2023թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունների լուսաբանման համար լրատվամիջոցների հավատարմագրման ընթացակարգ
Օտարերկրյա օրենսդրության հիման վրա գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, ներառյալ ԱԳՆ տարեկան հավատարմագրում անցած լրագրողները, որոնք ցանկանում են լուսաբանել 2023թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվելու համար պետք է մինչև սեպտեմբերի 7-ը կարճաժամկետ հավատարմագրում անցնեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Անհրաժեշտ է media@mfa.am էլ. հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
- համառոտ ինքնակենսագրություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից որևէ մեկով),
- անձնագիր․ եթե անձնագրի ժամկետը երկարացված է՝ նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (.pdf կամ .jpg ձևաչափով),
- պաշտոնական լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով),
- պաշտոնական նամակ, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.
- լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի համար.
- լրատվամիջոցի համառոտ նկարագիրը (լրատվամիջոցի անվանումը, տեղակայման հասցեն, լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի կոնտակտային տվյալները),
- լրագրողի (լրագրողական խմբի պարագայում՝ խմբի բոլոր անդամների) անուն, ազգանունը,
- անցկացվող ընտրության անվանում և անցկացման օր,
- կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ,
- դիմումի տրման ամսաթիվ,
- լրատվական միջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրություն և ԶԼՄ կնիք:
- լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի համար.
- ազգանուն, անուն, հայրանուն (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայր,
- այն լրատվամիջոցների մասին տեղեկություն, որտեղ լրագրողը նախկինում աշխատել է (առնվազն վերջին 3-ը),
- նախկինում տպագրված հոդվածների հղումները կամ կրկնօրինակը (կից ֆայլով՝ առնվազն վերջին 5-ը),
- այն լրատվամիջոցների կամ հարթակների մասին տեղեկություն, որտեղ պատրաստված նյութերը հրապարակվելու են,
- բլոգերների և վլոգերների դեպքում՝ տեղեկություն լսարանի մեծության մասին և հարթակների հղումները,
- անցկացվող ընտրության անվանում և անցկացման օր,
- կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ,
- դիմումի տրման ամսաթիվ,
- դիմողի ստորագրություն:
ՀՀ ԱԳՆ տարեկան հավատարմագրում ունեցող օտարերկրյա օրենսդրության հիման վրա գործող ԶԼՄ ներկայացուցիչների հայտադիմում-նամակը պետք է պարունակի լրատվական միջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությունը և ԶԼՄ կնիքը, անցկացվող ընտրությունների անվանումը, օրը, ինչպես նաև դիմումի տրման ամսաթիվը:
Նկարահանող կամ տեսագրող հատուկ սարքավորումներ (օր.՝ անօդաչու թռչող սարքերի, ԱԹՍ) օգտագործելու դեպքում հայտադիմումին կցվում է դրանց տեխնիկական նկարագրության մասին տեղեկատվությունը: Խնդրում ենք հաշվի առնել, որ նման սարքավորումների որոշ տեսակների օգտագործման համար կարող են լինել սահմանափակումներ:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրումը հաստատելուն պես արտաքին գործերի նախարարությունը կտրամադրի հավատարմաքարտ, որի մասին կտեղեկացվի դիմումատուն: