Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին
04 հունիսի, 2020Հարց. Հունաստանը Եվրոպայի այն երկրներից էր, որտեղ կորոնավիրուսը լայն տարածում չստացավ, ինչպես ասենք Իտալիայում կամ Իսպանիայում։ Ինչպե՞ս հաջողվեց Հունաստանի կառավարությանը, կանխարգելել վարակի տարածումը, ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին։
Ֆադեյ Չարչօղլյան. Այո, համամիտ եմ, իսկապես կորոնավիրուսով վարակվածների և մահացածների միջազգային վարկանիշում Հունաստանը գնալով բարելավում է իր դիրքերը ԵՄ-ում և աշխարհում, ինչը նախ և առաջ պայմանավորված է Հունաստանի իշխանությունների կողմից ձեռնարկած օպերատիվ, արդյունավետ, խոհեմ քայլերով, ինչպես նաև քաղաքացիների դրսևորած կարգապահությամբ և հետևողականությամբ: Կարելի է արձանագրել, որ այսօր կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ քայլերի շրջանակում Հունաստանի Կառավարության վարած քաղաքականությունը հաջողվածներից է և գովեստի արժանի:
Հունաստանի Կառավարության որոշման համաձայն, համաճարակի ողջ ընթացքը և աշխատանքները համակարգվում են Քաղաքացու պաշտպանության հարցերով նախարարության (Civil Protection) և Առողջապահության նախարարության հանրային առողջության ազգային կազմակերպության կողմից՝ համաճարակաբանական գիտական կենտրոնների և մասնագետների հետ համագործակցությամբ:
Համաճարակի դեմ պայքարում ընդգծված դրական դերակատարություն ունի բժիշկ-վարակաբան Սոտիրիս Ցիոդրասը (Sotiris Tsiodras): Վերջինս Հունաստանի կառավարության կողմից նշանակվել է COVID-19-ի համակարգող խմբի ղեկավար:
Հարց. Ինչպիսի՞ն էր ազգաբնակչության և կառավարության համագործակցությունը։ Այժմ ապագայի ի՞նչ կանխատեսումներ են արվում։
Ֆադեյ Չարչօղլյան. Կարծում ենք, որ այս ծանր շրջանում ազգաբնակչության և կառավարության համագործակցության արդյունավետության հաջողության գրավականը կառավարության և հասարակության միասնությունն ու միմյանց նկատմամբ փոխվստահությունն է:
Չնայած հասարակության ներսում առկա բազմաթիվ խնդիրների և տարաձայնությունների, ընդհանուր առմամբ, փոխվստահության և համերաշխության մթնոլորտ է տիրում:
Հունաստանում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ քայլերի շրջանակում Հունաստանի Կառավարությունը Հանրային Ծախսերի Անկախ Մարմնի` Հարկային մարմնի օգնությամբ, Հունաստանի քաղաքացիներին պարբերաբար կորոնավիրուսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն է ուղարկում էլեկտրոնային փոստով:
Բացի այդ, կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին քաղաքացիներին հասանելի համապարփակ տեղեկատվությունը (այդ թվում գործողությունների հերթականությունն ու ժամանակացույցը) ևս վստահություն և հավատ էր ներշնչում (մի գուցե մասամբ)` ցրելով քաոսային իրավիճակը և խուճապային տրամադրությունները: Հասարակությանը մանրամասն ներկայացվում է տնտեսական աջակցության կառավարության մոտեցումները, նկատառումները և որոշումները:
Մայիսի 20-ին Հունաստանի Հանրապետության վարչապետ` Կիրիակոս Միցոտակիսը հանրությանը ներկայացրեց «Համագործակցություն» աջակցության ծրագիրը՝ տնտեսության, զբաղվածության և զբոսաշրջության ոլորտներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Աջակցության ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 24 միլիարդ եվրո: Բիզնեսը երաշխավորող հիմնադրամի գործունեության շրջանակներում` 2020թ. համար մոբիլիզացվում է 7 միլիարդ եվրո: Այսպիսով, բիզնեսն ունենալու է արագ և հեշտ ֆինանսավորման հնարավորություն, ընդ որում պետությունը երաշխավորում է վարկերի մինչև 80% -ը: Հունիսի 15-ից սկսում է գործել զբոսաշրջության ոլորտը:
Հարց. Դուք Հայաստանը ներկայացնում եք նաև Կիպրոսում, ուր շատ քիչ մարդիկ են հիվանդացել Քովիդ19-ով։ Ինչպե՞ս է այնտեղ ընթացել պայքարը և ի՞նչ արդյունքներ են գրանցել։
Ֆադեյ Չարչօղլյան. Կիպրոսի կառավարության կողմից ձեռնարկված կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ քայլերի տրամաբանությունը, ընդհանուր առմամբ նման էր հունական տարբերակին, սակայն ավելի կոշտ էր, ինչի արդյունքում էլ ավելի քիչ վարակակիրներ ունեցան:
Կիպրոսը մարտի 9-ին պաշտոնապես հրապարակեց կորոնավիրուսի առաջին երկու հաստատված դեպքերի մասին և արդեն երկու օր անց Կիպրոսի տուրիզմի փոխնախարար Սավվա Պերդիուին հայտարարեց, որ մարտի 21-ից մինչև ապրիլի 30-ը չեն գործելու Կիպրոսի Հանրապետության տարածքում հյուրանոցները և զբոսաշրջային ենթակառուցվածքները։ Երկրում մտցվեց պարետային ժամ (մարտի 30-ից):
Գիշերային պարետային ժամին, ոստիկանությունն օգտագործում էր ազգային պահակախմբին պատկանող մի շարք ջերմային տեսախցիկներ և անօդաչու սարքեր: Ազգային գվարդիայի համակարգ ներառվեց մի շարք հեռահար տեսախցիկներ՝ մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա, որոնք տեղադրվեցին հաստատուն կետերում, օդային դիտարկման համար օգտագործեցին անօդաչու սարքեր, նաև 4×4 անիվի սկավառակներում տեղակայված շարժական տեսախցիկները: Ճանապարհային երթևեկությունը վերահսկելու համար նոր խստագույն միջոցներով, արգելվում էր երթևեկությունը 9-ից երեկոյան 6-ը: Ըստ Կիպրոսի առողջապահության նախարարության, ապրիլի սկզբին նկատվեց անկման միտում։ Մայիսի 4-ից Կիպրոսը նույնպես սկսում է թուլացնել սահմանափակումները: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ ս.թ. մայիսի 21-ին տեղաշարժի սահմանափակման արգելքները թուլացվելու են։
Տեղին է նաև հիշատակել, որ COVID-19-ի համաճարակի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում կիպրահայ համայնքը ևս իր աջակցություն է ցուցաբերել:
Կիպոսի Հայ Համայնքի Պետական Ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսյանի գործուն մասնակցությամբ և օժանդակությամբ իրականացվել է չինական կառավարության կողմից տրամադրած բժշկական օգնության (պաշտպանիչ սարքեր, արտահագուստ, դիմակներ և այլ պարագաներ) անվճար բեռնափոխադրումը և դրա փոխանցումը Կիպրոսի առողջապահության համակարգին:
Հարց. Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Հունաստանում և Կիպրոսում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Համագործակցե՞լ եք համայնքային կառույցների հետ։ Վարակակիրների թվում հայեր կա՞ն։
Ֆադեյ Չարչօղլյան. Հունաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Հունաստանում և Կիպրոսում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ, ինչպես նաև սերտ համագործակցություն է հաստատվել համայնքային կառույցների հետ: Մարտի 10-ից դեսպանությունում գործարկվել է «թեժ գիծ», ինչպես նաև իրականացվել է Հունաստանում և Կիպրոսում գտնվող ՀՀ քաղաքացիների հաշվառում: Ամենօրյա ռեժիմով քաղաքացիներին թեժ գծի միջոցով տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև իրականացվում է հաշվառում (հաշվառվել է մոտ 50 քաղաքացի): Մարտի 18-ից Աթենք-Երևան չվերթների դադարեցման հետևանքով, քաղաքացիները տեղեկացվել են Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով վերադառնալու հնարավորության մասին, ինչից օգտվելով տասնյակ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան:
Մայիսի 7-ից դեսպանությունը վերսկսել է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը և ամբողջ ծավալով իրականացնում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը քաղաքացիներին:
Հունիսի 5-ին հյուպատոսն այցելելու է հայաշատ Սալոնիկ քաղաք և իրականացվելու է հյուպատոսական արտագնա ընդունելություն:
Ներկայումս ծայրահեղ վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներ Հունաստանում և Կիպրոսում չկան:
Հարց. Հունաստանի համար կարևոր խնդիր է նաև փախստականների ճամբարները և այնտեղ վարակի տարածման կանխարգելումը։ Ի՞նչ վիճակ է այնտեղ և ինչպիսի՞ հանգուցալուծում է սպասվում։
Ֆադեյ Չարչօղլյան. Երբ Հունաստանի կառավարությունը որոշում կայացրեց փակել երկրի արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար մարտի 18-ից՝ երեսուն օրով, միաժամանակ սահմանափակվեց Հունաստանի տարածքում գտնվող փախստականների և միգրանտների տեղաշարժը։ Վերահսկողության տակ վերցվեցին Հունաստանում փախստականների և միգրանտների ճամբարները: Ցամաքային կամ ծովային սահմաններով երկիր մուտք գործող փախստականներին և միգրանտներին թեստավորում էին և ենթարկում 14 օրվա պարտադիր կարանտինի:
Առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը՝ յուրաքանչյուր մեկ ժամ, հնարավորություն էր տրվում փախստականների և միգրանտների մի սահմանափակ խմբին տեղաշարժվել դեպի քաղաքային կենտրոններ՝ իրենց պահանջները բավարարելու համար։ Ճամբարներում ձևավորվեցին հատուկ կենտրոններ՝ բուժօգնության կետերով և մեկուսացման վայրերով։
Փախստականներով և միգրանտներով գերծանրաբեռնված ճամբարները/ կենտրոնները` հատկապես Էգեյան ծովի կղզիներում հնարավորինս մարդաթափվեցին: Նավերով փախստականների և միգրանտների մի զանգված տեղափոխվեց մայրցամաք:
Միգրացիոն պայմանագրերի շրջանակներում, անչափահասները հատուկ չվերթներով տեղափոխվում են եվրոպական այլ երկրներ: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ:
Հարց. Ամառային հանգստի հետ կապված, այս երկրները նախատեսու՞մ են զբոսաշրջիկների համար բացել ծովափնյա հանգստավայրերը։
Ֆադեյ Չարչօղլյան. Այո, թե´ Հունաստանը և թե´ Կիպրոսն արդեն հայտարարել են այդ մասին և այն մեկնարկելու է հունիսի 15-ից: Երկու երկրներն էլ կանոնակարգեր են մշակել օտարերկրյա քաղաքացիների և զբոսաշրջիկների համար:
Հուլիսի 1-ից թույլատրվելու են թռիչքներ և վայրէջքներ Հունաստանի բոլոր օդանավակայաններից: Հունաստանը կընդունի համաճարակաբանական լավ տվյալներ ունեցող երկրների քաղաքացիներին: Բոլոր այցելուները կենթարկվեն հատուկ նմուշագրման թեստի:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն (ԱԳՆ կայք), դեպի Հունաստան միջազգային թռիչքները վերսկսվելու և իրականացվելու են երեք փուլով.
Առաջին փուլ` մինչև հունիսի 15-ը /թույլատրվում են միջազգային թռիչքներ միայն Աթենքի օդանավակայան, բոլոր այցելուները ենթարկվում են թեստավորման և պարտավոր են մեկ գիշեր անցկացնել սահմանված հյուրանոցում/:
Երկրորդ փուլ` հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը թույլատրվում են միջազգային թռիչքներ Աթենքի և Սալոնիկի օդանավակայաններ, և եթե ուղևորը ժամանել է օդանավակայանից որը նշված չէ EASA- ի affected area (ցավոք Հայաստանն այդ ցանկում ներառված չէ) ցանկում, ապա ուղևորը ժամանելուն պես ենթարկվում է random test-ի: Ուղևորը/ զբոսաշրջիկը պարտավոր է մեկ գիշեր անցկացնել սահմանված հյուրանոցում և եթե թեստի պատասխանը բացասական է, ապա նա ինքնամեկուսանում է 7 օրով, իսկ եթե թեստի պատասխանը դրական է, ապա ուղևորը ենթարկվում է 14-օրյա կարանտինի ` գտնվելով վերահսկողության տակ:
Երրորդ փուլ հուլիսի մեկից թույլատրվում են միջազգային թռիչքներ Հունաստանի բոլոր օդանավակայաններ: Ժամանելուն պես ուղևորը ենթարկվում է random test-ի: Որոշ երկրների վերաբերյալ լրացուցիչ սահմանափակումները կհայտարարվեն ավելի ուշ:
Կիպրոսն ակնկալում է ընդունել մոտ 600 000 ուղևոր, այդ մասին հայտարարեց տրանսպորտի նախարար Յաննիս Կարուսոսը նշելով, որ Կիպրոսի իշխանությունները ջանքեր են գործադրում երկրի օդային կապը հնարավորինս լավ վերականգնելու ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունգարական (ցածր գներով) WIZZ AIR ավիաընկերության հետ: Սկզբում կլինի երկու ինքնաթիռ, որոնց թիվը հետագայում կավելանա, մինչդեռ ևս 11 չվերթ դեպի 11 օդանավակայաններ և յոթ երկիր կխթանեն ընթացիկ երթուղին:
Հարց. Եթե ամփոփելու լինենք վերջին երեք ամիսների համավարակի դեմ հունական և կիպրական պայքարի փորձառությունը, ի՞նչը հատկապես օրինակելի կհամարեիք։
Ֆադեյ Չարչօղլյան. Ամփոփելով վերջին ամիսների համավարակի դեմ հունական և կիպրական պայքարի գործելաոճի տրամաբանությունը և գրանցված դրական ցուցանիշները, օրինակելի կարելի է համարել. առաջինը՝ կառավարություն-հասարակություն փոխվստահությունը, կարգապահությունը և աշխատանքների հետևողականությունը, երկրորդը՝ ազգաբնակչության կողմից իշխանությունների քայլերի կանխատեսելությունը և թափանցիկությունը: