ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին
05 ապրիլի, 2020Հարց․ Պարո՛ն դեսպան, ապրիլի 6-ին նախատեսվում է Մոսկվա-Երևան չվերթ, որը տեղափոխելու է գրեթե 220 ՀՀ քաղաքացու, սակայն «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին էլ կան ուղևորներ, որոնք ցանկանում են վերադառնալ, սակայն չեն կարող, քանի որ տոմսերը սպառվել են: Նոր չվերթ լինելո՞ւ է առաջիկայում:
Վարդան Տողանյան․ Մենք դիմել և Ռուսաստանից ստացել ենք թույլտվություն, որ երկուշաբթի «Red Wings» ավիաընկերությունն իրականացնի չվերթ դեպի Երևան: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 220 ուղևոր, սակայն Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը, ըստ մեզ մոտ հայտարարագրված տվյալների, 2000-ից ավելի է, էլ չեմ ասում զանգերի քանակի մասին, որը մենք ստանում ենք այս օրերին: Ես, օգտվելով առիթից, իմ և դեսպանության անունից ներողություն եմ խնդրում մեր բոլոր այն քաղաքացիներից, որոնք չեն կարողացել կապ հաստատել մեզ հետ և լսելի դարձնել իրենց խնդիրը: Պատճառներն օբյեկտիվ են. մեր թեժ գծերը րոպեում հարյուրից ավելի զանգ են ստանում, և խնդրում եմ, որ մեր հայրենակիցներն ըմբռնումով մոտենան իրավիճակին: Հավելյալ չվերթ նախատեսում ենք, և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա շաբաթվա մեջ այդ չվերթը կրկին իրականացվի դեպի Երևան:
Հարց․ Նախատեսված չվերթի տոմսերը շատ արագ սպառվել են: Ի՞նչ սկզբունքով են դրանք վաճառվել՝ ով հասցրել, գնե՞լ է, թե՞ առաջնահերթություն ունեցող քաղաքացիներին է տրվել նախապատվությունը:
Վարդան Տողանյան․ Մենք դեռ տեղյակ չէինք, որ չվերթ է լինելու, սակայն արդեն հավաքում էինք տվյալներ, և հնարավորության ի հայտ գալու դեպքում, բնականաբար, այդ ցուցակում առաջնահերթություն պետք է ունենային ծերերը, հիվանդները, երեխաների հետ գտնվող ընտանիքները և այլք: Երբ հայտարարվեց թռիչքի հնարավորության մասին, թե՛ այստեղ, թե՛ Երևանում օնլայն վաճառվող տոմսերը շատ արագ սպառվեցին, և սկսվեց անկառավարելի գործընթաց. միանգամից տոմսարկղերի մոտ հայտնվեցին շատ մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում էին վերադառնալ, այդ թվում՝ «Դոմոդեդովո»-ում հավաքված ուղևորները, որոնք տարանցիկ չվերթների քաղաքացիներ են, ասենք՝ Խաբարովսկ-Մոսկվա-Երևան չվերթով պետք է վերադառնային ու խցանվել են Մոսկվայում, սակայն մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց որոշ թվով մարդկանց, որոնք առաջնահերթություն ունեն տեղավորել այդ թռիչքում, ինչպես նաև մենք որոշակի թվով տոմսեր ձեռք բերեցինք այն քաղաքացիների համար, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ և ի վիճակի չեն ինքնուրույն գնել տոմս կամ զրկված են կեցության վայրից:
Հարց․ Որտե՞ղ են գտնվում այս պահին «Դոմոդեդովո»-ում հավաքված այդ տարանցիկ չվերթների ուղևորները, որոնք, փաստորեն, կեցության վայր չունեն Մոսկվայում:
