Երկկողմ հարաբերություններ

Թուրքիա Թուրքիա

Ընդհանուր տեղեկություններ

1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ:

1993թ. Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները, իսկ 1995թ. վերաբացել է օդային սահմանը:

Հայաստանն ու Թուրքիան մի քանի փորձ են կատարել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Հայաստանի նախաձեռնությամբ, 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փորձի արդյունքում, 2009թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ և ԹՀ արտաքին գործերի նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Այդուհանդերձ, Թուրքիան հրաժարվել է ողջամիտ ժամկետում վավերացնել ստորագրված արձանագրությունները: 2010թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ-ն կասեցրել է ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը, իսկ 2015թ. փետրվարի 16-ի ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից: 2018թ. մարտի 1-ի ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրվել է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը մեկնարկել է 2021թ. վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են հինգ անգամ անգամ, համապատասխանաբար՝ 2022թ. հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին, հուլիսի 1-ին և 2024թ. հուլիսի 30-ին։

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Կողմերի միջև նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետում սկսել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը:

2023թ. հունվարի 6-ին Թուրքիան պաշտոնապես ծանուցել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու բոլոր խոչընդոտները։ 2022թ․ փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։

2023թ. փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկ օր անց՝ փետրվարի 7-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամներ գործուղվել են Թուրքիայի Ադըյաման քաղաք և մինչև փետրվարի 16-ը մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Փետրվարի 11-ին հարյուր տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված հայկական հինգ բեռնատարները, հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը, ուղևորվել են Թուրքիա: Փետրվարի 15-ին նույն ճանապարհով երկու բեռնատարով Ադըյաման է տեղափոխվել Հայաստանից Թուրքիա տասներկու տոննա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը: Փետրվարի 15-ին Անկարայում կայացել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԹՀ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որից հետո նախարար Միրզոյանը Ադըյամանում այցելել է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի բեռնաթափման և հայկական որոնողափրկարարական ջոկատի տեղակայման վայրեր:

2024թ. հուլիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում, որի ընթացքում վերահաստատվել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Կողմերը պայմանավորվել են նաև տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Կարգավորման գործընթացի շրջանակներում ակտիվացել են նաև շփումները երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ԹՀ նախագահի (2022թ. հոկտեմբերի 6, Պրահա/ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով; 2024թ. սեպտեմբերի 24, Նյու Յորք/ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջան), երկու երկրների խորհրդարանների նախագահների (2023թ. մայիսի 4, Անկարա /ՍԾՏՀԿ ԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողով/, 2024թ. հոկտեմբերի 14, Ժնև /Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողով/) և ԱԳ նախարարների միջև (2022թ. մարտի 12, Անթալիա /Անթալիայի դիվանագիտական ֆորում/, 2023թ. հոկտեմբերի 23, Թեհրան /Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակ/, 2024թ. մարտի 1, Անթալիա /Անթալիայի դիվանագիտական ֆորում/, 2024թ. հոկտեմբերի 18, Ստամբուլ /Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակ/):

Այցեր

Թուրքիա

2024թ. հոկտեմբեր

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Ստամբուլ)

2024թ. մարտ

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Անթալիա)

2023թ. հունիս

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ (Անկարա)

2023թ. ապրիլ

Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ (Անկարա, ՍԾՏՀԿ ԽՎ)

2023թ. փետրվար

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Անկարա, Ադըյաման)

2022թ. մարտ

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար (Անթալիա)

2014թ. օգոստոս

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար (Անկարա)

2009թ. հոկտեմբեր

Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ (Բուրսա, ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը դիտելու նպատակով)

1997թ. ապրիլ

Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ նախագահ (Ստամբուլ, ՍԾՏՀԿ նիստին)

1993թ. ապրիլ

Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ նախագահ (Անկարա, ԹՀ նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով)

1992թ. հունիս

Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ նախագահ (Ստամբուլ, ՍԾՏՀԿ նիստ)

Հայաստան

2013թ. դեկտեմբեր

Ահմեդ Դավութօղու, ԹՀ ԱԳ նախարար (Երևան, ՍԾՏՀԿ նիստ)

2009թ. հոկտեմբեր

Ահմեդ Դավութօղու, ԹՀ ԱԳ նախարար (Երևան, ՍԾՏՀԿ նիստ)

Առևտրաշրջանառություն (հզ. ԱՄՆ դոլար)

Տարի

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2024 (հունվար-սեպտեմբեր)

321.5

240324.4

65726.6

2023

6398.5

337130.7

99707.1

2022

61198.1

263394.4

73994.0

2021

442.8

73010.9

32892.0

2020

500.7

231489.7

99114.0

2019

2223.9

268098.4

149933.0

2018

2527.7

252594.2

161993.9

 

Թարմացված է առ 27.11.2024:

Տպել էջը