Անձի քաղաքացիության մասին տեղեկանք

Անձի՝ ՀՀ քաղաքացիության առկայության կամ բացակայության մասին տեղեկանքը, որպես կանոն, պահանջվում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար՝ օտարեկրյա պետություններում կացության կարգավիճակ ձեռք բերելու, տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու և այլ գործընթացների շրջանակներում: 

Ստանալու ընթացակարգը, տեղեկություն տրամադրելու ժամկետները, տեղեկություն ստանալու իրավունք ունեցողների ցանկը և տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1154-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Ո՞վ կարող է դիմել

Յուրաքանչյուր ոք

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար

  • դիմում, (ներբեռնել)
  • անձը հաստատող փաստաթուղթ կամ դրա պատճենը,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում): Անձնագրի կորստյան դեպքում դրա վերաբերյալ տվյալներ (անձնագրի սերիա /համար, որ անձնագրային բաժնից է ստացել, որ թվականին),
  • այլ փաստաթղթեր և տվյալներ (իրավասու մարմնի պահանջով՝ անհրաժեշտության դեպքում), եթե իրավասու մարմնում առկա չէ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն, և անհրաժեշտ է պարզել վերջինիս քաղաքացիությունը։ Այս դեպքում ներկայացվում են նաև ծննդյան վկայականի, ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները,
  • չափահաս անձի կողմից ծնողի քաղաքացիության պարզման դեպքում, եթե նա մահացել է, ծնողի մահվան վկայականի պատճենը:

Վերոգրյալ փաստաթղթերի ներկայացման անհնարինության պարագայում, անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն դիմում՝ պահանջվող տեղեկատվության նկարագրությամբ:

Ներկայացուցչի կողմից գրավոր հարցման պարագայում վերոնշյալ փաստաթղթերից բացի ներկայացվում են

  • անձի կողմից տրված լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում),
  • լիազորողի և լիազորված անձի անձնագրերի պատճենները:

Որտե՞ղ դիմել անձի  քաղաքացիության տեղեկանք ստանալու համար

Քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքը Հայաստանի Հանրապետությունում տրամադրում է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, իսկ օտարերկրյա պետությունում՝ ՀՀ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

Անձի քաղաքացիության տեղեկանքի համար պետական տուրքի չափը և վճարման եղանակը

https://www.e-payments.am/hy/consular_services/step2/cservice=48/

Կարևոր ծանոթագրություն

Անձի քաղաքացիության տեղեկանքը վավերական է տրամադրման պահից վեցամսյա ժամկետում:

Տպել էջը