Վարդան Տողանյան․ Կոնկրետ «Դոմոդեդովո»-ում հավաքված ուղևորները տեղավորված են օդանավակայանին մերձ երեք հյուրանոցում: Նրանք տեղավորվել են ինչպես դեսպանության, այնպես էլ տեղի անհատ մեր հայրենակիցների և հասարակական կազմակերպությունների օգնությամբ և կշարունակեն գտնվել այնտեղ՝ մինչև հնարավորություն կլինի նրանց տեղափոխել Հայաստան: Պետք է հասկանալ նաև, որ մեր հնարավորությունները սահմանափակ են այն առումով, որ հիմա չեն գործում հյուրանոցները: Մենք խնդրեցինք այդ հյուրանոցներին ընդառաջել և տեղ տալ մեր հայրենակիցներին: Նրանք ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեր մոսկվայաբնակ այն հայրենակիցներին, որոնք անտարբեր չգտնվեցին և համագործակցեցին դեսպանության հետ այս հարցում:
Հարց․ Իրականացվող չվերթի տոմսերի գնի հետ կապված կա դժգոհություն: Հնարավոր չէ՞ր արդյոք ավելի ցածր գին սահմանել:
Վարդան Տողանյան․ Գինը սահմանել է ավիաընկերությունը: Մենք փորձել ենք բանակցությունների արդյունքում հասնել հնարավոր ամենամատչելի գնին: Խնդիրն այն է, որ քաղաքացիները սահմանված գինը համեմատում են մինչ այս իրավիճակը եղած գների հետ, սակայն դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ ինքնաթիռը մեկնում է մեկ ուղղությամբ և վերադառնալու է առանց ուղևորի, բացի այդ, ստեղծված պայմաններում, երբ չկա օրինաչափ ավիահաղորդակցություն, ավիաընկերությունն ավելի մեծ ծախսեր է կատարելու տվյալ չվերթն իրականացնելու համար: Հաջորդ թռիչքի տոմսերն ավելի էժան կլինեն, քանի որ մենք ձև ենք գտել փոխհատուցելու ավիաընկերության որոշ ծախսեր:
Հարց․ Հիմնականում ովքե՞ր են դիմում Հայաստան վերադառնալու համար՝ Ռուսաստանում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցնե՞րը, թե՞ արտագնա աշխատանքի եկածները:
Վարդան Տողանյան․ Այդ պատկերը բազմազան է: Նախ ասեմ, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի ժամանող մեր հայրենակիցների գրաֆիկը փոփոխվել է. նախկինում հիմնականում գալիս էին գարնանը և վերադառնում աշնան վերջ, սակայն այժմ կան խմբեր, որոնք աշխատանքի բնույթից կախված, ձմեռում են և գարնանը կամ ամռանն են վերադառնում Հայաստան: Դրանք հիմնականում տրանսպորտային և սպասարկման ոլորտում աշխատող մեր հայրենակիցներն են: Վերադառնալ պատրաստվողների մեջ կան նաև շատ մարդիկ, որոնք առողջական խնդիրներով կամ բուժման նպատակով են գտնվում Ռուսաստանում և պետք է վերադառնան, կան նաև ուսման նպատակով ժամանակավորապես ժամանածներ: Մյուս վերադառնալ ցանկացողների մի մեծ խմբի մեջ այն քաղաքացիներն են, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով կորցրել են աշխատանքը կամ մտավախություն ունեն, թե կկորցնեն: Ի դեպ, կցանկանայի նշել, որ վերջին խմբի համար կան հնարավորություններ մնալու, քանի որ այս պահին Հայաստանից չեն ժամանում նրանք, ովքեր, օրինակ, այստեղի շինարարական ընկերություններում աշխատելու պայմանագիր ունեին, և այդ աշխատատեղերը թափուր են: Մենք այդ մասին տեղեկացնում ենք նրանց և փորձում կապել Ռուսաստանի տարբեր քաղքներում առկա գործատուների հետ, որոնք պատրաստ են ցանկացողների համար տոմս գնել և ընդունել նրանց աշխատանքի: Վորոնեժ քաղաքում մի այդպիսի խումբ արդեն տեղավորվել է և կշարունակի աշխատել:
Հարց․ Ռուսաստանն ամսի 30-ին հայտարարեց չվերթները դադարեցնելու մասին: Մինչ այդ մոտավորապես քանի՞ ՀՀ քաղաքացի հասցրեց հայրենիք վերադառնալ, և եթե, օրինակ, ուղևորի ավիատոմսը դեպի Հայաստան ամրագրված էր մարտի 30-ից հետո, հաջողվե՞ց արդյոք փոխել կամ վերադարձնել այդ մարդկանց տոմսերը:
Վարդան Տողանյան․ Ինչպես աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում համաճարակի հետ կապված իրավիճակի զարգացումն իրականում փուլ առ փուլ ընթացավ: Եթե հիշում եք, մարտի 23-ից սկսած՝ սկզբում կայուն չվերթները դադարեցվեցին, հետո՝ տարանցիկ, իսկ հետո էլ ավիահաղորդակցությունն ամբողջապես արգելվեց: Այդ ընթացքում ավիաընկերությունները նախապես չունեին հստակ տեղեկատվություն թռիչքների իսպառ դադարեցման մասին, ուղղակի աստիճանաբար կրճատվում էր թռիչքների քանակը, և նրանք շարունակում էին վաճառել տոմսեր: Մինչ ամսի 30-ը ուղևորների մեծ մասը հասցրեց վերադառնալ: Այն ուղևորներներին, որոնք տոմսեր էին ձեռք բերել ապրիլ և հետագա ամիսների համար, ավիաընկերությունը, ըստ ՌԴ կառավարության որոշման, պարտավոր է հետ վերադարձնել գումարը կամ փոխել տոմսը: Կան ավիաընկերություններ, որոնք այդպես էլ արեցին՝ փոխեցին և երկարացրին տոմսի ժամկետը կամ հետ վերադարձրին գումարը, կան նաև ընկերություններ, որոնք խոստացել են մեկ ամսվա ընթացքում հետ վերադարձնել չեղարկված տոմսերի գումարները: Եթե կան քաղաքացիներ, որոնք չեն կարողանում իրականացնել տոմսերի հետ վերադարձի կամ փոփոխման գործընթացը, պետք է դիմեն համապատասխան մարմիններին, և դեսպանությունը պատրաստ է նրանց այդ հարցում իրավաբանական բնույթի խորհրդատվական աջակցություն մատուցել:
Հարց․ Պարո՛ն դեսպան, այն ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան էին ժամանել ավտոմեքենայով և չհասցրին վերադառնալ Հայաստան, այժմ ի՞նչ իրավիճակում են գտնվում, որտե՞ղ են կայանել իրենց մեքենաները:
Վարդան Տողանյան․ Բեռնափոխադրումները, ինչպես գիտեք, կանոնավոր շարունակվում են, և Լարսը գործում է: Խնդիրը մասնավոր մեքենաներն են և մարդատար տրանսպորտային միջոցները, որոնք Ռուսաստան էին եկել ժամանակավոր: Այն քաղաքացիներին, որոնք կհամաձայնվեն թողնել մեքենան և հետ վերադառնալ օդանավով, մենք առաջարկել ենք տարբերակներ՝ մեքենաները կայանելու հետ կապված: Դրանք մեր հայրենակիցներին պատկանող արդյունաբերական կամ առևտրային կենտրոններ են, որտեղ առկա են մեքենաների անվտանգության և պահպանման պայմաններ, բայց այս պահին որևե մեկը չի դիմել նման խնդրանքով, և տեղեկություններ ենք ստանում, որ մեր հայրենակիցները համառորեն սպասում են իրավիճակի լուծմանը, որպեսզի վերադառնան ցամաքային ճանապարհով:
Հարց․ Բեռնափոխադրումները շարունակում են, սակայն անզեն աչքով իսկ նկատելի է, որ այսօր Մոսկվայի խանութներում հայկական ապրանքները քչացել են: Լարսի անցակետի մշտական խնդիրներից զատ, արդյոք կարելի՞ է ենթադրել, որ դրա պատճառը ներկայիս իրավիճակն է:
Վարդան Տողանյան․ Հայկական ապրանքների դեֆիցիտ, որպես այդպիսին, ռուսական շուկայում չկա: Ձեր նշած խնդիրը, բնականաբար, վերջին շրջանում Լարսի իրավիճակի հետ կարող է կապ ունենալ: Պետք է հաշվի առնել նաև, որ խոշոր առևտրային կենտրոնները, որոնք զբաղվում են ապրանքների տարածմամբ, այսօր փակ են Ռուսաստանում: Բացի այդ, հայկական ապրանքների լոգիստիկայով զբաղվում են գործարարներ և ընկերություններ, որոնք այս պահին տնային ռեժիմում են գտնվում: Նշված խնդիրը կապ ունի նաև արժույթի հետ, քանի որ ապրանքներն արտադրվել և գնահատվել են, երբ արտարժույթն այլ նիշ ուներ: Հիմա իրականությունն այլ է, և ներկրողներն ստիպված են շուկայի վիճակի և գնային քաղաքականության վերահաշվարկ կատարել: Կա նաև այլ խնդիր. մի շարք ապրանքատեսակներ, մասնավորապես, արագ սպառման սնունդը, տեղափոխվում էր օդային ճանապարհով, հիմա այդ հնարավորությունը չկա: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում հայ գործարարներին, որոնք ունեն ինքնաթիռով տեղափոխվող ապրանքներ, օգտվել առաջիկա չվերթի հնարավորությունից և ուղարկել դրանք, քանի որ այդ առումով խնդիր չկա:
Հարց․ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները ցանկության դեպքում կարո՞ղ են դեսպանության հաշվեհամարի միջոցով փոխանցումներ կատարել Հայաստան՝ համաճարակի դեմ պայքարին նպաստելու համար:
Վարդան Տողանյան․ Այո՛, ՀՀ կառավարությունը բացել է հաշվեհամար այդ նպատակի համար, և դեսպանությունում ևս գործում է այն, որպեսզի ցանկացողները ռուսական ռուբլու համարժեքով կարողանան իրականացնել փոխանցումները: Նշեմ նաև, որ օգնության առաջարկները միայն գումարային բնույթի չեն. առաջիկա չվերթով, օրինակ, մենք Հայաստան ենք ուղարկելու բժշկական պարագաներ, դիմակներ, խալաթներ, որոնք մեզ են տրամադրել այստեղի մեր հայրենակիցները:
Հարց․ Պարո՛ն Տողանյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ կերպ են իրականացվում Ռուսաստանի և Հայաստանի միջև միջգերատեսչական շփումները: Ժամանակավոր դադա՞ր է, թե՞ վիրտուալ հարթակ են տեղափոխվել:
Վարդան Տողանյան․ Միջգերատեսչական շփումների մեծ մասը, բնականաբար, այս պահին իրականացվում է օնլայն ռեժիմով, և հայ-ռուսական փոխհարաբերություններում դադար չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հեռախոսակապ է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, ԵԱՏՄ-ում աշխատանքները շարունակվում են վիրտուալ հեռահաղորդակցության միջոցով, Առողջապահության նախարարությունն ակտիվ աշխատանքային ընթացքի մեջ է այդ առումով, Տարածքային կառավարման նախարարությունը, օրինակ, չվերթների և մի շարք այլ հարցերի հետ կապված ամենժամյա կապի մեջ է մեր ռուս գործընկերների հետ, և ես, ի դեպ, շնորհակալություն եմ հայտնում նախարարությաններին՝ այդ գործուն մասնակցության և մեզ աջակցելու համար: