Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին
06 մայիսի, 2020Հարց. Հայտնի է, որ համավարակի (Քովիդ 19) դեմ պայքարում Բալթյան երեք երկրները համեմատաբար բարվոք իրավիճակում հայտնվեցին։ Ինչպե՞ս իրականացվեց այդ պայքարը եւ երեք երկրներից որտեղ է ավելի արդյունավետ պայքար տարվում։ Ի՞նչ արդյունքներ կան սահմանափակումների մտցնելուց մոտ 2 ամիս անց։
Տիգրան Մկրտչյան. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մարտի 12-ին աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա հայտարարելուց հետո ինչպես շատ-շատ երկրներ, այնպես էլ՝ բալթյան հանրապետությունները, իրենց տարածքներում վարակի օջախների տարածմանը զուգահեռ սկսեցին էական սահմանափակումներ կիրառել։
Առաջինը սահմանափակումներ մտցրեցին Լատվիան և Էստոնիան, համապատասխանաբար մարտի 12-ին և մարտի 13-ին հայտարարելով արտակարգ դրություն, իսկ մի քանի օր անց՝ մարտի 16-ին, Լիտվան հայտարարեց կարանտին։
Պայքարն ընդդեմ կորոնավիրուսի տարածմանն իրականացվեց առաջին հերթին սահմանային հսկողության բարձրացմամբ և հետագայում առհասարակ սահմանների փակմամբ, փակվեցին նաև բոլոր տեսակի կրթամշակութային, զվարճանքի, հաստատությունները, բացօթյա և փակ տարածքներում միջոցառումների անցկացումը, բաց մնացին միայն սննդի առաքման ու մթերային խանութները, դեղատները, ինչն օգնեց էականորեն նվազեցնել վարակի տարածումը։ Սահմանափակումներ մտցվեցին նաև պետական ծառայությունների մատուցման հարցում՝ շեշտը դնելով առցանց գործունեությանը։
Այսինքն, ինչպես նկատում եք, կիրառվեցին գրեթե նույն սահմանափակումները և օգտագործվեցին գրեթե նույն գործիքները, ինչ շատ պետությունների պարագայում։ Սակայն կցանկանայի շեշտել երկու գործոն, որի շնորհիվ արդեն այս պահի դրությամբ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում օրական գրանցվում են կորոնավիրուսի դրական ախտորոշման միանիշ դեպքեր։
Այսպես, մտցված սահմանափակումների պարագայում կյանքը տեղափոխվեց առցանց տիրույթ, և այս ոլորտում տարիների ընթացքում բալթյան հանրապետությունների գրանցած հաջողությունները մեծապես նպաստեցին առկա ենթակառուցվածքային հնարավորությունների շատ արագ վերափոխմանն ու ստեղծված իրավիճակին հարմարեցմանը։
Երկրորդը կցանկանայի նշել այն կարգապահությունը և սոցիալական պատասխանատվությունը, որով տեղացի ժողովուրդները մոտեցան սահմանափակումներին՝ պահպանելով համավարակի դեմ պայքարի հիմնական կանոնները։ Ինքնակազմակերպվածությունն ու ինքնազսպվածությունը խիստ էական նշանակություն ունեցան այստեղ վարակի տարածումը նվազեցնելու հարցում։
Այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ մայիսի 5-ի տվյալներով Լիտվայում գրանցվել է վարակի ընդամենը 4 դեպք (ընդհանուր դեպքերը՝ 1423, որից առողջացել են 697-ը), Լատվիայում՝ ոչ մի նոր դեպք չի գրանցվել (ընդհանուր վարակվածների թիվը՝ 879, որից առողջացել են 348-ը), իսկ Էստոնիայում՝ միայն 8 դեպք (ընդհանուր վարակվածների թիվը՝ 1711):
Հարց. Արդյո՞ք մեր հայրենակիցների շրջանում կան վարակվածներ, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։
Տիգրան Մկրտչյան. Հայերի շրջանում վարակվածներ կային միայն Էստոնիայում, մեկ ընտանիքի անդամներ, որոնք արդեն առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցից։ ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի՝ կորոնավիրուսով վարակման այլ դեպքեր բալթյան երկրներում չեն գրանցվել կամ առնվազն դեսպանությանը հայտնի չեն։
Հարց. Ի՞նչ վիճակում են հայտնվել տեղացի հայերը եւ ի՞նչ ռեժիմով է աշխատում նրանց հետ դեսպանությունը, տեղական համայնքային կառույցներն աջակցու՞մ են։
Տիգրան Մկրտչյան. Առհասարակ համավարակի տարածման և սահմանափակումների մտցման առաջին իսկ պահից ՀՀ դեսպանությունն աշխատել է արտակարգ ռեժիմով, գործել է և գործում է շուրջօրյա թեժ գիծ, և, կախված հարցի հրատապությունից, մեր քաղաքացիների համար իրականացվում է նաև հյուպատոսական ընդունելություն։
Ինչ վերաբերում է տեղացի հայերին, ապա նրանք շարունակում են իրենց առօրյա գործունեությունը, և, ինչպես բոլորն, իրենց վրա զգում են սահմանափակումների և տնտեսական ակտիվության նվազման վնասները։ Սակայն վարակի տարածման նվազումը և իշխանությունների կողմից սահմանափակումների աստիճանական չեղարկումը հույս է ներշնչում, որ շատ կարճ ժամանակում կյանքը կմտնի բնականոն հուն։
Ունենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր այստեղ են գտնվում ժամանակավոր բնակության հիմքերով՝ հիմնականում դրանք ուսանողներ են և տարբեր փոխանակման ծրագրերով աշխատող մասնագետներ, որոնց թիվը, ըստ մեր ունեցած և հենց քաղաքացիների կողմից ներկայացված տվյալների, յուրաքանչյուր երկրում չի գերազանցում երկու տասնյակը։ Նրանց հետ ՀՀ դեսպանությունը պահպանում է կանոնավոր կապ և համապատասխան տեղեկատվություն փոխանցում թե նստավայր երկրում և թե Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ։
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է նաև համայնքային կառույցների հետ, որոնք անհրաժեշտության դեպքում միանշանակ իրենց աջակցությունը բերում են դրա կարիքն ունեցող մեր հայրենակիցներին։
Հարց. Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել Երեւան եւ արդյո՞ք արդեն նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
Տիգրան Մկրտչյան. Հիմնական և առաջնային հարցը, որը հուզում է ՀՀ քաղաքացիներին, դա օդային կամ ցամաքային հաղորդակցության վերականգնումն է և Հայաստան հետ վերադառնալու հնարավորությունը։ Սկզբնական շրջանում, մինչև ապրիլի սկիզբը դեսպանության համակարգմամբ ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ կարողացան վերադառնալ, որից հետո արդեն հաղորդակցությունն ամբողջովին դադարեց։
Լիտվան, Լատվիան և Էստոնիան արդեն պլանավորում են մայիսի 10-15-ից սկսած բացել իրենց միջև հաղորդակցությունը և մի քանի հիմնական ուղղություններով թռիչքները։ Հուսով ենք, որ մինչև մայիսի վերջ արդեն մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն Հայաստան վերադառնալու, կկարողանան օգտվել այդ հնարավորություններից։