ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը
02 ապրիլի, 2020Ապրիլի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը։ Դեսպան Ներսեսյանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության գործունեության, ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների, մասնավորապես, ուսանողների առջև ծառացած խնդիրների մասին, ներկայացրել է ԱՄՆ-ի հայ համայնքում առկա իրավիճակը։ ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև COVID19-ի հետագա տարածման դեմ պայքարում ԱՄՆ հետ համագործակցությանը:
Խոսելով ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված դեսպանության ջանքերի մասին՝ դեսպան Ներսեսյանը նշել է․ «Համաճարակի բռնկումից ի վեր, մենք համակողմանիորեն աջակցել ենք մեր քաղաքացիներին։ Նախ կոչ ենք արել, և՛ արտաքին գործերի նախարարությունը, և՛ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, կամավոր կերպով գրանցվել և հաշվառվել մեր հյուպատոսական համապատասխան ծառայություններում, որպեսզի մենք կարողանանք անմիջապես կապ հաստատել մեր քաղաքացիների հետ՝ նրանց ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն։ Ցավոք, ոչ բոլորն են գրանցվել այս ընթացքում։ Սակայն նրանց, ովքեր գրանցվել և մեզ հետ կապ էին հաստատել, անմիջապես օգնել ենք մեր գործառույթների շրջանակներում և մեր հնարավորությունների սահմաններում։ Մասնավորապես, այս ընթացքում մեր կողմից կազմակերպվել է Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում սովորող 15 հայ ուսանողների վերադարձը, ինչպես նաև Այովա նահանգից մի խումբ հայ ուսանողների վերադարձը Հայաստան։ Նույնը նաև բազմաթիվ այլ քաղաքացիների պարագայում. ովքեր զանգահարել և կապ են հաստատել մեզ հետ, կարողացել ենք անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական աջակցություն տրամադրել»։
Դեսպան Ներսեսյանն անդրադարձել է նաև դեռևս ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների խնդրին․ «Մենք կարողացել ենք մեր ուսանողներին՝ թե՛ մեր ուժերով, թե՛ տեղի համայնքի աջակցությամբ ցուցաբերել համակողմանի աջակցություն: Այս պահի դրությամբ մեզ հետ կապի մեջ են տարբեր նահանգներում գտնվող 24 ուսանողներ: Գիտեք, որ բոլոր չվերթները, որով հնարավոր էր մեկ կամ երկու կանգառով վերադառնալ Հայաստան, արդեն դադարեցվել են:
Բոլորի հետ, ում տվյալները հաշվառվել են դեսպանությունում, 24-ժամյա ռեժիմով կապի մեջ է հյուպատոսը, գրանցում է նրանց բոլոր խնդիրները։ Այս պահին ուսանողների մեծամասնությունը գտնվում է կամպուսում, և դեռևս օգտվում է իրենց կրթաթոշակներից։ Նրանց բոլոր խնդիրները փորձում ենք օպերատիվ կերպով հասցեագրել և ցուցաբերել աջակցություն։
Նաև Պետքարտուղարության կողմից կազմակերպված «Flex» ծրագրով տարբեր նահանգներում են գտնվում 37 աշակերտներ։ Ծրագրի կազմակերպիչների և ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է, որ առավել անվտանգ է նրանց կեցությունն առայժմ շարունակել ԱՄՆ-ում՝ այն ընտանիքներում, որտեղ գտնվում են, քան նրանց վերադարձնել Հայաստան։ Հետևաբար, բոլորի հետ մշտական կապի մեջ ենք և ցանկացած հարց առաջանալու դեպքում փորձում ենք հնարավորության շրջանակում տեղում անմիջապես հասցեագրել այն»։
Անդրադառնալով հայ-ամերիկյան փոխգործակցությանը՝ Վարուժան Ներսեսյանը, մասնավորապես, նշել է. «Այս իրավիճակի հենց սկզբից մշտապես կապի մեջ ենք եղել ԱՄՆ պատկան մարմինների հետ, պարբերաբար իրականացվել են խորհրդակցություններ, փոխանակվել է տեղեկատվություն և ամերիկյան կողմը մի քանի օր առաջ արդեն հայտարարեց ՀՀ-ին տրամադրվող 1 միլիոն 100 հազար դոլարի չափով օգնության մասին, ինչի համար մենք, բնականաբար, շատ շնորհակալ ենք ամերիկյան իշխանություններին»։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև ԱՄՆ հայ համայնքում առկա իրավիճակը․ «Մեր ուշադրության կենտրոնում են ՀՀ քաղաքացիները և ամերիկահայ համայնքը։ Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱՄՆ Արևելյան ափի Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդների հետ, հայկական բոլոր առաջատար կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարների հետ և տեղեկատվության պարբերական փոխանակում ենք իրականացնում։ Ցավոք, հայաշատ համայնքները գտնվում են թե՛ Արևելյան, թե՛ Արևմտյան ափում հենց այն նահանգներում, որոնք ամենահուժկու հարվածն են ստացել կորոնավիրուսից. խոսքը Կալիֆորնիայի և Նյու Յորքի նահանգների մասին է։ Այս պահի դրությամբ, Կալիֆորնիայում միայն մեկ մահվան դեպքի մասին է հայտնի: Մենք մեր համայնքի տարբեր կազմակերպություններից պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում և փորձում հասկանալ՝ ինչ իրավիճակ է տիրում հայկական համայնքներում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։