Մշակութային եղեռն
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի մեջ:
Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյանները, զավթել եկեղեցական գույքը:
Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը` փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «...Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ էր ստեղծել, որոնք զբաղվում էին լքյալ գույքի վաճառքով: Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով էին վաճառվում... Ես մի անգամ գնացի եկեղեցի տեսնելու, թե ինչպես է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ էին: Գիտական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար»:
Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության` Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:
Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում, քանզի այդ հուշարձանները դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:
Թուրքիայում 1920-ական թթ.-ից սկսվել է նաև Արեւմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արեւմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել են: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով, ծրագրավորված ոչնչացվել են հարյուրավոր ճարտարապետական հուշարձաններ կամ չեզոքացվել է դրանց հայկական ինքնությունը:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:
Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվել են որպես շինանյութ: Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:
1987 թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվին, մշակույթին, կրթական համակարգին` միաժամանակ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:
Հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը կամ դրա ապօրինի յուրացումը` հայերի դեմ իրագործած ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:
Ներկայացված են հայ միջնադարյան հուշարձաններ` ավերված Հայոց ցեղասպանության տարիներին և հաջորդող ժամանակաշրջանում.
Հոռոմոսի վանք, 10-11րդ դարեր
- Հոռոմոսի վանքը մինչև 1965թ. և 1998թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Անիի Ս. Փրկիչ եկեղեցի, 11-րդ դար
- Հուշարձանը 1910-ական թթ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Բագնայրի վանք, 11-13րդ դարեր, գուղ Բագնայր (Ղոզլուջա)
- Հուշարձանը մինչև 1960-ական թթ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Խծկոնքի վանք, 11-13րդ դարեր
- Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
- Վանական համալիրը 1966թ.` պայթեցումից հետո
- Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
- Վանական համալիրը մեր օրերում (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
- Վանական համալիրը 20-րդ դարի սկզբին
- Վանական համալիրը 2000թ-ին` 1966թ. պայթեցումից հետո (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Տեկորի տաճար, 5-րդ դար
- Հուշարձանը մինչև 1912թ. և 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի
Բագրևանդի Ս. Հովհաննես եկեղեցի, 613-619թթ.
- Հուշարձանը մինչեւ 1966թ. եւ 2000թ-ին (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
- Անի, միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք, քաղաքի զինանշանը 1910-ական թթ. եւ 2000թ-ին` թուրքական վերանորոգումից հետո
- Վան, Աղբակի գավառ, Ս. Բարդուղիմեոս Առաքյալի վանք, 1913թ. եւ 1980թ. (լուսանկարը` Ա Հախնազարյանի )
- Վան, Լիմ կղզու մենաստանը հյուսիս-արեւելյան կողմից, (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
- Մուշ, Ս. Առաքելոց վանք, 4-15րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
- Մուշ, Ս. Կարապետ վանքը հարավ-արեւելյան կողմից, 4-18րդ դարեր, 1900-ականների սկիզբ
- Մուշ, Չանկլի գյուղ, Ս. Կարապետ վանքի տեղանքը, 2000թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
- Ռշտունիքի շրջան, Նարեկավանքը հարավ-արեւմտյան կողմից, 1900-ականների սկիզբ
- Վան, Ռշտունիքի շրջան, ավերված Նարեկավանքի տեղում կառուցված մզկիթ, 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
- Վան, Կողբանց գյուղ, Սալնապատ վանքի ավերակները հարավ-արեւմտյան կողմից, 10-13րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
- Վան, Շուշանց գյուղ, Կրմրավոր Ս. Աստվածածին վանքի տեղանքը, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
- Վան, Վարագավանք, 10-11-րդ դարեր, 1900-ականների սկիզբ և 2004թ. (լուսանկարը` Ս. Կարապետյանի)
Լուսանկարները վերցված են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքից` www.raa.am