Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 10.11.2020
10 նոյեմբերի, 202023:50 Ժոզեպ Բորելը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը: ԵՄ պաշտոնական կայք
22:10 ՄԱԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ
21:25 ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե վերջինս խախտի Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման դրույթները: ՏԱՍՍ
18:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
17:45 Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ ողբերգական պատերազմը դադարեցնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրան: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի
17:25 Ռուսաստանը հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռքբերված հայտարարության դրույթները բոլոր կողմերը կպահպանեն: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա
13:50 Թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված հայտարարությունում այդ մասին որևէ բառ չկա: Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան
13:45 Կրեմլը հերքում է Արցախում թուրքական զինված ուժերի տեղակայման մասին հայտարարությունները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով
13:40 Արցախում զոհված զինծառայողները թիվը հասավ 1302-ի: Արցախի պաշտպանության բանակ
13:20 Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատման հայտարարության պաշտոնական տեքստը
08:30 ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ուղերձը
05:00 ՀՀ զինված ուժերը սկսում է իրականացնել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին համաձայնության դրույթների կատարումը: ՀՀ պաշտպանության նախարարություն
04:45 Ռուսաստանը շուրջ 2000 խաղաղապահ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: ՏԱՍՍ
03:05 Երևանում ցուցարարները հավաքվում են կառավարական շենքերի դիմաց: Արմենպրես
02:30 Ես տվել եմ իմ համաձայնությունը՝ ժամ առաջ պատերազմը դադարեցնելու: Արցախի նախագահ
02:05 Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:
Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:
Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:
Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:
Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:
Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան