Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին
07 հունիսի, 2020Հարց․ Որքան հայտնի է, անցած ամիսների ընթացքում Ռումինիայում համավարակի տարածվածությունը միջին մակարդակի էր։ 20 մլն բնակչություն ունեցող երկրի պարագայում մոտ 20 հազար վարակակիր էր գրանցվել և 1270 մահ։ Ի՞նչ արգելամիջոցներ ձեռնարկվեցին և ե՞րբ։ Այժմ ի՞նչ վիճակում է գտնվում COVID-19-ի դեմ պայքարը, որքանո՞վ է հաջողվել Ռումինիայի իշխանություններին կասեցնել դրա հետագա տարածումը։
Սերգեյ Մինասյան․ COVID-19 վարակի տարածումը կառավարելու և կանխելու նպատակով՝ Ռումինիայի ազգային իշխանությունները մարտի սկզբներից ձեռնամուխ եղան Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից արված առաջարկությունների կատարմանը: Վարակման դեպքերի հայտնաբերման նպատակով՝ ազգային մակարդակով ձեռնարկված քայլերը վերաբերում էին ինչպես Ռումինիայի, այնպես էլ արտերկրից Ռումինիա ժամանող օտարերկրյա քաղաքացիներին: Սկզբնական շրջանում Ռումինիայի իշխանությունները թողարկում էին օրական երկու տեղեկագիր՝ երկրում վարակի տարածման իրավիճակի վերաբերյալ, որոնք հասանելի են իրավասու հաստատությունների (ԱԳՆ, ՆԳՆ) կայքերում:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության, օրինակ՝ մարտի 3-ի դրությամբ Ռումինիայում գրանցվել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 4 դեպք: Այն բանից հետո, երբ մարտի կեսերին Ռումինիայում գրանցվեցին COVID-19-ով վարակվածների 100-ից ավելի դեպքեր, վարակի հետագա տարածումը զսպելու նպատակով, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը մարտի 16-ին ստորագրեց երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը: Սակայն օրեր անց, թագավարակի օրեցօր աճող տեմպերը նվազեցնելու և հիվանդության տարածումը կանխելու նպատակով, Ռումինիայի իշխանությունները ստիպված եղան ստորագրել մի քանի նոր ռազմական հրամանագրեր՝ խստացնելով գործող սահմանափակումները, ընդհուպ, արգելելով մարդկանց տեղաշարժը՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Կառավարության կողմից կիրառվող միջոցառումները դրական դինամիկա արձանագրեցին ապրիլի երկրորդ տասնօրյակում, ինչի արդյունքում, մայիսի 14-ին արտակարգ դրությունը Ռումինիայում փոխարինվեց զգոնության իրավիճակով: Ըստ այդմ, վերացվեցին քաղաքի/մարզի տարածքում տեղաշարժվելու սահմանափակումները, սակայն հանրային փակ վայրերում դիմակներ կրելը դեռևս պարտադիր է: Թեև զգոնության իրավիճակը երկրում շարունակվելու է մինչև հունիսի 15-ը, այնուամենայնիվ, հունիսի 1-ից բացվել են միջազգային ցամաքային և երկաթուղային ճանապարհները:
Հարց․ Հայաստանում խնդիր կա բնակչության կարգապահության իմաստով։ Ինչպե՞ս ենթարկվեց Ռումինիայի կառավարության որոշումներին ազգաբնակչությունը։
Սերգեյ Մինասյան․ Ինչպես արդեն նշեցի, Ռումինիայի բնակչության կազմակերպվածության ու կարգապահության անհրաժեշտ մակարդակը ապահովելու նպատակով, իշխանությունները ստիպված էին գործարկել խիստ սահմանափակումներ, լուրջ պատժամիջոցներ ու բարձր տուգանքներ. օրինակ՝ կիրառվող սահմանափակումները խախտած անձանց նկատմամբ ոստիկանական միջամտությունների հետևանքով սահմանած տուգանքների չափը միայն այս շաբաթվա ընթացքում կազմել է մոտ 25 մլն եվրո:
Հարց․ Ի՞նչ վիճակում են տեղի հայկական համայնքները։ Վարակվածների շրջանում կան արդյո՞ք հայեր, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Համագործակցու՞մ եք այս հարցում Ռումինահայոց միության և Հայ Առաքելական եկեղեցու հետ։
Սերգեյ Մինասյան․ Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր՝ դեսպանությունը մշտական կապի մեջ է Ռումինահայոց միության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինահայոց Թեմի ու դրանց տարածաշրջանային կառույցների ղեկավարների հետ՝ համակարգելու այս օրերին մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծումները: Բարեբախտաբար, Ռումինիայում կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվում հայեր գրեթե չկան:
Գնահատելի է նաև այն փաստը, որ անկախ Ռումինիայում տիրող իրավիճակից, համավարակի օրերին ռումինահայ համայնքի շատ ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել աջակցելու իրենց պատմական հայրենիքին, ինչի վերջին օրինակներից է Դիլիջանի քույր քաղաք հանդիսացող Ռոման քաղաքի հայազգի բարերարների նվիրատվությունը Դիլիջանի համայնքապետարանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով քաղաքի անմիջական կարիքները հոգալու համար:
Հարց․ Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Ռումինիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին։ Դեռևս կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են վերադառնալ Հայաստան։
Սերգեյ Մինասյան․ Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի ողջ տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ: Մարտի 10-ից դեսպանությունում գործարկվել է «թեժ գիծ», որի միջոցով քաղաքացիներին 24/7 ռեժիմով տրամադրվել և տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև իրականացվել է Ռումինիայում գտնվող և ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառում: Բուխարեստից դեպի Երևան ուղիղ չվերթների բացակայության պայմաններում դեսպանությունն աջակցում է քաղաքացիներին Հայաստան վերադառնալու գործում, ինչի արդյունքում ՀՀ մի քանի քաղաքացիներ արդեն իսկ վերադարձել են Հայաստան:
Մայիսի 15-ին՝ արտակարգ դրությունը զգոնության իրավիճակով փոխարինելուց ի վեր, դեսպանությունն իր գործառույթների ամբողջ ծավալով վերսկսել է բնականոն գործունեությունը՝ ներառյալ հյուպատոսական ծառայությունների մատուցումը:
Ինչպես արդեն նշվեց, Ռումինիայում ներկայումս գտնվող մեկ տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան՝ առաջիկա հնարավորության պարագայում: Դեսպանությունը միջոցներ է ձեռնարկում Ռումինիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կազմակերպելու նպատակով: Վերջին օրինակներից է, Ուկրաինայում ՀՀ դեսպանության մեր գործընկերների աջակցությամբ, հունիսի 7-ին Ռումինիայից Ուկրաինա և այնտեղից Հայաստան ևս մեկ ՀՀ քաղաքացու վերադարձի կազմակերպումը:
Հարց․ Եվրոպայում այժմ ակտիվորեն քննարկվում է ամառային հանգստի խնդիրը։ Հատկապես Չեխիայում և հարևան երկրներում արդիական է ամառային տուրիզմի կազմակերպման հարցը։ Ռումինիայի ծովափնյա շրջանները ե՞րբ կբացվեն օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Արտաքին սահմանների բացման մասին հայտարարություններ կա՞ն։ Երկրորդ ալիքի հետ կապված մտավախություններ կա՞ն։
Սերգեյ Մինասյան․ Ինչպես գիտեք, մայիսի 15-ից Ռումինիայում արտակարգ դրությունը փոխարինվել է զգոնության իրավիճակով, երբ դեռ հանրային բոլոր փակ վայրերում դիմակ կրելը պարտադիր է, իսկ օտար երկրներից ժամանող անձինք պետք է ենթարկվեն պարտադիր ինքնամեկուսացման:
Համաձայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների` եթե մարդիկ չհետևեն դիմակ կրելու և սոցիալական հեռավարություն պահպանելու կանոններին, երկրում շուտով կարող է սկսվել համավարակի երկրորդ ալիքը:
Ելնելով ստեղծված իրողություններից՝ երկրի իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս այս տարի ամառային հանգիստը կազմակերպել երկրի ներսում և ձեռնպահ մնալ արտերկրյա ճամփորդություններից:
Զգոնության իրավիճակը շարունակվելու է մինչև հունիսի 15-ը, սակայն հունիսի 1-ից Ռումինիան որոշ չափով թուլացրել է կարանտինի սահմանափակումները՝ բացելով նաև ծովափնյա հանգստավայրերն ու զբոսաշրջային մյուս վայրերը: Ռումինիան բավական հետաքրքիր և բազմազան երկիր է և, հետևաբար, զբոսաշրջիկները կարող են իրենց ամառային հանգիստը կազմակերպել ըստ իրենց նախասիրությունների` այցելելով միջնադարյան քաղաքներ, հին ամրոցներ, հնագույն վանքեր ու եկեղեցիներ, հոյակերտ պալատներ ու դղյակներ: Իր գեղեցկությամբ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում է, հատկապես, Ռումինիայի տարածքի մեկ երրորդը գրավող և Եվրոպայում մեծությամբ երկրորդ Կարպատյան լեռնաշղթան: Այնուամենայնիվ, ամառային շրջանում զբոսաշրջիկների մեծամասնության համար Ռումինիան գրավիչ է իր Սևծովյան լողափնյա հանգստավայրերով:
Հուսամ, որ մինչև հունիսի 15-ը Ռումինիան կհաղթահարի համավարակի ծանր պահը և կիրառվող սահմանափակումներն ավելի կմեղմացվեն: