Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հարցազրույցը «Սիվիլնեթ» լրատվական գործակալությանը
08 ապրիլի, 2020Ապրիլի 7-ին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հարցազրույց է տվել «Սիվիլնեթ» լրատվական գործակալությունը։ Դեսպան Կարմիրշալյանն անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Իսպանիայում տիրող իրավիճակի, Իսպանիայում գտնվող ՀՀ քաղաքացիների, հատկապես այնտեղ սովորող հայ ուսանողների առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ դեսպանության գործադրած ջանքերին, ինչպես նաև ներկայացրել է համավարակի դեմ պայքարի Իսպանիայի փորձը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։
Խոսելով համաճարակի տարածման հետևանքով ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ դեսպանության գործունեության մասին՝ դեսպան Կարմիրշալյանը նշել է․ «Համաճարակի առաջին իսկ օրերից դեսպանությունը փորձել է կապ հաստատել ՀՀ քաղաքացիների հետ, և առաջին հերթին Իսպանիայում գործուղման մեջ գտնվող, կրթական ծրագրերով կամ հարազատներին այցելության ժամանածների հետ։ Դեսպանության կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրվել են 24 ժամ գործող թեժ գծի և դեսպանության այլ հեռախոսահամարների, ինչպես նաև էլեկտրոնային փոստի տվյալներ։
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմել են ՀՀ դեսպանություն, ցուցակագրվել են և հաշվառվել: Դեսպանության աշխատակիցները մշտական կապ էին պահպանում մեր քաղաքացիների հետ, պարբերաբար հետաքրքրվում նրանց վիճակով, տեղեկացնում Հայաստան վերադառնալու հնարավորությունների մասին։ ՀՀ քաղաքացիների մեջ կան նաև ուսանողներ, ովքեր Իսպանիա են ժամանել Erasmus+ ծրագրով։ Ես վերջերս անձամբ եմ խոսել նրանց հետ, նրանցից ոմանք գտնվում են Ալմերիա քաղաքում, ապահով պայմաններում, շարունակում են առցանց դասընթացները։ ՀՀ դեսպանության աջակցությամբ, Erasmus+ ծրագրի ուսանողներից մի խմբին մոտ 3 շաբաթ առաջ հաջողվեց ուղարկել Հայաստան։
Ընդհանուր առմամբ ՀՀ դեսպանության աջակցությամբ և ուղղորդմամբ մոտ 50-ից ավելի ՀՀ քաղաքացի կարողացել է վերադառնալ Հայաստան։ Որոշ դեպքերում դեսպանության աշխատակիցներն օդանավակայանում դիմավորել են Իսպանիայի այլ քաղաքներից Մադրիդ ժամանած ՀՀ քաղաքացիներին, ամբողջ օրը հյուրընկալել դեսպանությունում և երեկոյան ճանապարհել Հայաստան։ Այս պահի դրությամբ ունենք դեսպանությունում հաշվառված 60-ից ավելի ՀՀ քաղաքացի»։
Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ դեսպան Կարմիրշալյանը նշել է. «Իսպանիայում մշտական և ժամանակավոր բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է մոտավորապես 25-30 հազար։ Ինչպես մինչև համաճարակը, այնպես էլ հիմա դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսպանիայի տարբեր քաղաքներում գործող հայկական համայնքային կառույցների հետ։ Մենք պարբերաբար տեղեկանում ենք, թե ինչպիսին է իրավիճակը Բարսելոնայում, Մալագայում, Վալենսիայում, Սեվիլիայում և այլ քաղաքաներում, որտեղ կան հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ցավոք սրտի, այս համաճարակը չշրջանցեց նաև Իսպանիայում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիներին. մեր տվյալներով, տարբեր քաղաքներում արդեն իսկ վարակվածներ կան: Բարեբախտաբար, այս պահի դրությամբ, մահացածության դեպքերի մասին որևէ տեղեկություն չունենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։