Հյուպատոսական հաշվառում
ԿԱՆԳՆԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Ինչ է հյուպատոսական հաշվառումը
Հյուպատոսական հաշվառումը ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կամավոր հայտնելու գործընթաց է:
Որն է հյուպատոսական հաշվառման նպատակը
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:
Ինչպես է հնարավոր կանգնել հյուպատոսական հաշվառման
ՀՀ քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար կարող են դիմել.
- անձամբ,
- փոստով,
- հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով` https://consular.e-gov.am/am
Դիմումի ձևեր
Անձամբ կամ փոստի միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված դիմումներից մեկը կամ դիմումի ձևերը լրացնել առցանց, եթե օգտվում եք հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգից։
- մինչև 183 օր ժամկետով (ժամանակավոր) օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում.
- 183 օրից ավելի ժամկետով (մշտական) օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում՝ ՀՀ-ում հաշվառման հասցեի փոփոխմամբ.
Լրացված դիմումը փոստային ծառայության միջոցով կարող եք ուղարկել ՀՀ մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) կամ ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ ներկայացնել անձամբ։
Ինչ տարբերություն կա ժամանակավոր և մշտական հյուպատոսական հաշվառումների միջև
- Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր Հայաստանի Հանրապետությունում ունեցած հաշվառման հասցեով։
- մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով։
Եթե քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցե, ապա մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով։
Օտարերկրյա պետությունում քաղաքացու գտնվելու մասին տվյալները (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարող է օգտագործել արտակարգ իրավիճակում քաղաքացիների հետ կապ հաստատելու, կարևոր տեղեկություններ հաղորդելու, անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
Ինչ իրավական հետևանք կարող է առաջացնել հյուպատոսական հաշվառման կանգնելը
- հյուպատոսական հաշվառման կանգնելը և օտարերկրյա պետության հասցեով հաշվառվելը չի սահմանափակի Ձեր իրավունքները,
- ՀՀ բնակության հասցեով կամ օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառված լինելը որևէ կերպ չի ազդում Ձեր սեփականության իրավունքի վրա։
Օրինակ 1։ Քաղաքացին կարող է ՀՀ-ում ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 բնակարան, սակայն հաշվառված լինել դրանցից միայն մեկում, քանի որ քաղաքացին իրավունք ունի հաշվառվել բնակության միայն մեկ հասցեով։ Մյուս 2 բնակարանների նկատմամբ իր սեփականության իրավունքը դրանից չի փոփոխվում և չի կարող փոփոխվել, քանի որ անշարժ գույքի սեփականության իրավունքը և այդ հասցեում հաշվառված լինելը փոխադարձ կապի մեջ չեն։
Օրինակ 2։ Քաղաքացին կարող ՀՀ-ում ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 բնակարան, սակայն հաշվառված լինել ՌԴ-ում իր մշտական բնակության հասցեով։ Դա որևէ կերպ չի կարող ազդել անշարժ գույքի իր սեփականության իրավունքի վրա։
Պահանջվող փաստաթղթերի ցանկը
- Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին առցանց կամ թղթային եղանակով ներկայացնում է միայն դիմում։
- մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին առցանց կամ թղթային եղանակով ներկայացնում է.
1. դիմում
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (սկան արված կամ լուսանկարված)
3. մինչև 16 տարեկան անձանց դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը (սկան արված կամ լուսանկարված),
4. զինապարտների դեպքում (18-50 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիներ)՝ զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը (սկան արված կամ լուսանկարված),
5. առկայության դեպքում՝ օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (սկան արված կամ լուսանկարված)։
Անձնական տվյալների պաշտպանությունը
Հյուպատոսական հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
Կարգավորող իրավական ակտեր
«Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված