Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին
20 ապրիլի, 2020Հարց․ Ի՞նչ վիճակում է գտնվում Ուկրաինայում Քովիդ 19 համավարակի դեմ պայքարը, որքանո՞վ է հաջողվել ուկրաինական իշխանություններին կասեցնել դրա հետագա տարածումը։
Տիգրան Սեյրանյան․ Ուկրաինայում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը դեռ զարգացման փուլում է և խոսել դրա հետագա տարածման կասեցման մասին առայժմ վաղաժամ է։ Մասնագետները կարծում են, որ պիկային շրջանը կլինի մայիսին, թեպետ այս պահին վարակվածների թիվն ըստ օրերի կայուն է և նույնիսկ իջնում է։ Ապրիլի 20-ի դրությամբ երկրում արձանագրվել է 5,710 վարակակիր, որից 151-ը մահացել է, 359-ն ապաքինվել, կատարվել է 58,093 թեստավորում։ Մեկ միլիոն բնակչի հաշվարկով թեստավորման թիվը կազմում է 1,328, որն այդքան էլ մեծ թիվ չէ վարակվածների իրական պատկերն ունենալու համար։ Ինչևէ, Ուկրաինայի իշխանությունները բավականին լուրջ միջոցառումներ են իրականացնում վարակի հետագա տարածումը կասեցնելու համար, մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ, առայժմ մինչև ապրիլի 24-ը, սակայն կասկած չունեմ, որ այն երկարաձգվելու է։ Միջոցառումները և արգելքները համանման բնույթ են կրում Հայաստանի հետ, սակայն տարբերությունն այն է, որ եվրոպական երկրներից, Ռուսաստանից հատկապես ցամաքային ճանապարհով վերադարձածների թիվն այնքան մեծ է (որոշ տվյալներով՝ ավելի քան 1,2 միլիոն մարդ), որ բոլորի վերահսկումն իսկապես ահռելի մարտահրավեր է կառավարության համար։ Դրականն այն է, որ Ուկրաինայի կառավարությունը կարողացավ արագ կազմակերպել վարակի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների ներկրումն ու արտադրությունն, իսկ որոշ դեպքերում նաև օգնել այլ պետությունների, օրինակ Իտալիային։ Ուկրաինական բեռնատար ավիացիան մեծաքանակ բեռներ է տեղափոխել Չինաստանից նաև Չեխիայի Հանրապետություն։ Այս պահին, տարրական պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների դեֆիցիտ գրեթե չկա, չնայած դրանց գները շուկայում աճել են։ Պարենի պակաս էլ չկա և հուսամ երկիրը կխուսափի այդ դեֆիցիտից ևս։
Հարց․ Ուկրաինայում վարակվածների շրջանում կան արդյո՞ք հայեր և եթե տեղյակ եք, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։
Տիգրան Սեյրանյան․ Նախ նշեմ, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է թե անմիջապես մեր քաղաքացիների և հայրենակիցների հետ, թե համայնքային կառույցների հետ՝ ընդհանուր գնահատելով ՀՀ քաղաքացիների և հայ համայնքի վիճակը համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերների համատեքստում և փորձելով հնարավորության սահմաններում աջակցություն տրամադրել կամ համակարգել աջակցության տրամադրումը մեր հայրենակիցներին:
Ըստ Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) տվյալների՝ Խերսոնի մարզում վարակված է չորս հոգուց բաղկացած հայ մեկ ընտանիք, ովքեր հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ: Վերջիններիս վիճակը բարվոք է, եթե չեմ սխալվում, նույնիսկ արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից։ Խերսոնի հայերի միության նախագահը մշտական կապերի մեջ է այդ ընտանիքի հետ։ Մամուլում եղան նաև տեղեկություններ, որ COVID-19-ով է վարակվել խորհրդարանի՝ Գերագույն ռադայի հայկական ծագում ունեցող մի պատգամավոր։
Հայաստանի քաղաքացիների շրջանում վարակակիրների մասին մենք տեղեկություններ չունենք, բայց պետք է նշեմ, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պաշտոնապես դիմել է երկրի գլխավոր համաճարակաբանին՝ ՀՀ քաղաքացիների վարակման դեպքում մեր դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկություններ հաղորդելու խնդրանքով։
Հարց․ Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Քանի ՀՀ քաղաքացի է դեռևս մնացել Ուկրաինայում, որ ցանկություն է հայտնել մեկնել Երևան։
Տիգրան Սեյրանյան․ Դեսպանության հետ կապ է հաստատել և հյուպատոսական հաշվառման կանգնել 125 ՀՀ քաղաքացի, ներառյալ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Ուկրաինայում տարբեր երկրների հետ օդային և ցամաքային հաղորդակցության սահմանափակումներն ուժի մեջ մտան մարտի 17-ից, ինչի հետևանքով թե՛ տեսականորեն, և թե՛ գործնականորեն հնարավոր չէ անմիջապես կազմակերպել Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք: Նման խնդիրները կապված են նաև տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի հետ: Այնուամենայնիվ, մեր կողմից շարունակական ջանքեր են գործադրվում՝ մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելու ուղղությամբ: Այսպես, մարտի 25-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հետ համագործակցության շրջանակներում հնարավոր եղավ կազմակերպել ուկրաինական SkyUp ավիաընկերության չարտերային չվերթ Կիևից Երևան, որով Հայաստան մեկնեցին 58 ՀՀ և 2՝ Հայաստանում բնակության իրավունք ունեցող Ուկրաինայի քաղաքացիներ։ Հակառակ ուղղությամբ օդանավն Ուկրաինա բերեց 92 ուղևոր։
Այսօր 100-ից ավելի հայաստանցիներ և Հայաստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրյա անդամներ ցանկություն ունեն Հայաստան մեկնելու։ Ըստ ուկրաինացի մեր գործընկերների մեզ տրամադրված տեղեկատվության՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունում նույնպես կան ցուցակագրված անձինք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ուկրաինա: ՈւՀՄ ակտիվ ներգրավմամբ աշխատում ենք ևս մեկ չարտերային թռիչք կազմակերպելու ուղղությամբ և ներկայումս գտնվում են առկա լոգիստիկ և տեխնիկական խնդիրների լուծման, համապատասխան թույլտվությունների ձեռքբերման փուլում։ Այս առումով ամենօրյա ռեժիմով բոլոր քայլերը համակարգում ենք պարետատան հետ՝ ՀՀ ԱԳՆ միջոցով։
Ինչպես և ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, այնպես էլ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունում և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունում գործում են շուրջօրյա հասանելիությամբ թեժ գծեր։ Facebook-ի դեսպանության էջում անհրաժեշտ պարբերականությամբ նորություններ են հրապարակվում, տեղեկություններ Հայաստանում և Ուկրաինայում կարանտինային ռեժիմի մանրամասների, կարգերի մասին։ Օրական 100-ից ավելի զանգերի ենք սպասարկում, որը բացի լարված աշխատանքային ռեժիմի պահանջում է նաև լուրջ հոգեբանական պատրաստվածություն, քանի որ զանգերի բովանդակությունը շատ հաճախ կապված է մարդկային տարբեր պատմությունների հետ, իսկ երբեմն էլ, ցավոք, անցնում քաղաքավարության սահմանները:
Միաժամանակ հյուպատոսական հիմնարկների կողմից շարունակվում է այն հյուպատոսական ծառայությունների մատուցումը, որոնք կապված չեն կարանտինային սահմանափակումների հետ։
Այս օրերին առանձնակի կարևորություն ունի հայ համայնքի հետ մեր համագործակցությունը։ ՈւՀՄ-ն տարածքային կազմակերպություններ ունի Ուկրաինայի բոլոր մարզերում։ Եթե որևիցե հայի մոտ խնդիր է առաջանում և մենք տեղեկություն ենք ստանում մեր թեժ գծի միջոցով, և եթե տվյալ անձը դեսպանության, Օդեսայում գլխավոր հյուպատոսության, Խարկիվում, Տերնոպիլում կամ Չերկասիում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունների անմիջական հասանելիությունից դուրս են, ապա դիմում ենք տեղի հայկական միություններին և նրանք հնարավոր օգնությունն են առաջարկում մեր հայրենակիցներին։ Այդպիսի գործակցության փայլուն օրինակներ կան Զապորիժժյայի, Անդրկարպատյան, Լուհանսկի, Սումիի, Դոնեցկի մարզերում, Կիևում, Օդեսայում։ Թող ներեն նրանք, ում միգուցե մոռացա նշել։
Դեսպանությունը շնորհակալ է Կոնտինենտ1 համատեղ տրանսպորտային ընկերությանն ալկոգելի արտադրության համար անհրաժեշտ նյութ Հայաստան տեղափոխելու համար։
Ամեն դեպքում, անխտիր բոլորը պատրաստակամ են օգնության ձեռք մեկնելու և սատար կանգնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն այս մարտահրավերի հասցեագրման գործում։
Հարց․ Ի՞նչ վիճակում են հայտնվել տեղի հայկական համայնքները։ Համավարակի տարածման առաջին օրերին որոշ քաղաքներում հայկական համայնքների ղեկավարները համերկրացիների համար առաջին օգնության փաթեթներ ուղարկեցին։ Եթե կարելի է մանրամասնել ի՞նչ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ։
Տիգրան Սեյրանյան․ Համայնքն իրականում հսկայական աշխատանք է կատարում։ Համավարակի հենց սկզբից ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը դիմել էր ուղերձով, որպեսզի Ուկրաինայում բնակվող հայերը մոբիլիզացվեն, էլ ավելի համախմբվեն և օգնեն միմյանց։ Պետք է նշել, որ այդ օգնությունը դուրս է գալիս համայնքի շրջանակներից. հայերն օգնում են ոչ միայն կարիքավոր հայրենակիցներին, այլև տեղի ազգաբնակչությանը, բուժհիմնարկներին։ Բոլոր տարածքային կազմակերպություններն անում են դա։ Մի մասի օգնությունն առավել տեսանելի է սոցիալական ցանցերով, օրինակ՝ Զապորիժժյայի կազմակերպության աշխատանքը, Օդեսայինը, Ժիտոմիրինը, Դոնեցկինը։ Տերնոպիլում մեր պատվավոր հյուպատոսը մեծ օգնություն է տրամադրել տեղի իշխանություններին։ Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոսը շոշափելի օժանդակություն է ցուցաբերում իր հայրենի Իջևանում։ Կան նաև ազգությամբ հայ անհատներ, ովքեր օգնություն են ցուցաբերել տեղի հիվանդանոցներին։
Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աջակցեցին մեր դեսպանությանը՝ անձնակազմին ապահովելով անհրաժեշտ պաշտպանիչ պարագաներով։