Հարց․ Կխնդրեմ անդրադառնալ հայ համայնքին։ Մեր հայրենակիցներն ինչպե՞ս են իրենց զգում այնտեղ։
Սերգեյ Մանասարյան. Իրավիճակը հետևյալն է. Չինաստանի պարագայում, մինչև այս պանդեմիան, որևէ ՀՀ քաղաքացի դեսպանությունում հաշվառման կանգնած չէր։ Երբ որ այս ամենը սկսվեց, իսկ սկսվեց պաշտոնապես հունվարի 23-ին, դրանից մի քանի օր առաջ մենք գիտեինք, որ ինչ-որ բան այն չէր, բայց պաշտոնապես հայտարարված չէր։ Մենք անմիջապես հաջորդ օրը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելով, այսինքն՝ սոցիալական ցանցեր, դեսպանության կայք և այլն, հորդորեցինք մեր քաղաքացիներին իրենց վերաբերյալ տեղեկություն տալ դեսպանությանը և, փառք Աստծո, դա ազդեց։ Մոտավորապես 2-3 օրվա ընթացքում մենք ստացանք շուրջ 460 պատասխան և ներկայումս մենք ունենք մեզ մոտ ֆիքսված 490 քաղաքացի, որոնցից առ այսօր, մեր տեղեկությունների համաձայն, 137-ը տեղափոխվել են Երևան։ Բայց ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր իրենց մասին տեղեկություն տվել են և չեմ բացառում, որ կան մարդիկ, ովքեր առ այսօր տեղեկություն չեն տվել։ Բացի այդ, մոտավորապես առաջին 10 օրվա ընթացքում, մեր տեղեկությունների համաձայն, որ մենք ստանում ենք Երևանից, մոտավորապես 50 ՀՀ քաղաքացի վերադարձավ Հայաստան։ Հաշվի առնելով հնարավոր շեղումները՝ կարելի է ասել, որ այս պահին Չինաստանում կա մինչև 1200 ՀՀ քաղաքացի։ Գնահատելով, որ այս պահին մեզ մոտ գրանցված են 490-ը և կան չգրանցվածներ, երևի թե մոտ 600-650 հոգի։ Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում տարածված են Չինաստանի տարածքով՝ տարբեր նահանգներում, փոքր քաղաքաներում, գյուղատիպի բնակավայրերում։ Ներկայումս, մենք իրենց հետ մշտական կապի մեջ ենք համացանցի միջոցով, բոլորի հասցեները գիտենք, իրենք են մեզ դիմում։ Դիմումները, որոնք այժմ ուղղվում են դեսպանությանը, կապված են հյուպատոսական հարցերի կարգավորման հետ՝ վիզայի երկարացում, փաստաթղթերի վավերացում և այլն։
Հարց․ Պարոն դեսպան կխնդրեմ նաև համագործակցության մասին խոսեք։ Որքա՞ն հաճախականությամբ եք Չինաստանի կառավարության հետ կապի մեջ և համագործակցության ի՞նչ հնարավոր ձևաչափեր կարող են լինել առաջիկայում՝ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման իմաստով։ Հայաստանում Չինաստանի դեսպանն էր հանդիպել ՀՀ նախագահի հետ և նշել, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին տրամադրել օգնություն թոքերի օդափոխման սարքավորումների տեսքով։ Նաև կնխդրեմ անդրադառնալ նրան, թե նման իրավիճակում Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել Չինաստանին։
Սերգեյ Մանասարյան. Եթե խոսքը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին, ապա անկեղծ ասած, դժվար թե կարելի է պատկերացնել, որ մենք կարող ենք Չինաստանին որևէ բան տալ։ Ընդհակառակը՝ մենք պետք է հնարավորինս օգտագործենք չինական փորձը։ Օգնության առումով, մենք արդեն դիմել ենք Չինաստանին, և ինչպես Դուք արդեն նշեցիք, Չինաստանը պատրաստ է տրամադրել որոշակի քանակությամբ թոքերի՝ շնչառությանն օգնող սարքեր, ինչպես նաև այլ պաշտպանիչ միջոցներ։ Օգնություն տրամադրվում է նաև մասնավոր ընկերությունների և նահանգների միջոցով։ Այս ամեն ինչը հավաքվում և համակարգվում է՝ մինչև տեղափոխման հարցի լուծումը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկա մի քանի օրերի ընթացքում պարզ կլինեն և ծավալները և ժամկետները»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։