Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին
26 մայիսի, 2020Հարց. Գերմանիայի կառավարությունը ուշացումով խստացումներ մտցրեց համավարակի դեմ պայքարում։ Որքանո՞վ է հաջողվում ներկա կառավարությանը կասեցնել COVID 19-ի տարածումը և ի՞նչ արդյունքներ կան սահմանափակումների մտցնելուց 2 ամիս անց։
Աշոտ Սմբատյան. Չեմ կարծում, որ Գերմանիայում համավարակի արդյունքում խստացումներն ուշացումով մտցվեցին: ԳԴՀ կառավարության կողմից դաշնային մակարդակով խստացումները գուցե արտաքուստ ուշացումով ընկալվեն, սակայն երկրամասային մակարդակով բավական վաղ մտցվեցին սահմանափակումները, հատկապես այն երկրամասերում, որտեղ համավարակն ավելի վաղ էր հասել վտանգավոր սահմանների, ինչպես, օրինակ, Բավարիայում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում, Շլեզվիգ-Հոլշտայնում: Իհարկե, Գերմանիայի՝ դաշնային կառուցվածք ունենալու հանգամանքը կազմակերպչական առումով որոշակի բարդություններ էր առաջացնում, սակայն գերմանական կողմը կարողացել է պատշաճ կերպով իրականացնել անհրաժեշտ քայլեր:
Պետք է այստեղ հատուկ ընդգծեմ նաև գերմանական հասարակության մոտ առկա բարձր պատասխանատվությունն ու գիտակցությունը, առանց որի պարզապես սահմանափակումների կիրառումն այդչափ էլ արդյունավետ չէր լինի: Այդ մասին է վկայում նաև այն, որ թե՛ դաշնային կանցլերը, թե՛ երկրամասերի վարչապետերը, դիմելով գերմանական հասարակությանը, խնդրել և հորդորել են, որ մշտապես ցուցաբերեն սոցիալական բարձր գիտակցություն, բարձր պատասխանատվություն և համերաշխություն:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է հաջողվում ներկա կառավարությանը կասեցնել համավարակի տարածումը, պետք է նշեմ, հայտնի են պաշտոնական տվյալները, ինչպես նաև արտերկրից ստացվող բարձր գնահատականները Գերմանիայի իշխանությունների կողմից իրավիճակի պատշաճ վերահսկման վերաբերյալ:
Եթե նկատել եք, դաշնային կառավարությունը հիմնականում հետևում է «Ռոբերտ Կոխ» ինստիտուտի խորհրդատվություններին՝ մեծ կարևորություն տալով այդ հաստատության մասնագետների կարծիքին՝ որոշումներ ընդունելիս:
Այսպես, Ռոբերտ Կոխ ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 18-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է 177.212 վարակվածներ, որից 8174-ը՝ մահվան ելքով:
Կցանկանայի ընդգծել, որ դեռ մանուկ հասակից գերմանական հասարակության մոտ ձևավորվում է հատուկ վերաբերմունք և ուշադրություն առողջ ապրելակերպի նկատմամբ: Իհարկե, այս ամենին պետք է ավելացնել նաև ԳԴՀ առողջապահական կայացած և օրինակելի համակարգը:
Ինչ վերաբերում է Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ տարվող աշխատանքների համակարգմանը, պետք է հատուկ ընդգծեմ, որ առ այսօր այն եղել է կառուցողական և օպերատիվ: Ցանկացած մեր հարցին գերմանական կողմը սեղմ ժամկետներում պատշաճ արձագանքել է և հիմնականում՝ դրական լուծում տվել: Անգամ այնպիսի հարցերում, երբ, օրինակ, առողջապահական խիստ հրատապ խնդիրներից ելնելով, Հայաստանից պետք էր բացառության կարգով, որոշ քաղաքացիների թույլատրել մուտք գործել երկրի տարածք, գերմանական կողմը նույնպես ընդառաջել է:
Հարց. Հայերը Գերմանիայում ապրում են բոլոր տարածաշրջաններում, և, իհարկե, դժվար է ամենօրյա կապի մեջ լինել բոլորի հետ։ Այնուամենայնիվ, հայտնի՞ է արդյոք, թե որքան վարակված հայեր կան և ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Ի՞նչ ռեժիմով է դեսպանությունը աշխատում տեղական համայնքային կառույցների հետ։
Աշոտ Սմբատյան. Կիսում եմ Ձեր կարծիքն առ այն, որ որքան էլ Գերմանիան համեմատելի չէ Ֆրանսիայի կամ այլ հայաշատ համայնքներ ունեցող երկրների հետ, և այստեղ մոտավորապես 50-60 հազար հայի մասին ենք խոսում, սակայն գերմանահայ համայնքը սփռված է ողջ երկրով մեկ: Կենտրոնացվածության առումով կարելի է առանձնացնել Քյոլն քաղաքը և հարակից շրջանները, որտեղ բնակվում են մեծաթիվ հայեր, և որտեղ էլ գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանը:
Կիսում եմ Ձեր կարծիքը նաև այն առումով, որ գրեթե անհնար է ամենօրյա կապի մեջ լինել մեր բոլոր հայրենակիցների հետ՝ անկախ նրանց քաղաքացիությունից: Սակայն մշտական կապ ենք պահպանում թե՛ Առաջնորդարանի, թե՛ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության և թե՛, անհրաժեշտության դեպքում, առանձին համայնքային կառույցների հետ, որտեղից և ստանում ենք որոշակի տեղեկություններ:
Իսկ Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հայերի մասին հստակ թիվ նշելն իրատեսական չէ: Վստահ եմ, որ կան հայեր, ովքեր կարողացել են ամբուլատոր պայմաններում ապաքինվել և չեն ցանկացել կամ ամենևին էլ պարտավոր չէին մեզ կամ համայնքային որևէ կառույցի տեղեկացնել, որ հիվանդ են եղել:
Հարց. Ի՞նչ օգնություն է ցույց տվել Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել Երևան:
Աշոտ Սմբատյան. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համակարգմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի հետ մշտապես պահպանվում է ամենօրյա, կարելի է ասել, ամենժամյա կապ:
Մարտի 12-ից Գերմանիայում ՀՀ դեսպանությունում արտաքին գործերի նախարարության համակարգմամբ գործում է շուրջօրյա թեժ գիծ: Թեժ գծին պատասխանում են դեսպանության դիվանագիտական անձնակազմի անդամները՝ հերթապահության սկզբունքով:
Քաղաքացիների բոլոր հարցերին տրվում են պատասխաններ և անհրաժեշտ խորհրդատվություն: COVID-19-ի համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գերմանիայում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները գրանցվել են տվյալների հատուկ բազայում, և նրանց հետ կապ է պահպանվել:
Ինչպես գիտեք, Գերմանիա են ժամանում ՀՀ մի շարք քաղաքացիներ առողջապահական խնդիրներով՝ բուժման նպատակով: Դեսպանությունը բացառիկ ուշադրություն է հատկացրել հատկապես այս քաղաքացիներին, ովքեր, իրավիճակից ելնելով, չեն կարողացել ժամանակին վերադառնալ Հայաստան, համակողմանի աջակցություն է ցուցաբերել՝ անհրաժեշտության դեպքում անգամ ուղեկցելով մինչև օդանավակայան:
Ինչ վերաբերում է կարճաժամկետ այցով՝ հիմնականում հարազատների հրավերով, Գերմանիայում գտնվող մեր զբոսաշրջիկներին, ապա նրանց խնդրի առնչությամբ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը դիմել է ԳԴՀ պատկան մարմիններին: Կարծում եմ՝ մենք միակը չենք եղել: Եվ ԳԴՀ ՆԳ նախարարը հանդես է եկել համապատասխան հրամանով, որի համաձայն՝ խախտում չի համարվի, եթե Շենգենյան արտոնագրով մուտք գործած, ԳԴՀ-ում ժամանակավորապես գտնվող անձիք, ում արտոնագրի վավերականության ժամկետը լրանում է, ժամկետի լրանալուց հետո ևս որոշակի հստակ ժամանակ մնան Գերմանիայում: Այս մասին տեղեկացրել ենք նաև մեզ մոտ հաշվառված մեր հայրենակիցներին:
Առիթից օգտվելով, կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտեցել ստեղծված իրավիճակին, ինչը նկատելի է եղել մեր խորհրդատվությունների ընթացքում: Մեր տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը սեփական միջոցներով արդեն վերադարձել է Հայաստան:
ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողները հիմնականում ևս վերադարձել են Հայաստան, քանի որ Գերմանիայում բուհական կրթությունը գրեթե ամբողջությամբ իրականացվում է հեռավար եղանակով: Այժմ քննարկվում է նաև քննությունների անցկացումն հեռավար տարբերակով: Իհարկե, ուսանողների մի որոշակի հատված շարունակում է գտնվել Գերմանիայում:
Մեծ խնդիր է օդային հաղորդակցության հարցը: Միակ ընկերությունը, որն այս ողջ ընթացքում գրեթե անխափան իրականացրել է թռիչքներ դեպի Հայաստան, բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունն է: Թռիչքներն իրականացվում էին հիմնականում Բեռլինից, Մայնի Ֆրանկֆուրտից, Մյունխենից: Այսինքն՝ սփռվածության առումով համեմատաբար դյուրին էր քաղաքացիների համար օդանավակայան հասնելը, որտեղից Մինսկով նրանք վերադառնում էին Հայաստան: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել «Բելավիա» ավիաընկերության Գերմանիայի ներկայացուցչության հետ: Վերջիններս, ի դեպ, մշտապես աջակցել են մեր խնդրանքներին:
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Բելառուսում ՀՀ դեսպանությանը՝ աշխատանքը համակարգելու և մեզ մշտապես աջակցելու համար:
Հարց. Հարևան Չեխիան հաճախ են իբրև լավագույն օրինակ բերում Գերմանիայում՝ համավարակի կասեցման հարցում։ Սակայն արդեն ավելի հաճախ են խոսում աշնանը սպասվող համավարակի երկրորդ ալիքի մասին։ Չեխիայում արդեն իսկ օրենսդրական ակտերով ցանկանում են կանխել ներկա անհարմարությունները։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Գերմանիայի կառավարությունը։
Աշոտ Սմբատյան. Ի սկզբանե դաշնային կառավարությունը որդեգրել էր համավարակի դեմ պայքարի այն սկզբունքը, որ այն կասեցնել գրեթե հնարավոր չէ, ուստի պետք է տարածումը հնարավորինս դանդաղեցնել: Դա հաջողվեց, քանի որ պետությունը և ժողովուրդը ծանր իրավիճակում միասնաբար գործեցին: Կարանտինային օրերն օգտագործվեցին ԳԴՀ կառավարության կողմից՝ առողջապահական համակարգը տվյալ իրավիճակին լավագույնս հարմարեցնելու ուղղությամբ: Օրինակ՝ անգամ փոքր բուժհաստատություններին վերազինում էին անհրաժեշտ քանակի արհեստական օդափոխության համակարգերով, գրեթե բոլոր հիվանդանոցներում նախապատրաստվում էին համապատասխան բաժանմունքներ՝ ապահովված անհրաժեշտ սարքավորումներով և այլն:
Թեև արդեն բավականաչափ մեղմացվել են համավարակի արդյունքում սահմանված խիստ սահմանափակումները, սակայն պարբերաբար կոչ է արվում հասարակությանը՝ պահպանել զգոնությունը և անհրաժեշտ նվազագույն պայմանները, այն է՝ սոցիալական հեռավորությունը, ձեռքերի պարբերաբար ախտահանում, խանութներում, տրանսպորտում և մնացյալ փակ տարածքներում դիմակի կրում և այլն: