Պատմություն

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատմություն

1918 թվականին Հայաստանը պետականության վերականգնմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում և հաստատում դիվանագիտական կապեր: Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի և այլ երկրների հետ: Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, Երևանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը:

Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918թ.` պաշտոնակատար, միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիրեկան Տիգրանյանը (1918-19թթ.), Համո Օհանջանյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ):

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1920թ. դեկտեմբերին ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարիատը, հանրապետության լիազոր ներկայացուցչություններ բացվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Պարսկաստանում, Կարսում:

Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) կազմավորումից հետո 1922թ. հուլիսին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ԱԳԺԿ) վերացվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրֆեդերացիայի անդամ հանրապետությունների արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության միության խորհուրդը:

1922թ. ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո ԱԳԺԿ-ն դառնում է միութենական ժողկոմատ, քանի որ ԽՍՀՄ-ը վարում էր ընդհանուր արտաքին քաղաքականություն և, ըստ այդմ, միութենական հանրապետություններն արտաքին քաղաքականություն վարելու գործառույթը պատվիրակել էին ԽՍՀՄ-ին:

Հայրենական Մեծ պատերազմի ավարտական փուլում ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է ընդլայնել միութենական հանրապետությունների լիազորությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում` մասնավորապես, նախատեսվում էր հանրապետություններին իրավունք տալ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատել արտերկրի պետությունների հետ, և նույնիսկ դրանց դարձնել ՄԱԿ-ի անդամ: Դիվանագիտական կադրեր պատրաստելու համար Երևանի պետական համալսարանում կազմակերպվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (գործել է 1945-52թթ.):

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 1944թ. ընդունված օրենքի համաձայն ԽՍՀՄ արտգործժողկոմատը ընդհանուր միութենականից վերափոխվեց միութենական-հանրապետականի, ինչը նշանակում էր, որ միութենական հանրապետությունների կառավարությունների կառուցվածքում վերականգնվում են արտգործժողկոմ տները (1946թ.-ից` արտաքին գործերի նախարարություն):

Հետպատերազմական տարիներին ՀԽՍՀ արտգործնախարարությունը գործում էր ՀԽՍՀ կառավարության և ԽՍՀՄ արտգործնախարարության ղեկավարությամբ: Նախարարությունն ուներ քաղաքական տեղեկատվության և արարողակարգային-հյուպատոսական բաժիններ. նրա գործառույթներն էին քաղաքական տեղեկատվության առաքումը ՀԿԿ կենտկոմին ու ՀԽՍՀ կառավարությանը` հանրապետությանը վերաբերող արտերկրի ու միջազգային անցուդարձի վերաբերյալ արտասահմանյան պետությունների հետ հանրապետության առևտրատնտեսական, գիտական, մշակութային և այլ կապերի հյուպատոսական ապահովումը, քաղաքացիության հարցերի, քաղաքացիների արտերկրի մեկնելու համար անձնագրերի, մուտքի և ելքի արտոնագրերի (վիզաների) տրամադրում, փաստաթղթերի օրինականացում (լեգալիզացիա) և պահանջում, նամակագրությունը «ինյուր կոլեգիայի» հետ քաղաքացիների ժառանգության և գույքային այլ հարցերի շուրջ, ՀԽՍՀ իշխանական մարմինների նամակագրությունը ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան հաստատությունների հետ:

ՀԽՍՀ ԱԳՆ-ն ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մասն էր, նախարարության դիվանագիտական աշխատակիցները ստանում էին ԽՍՀՄ դիվանագիտական աստիճաններ, ժամանակ առ ժամանակ աշխատանքի էին գործուղվում ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններ: ԽՍՀՄ դիվանագիտական ծառայությունում աշխատել են նաև ՀԽՍՀ այլ ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր, որոնցից մի քանիսը ղեկավար պաշտոններ են վարել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, եղել ԽՍՀՄ արտակարգ ու լիազոր դեսպաններ:

1975-85թթ. ՀԽՍՀ ԱԳՆ-ն մեծ ու բեղմնավոր աշխատանք կատարեց Սփյուռքում ծավալվող զարգացումների, հայկական հարցի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու և հանրապետության ղեկավարության որոշումների նախապատրաստելու, քաղաքական հայագիտության զարգացման ուղղությամբ:

ՀԽՍՀ ԱԳՆ-ի փոքրաթիվ աշխատակազմի համար մեծ փորձություն դարձավ 1988թ. ավերիչ երկրաշարժը և նրան հետևած ժամանակաշրջանը, երբ անհրաժեշտ եղավ զբաղվել արտերկրից ժամանող զանգվածային մարդասիրական օգնության կազմակերպման, ինչպես նաև քաղաքական, դիվանագիտական ու հյուպատոսական ապահովման հարցերով:

Ղարաբաղյան շարժման 1988թ. ծավալմամբ ՀԽՍՀ ԱԳՆ-ն հանրապետության ղեկավարությանը տեղեկատվություն էր հաղորդում Հայաստանում ու ԽՍՀՄ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին:

ԽՍՀՄ-ում վերակառուցման տարիներին, հատկապես, 1988թ. երկրաշարժից հետո, ՀԽՍՀ ղեկավարությունը մի քանի անգամ (սակայն, ապարդյուն) Մոսկվայի առջև հարց էր բարձրացրել ԽՍՀՄ ԱԳՆ արտերկրի հիմնարկություններում, հատկապես, մեծաքանակ հայ համայնքներ ունեցող երկրներում, հանրապետության ներկայացուցիչների ավելի լայն ներգրավման վերաբերյալ: Այսպես, ՀԽՍՀ-ի կողմից երաշխավորված դիվանագետներ են աշխատել Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությունում 1960-82թթ.
Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի (ժողկոմի) պաշտոնը վարել են Ալեքսանդր Բեկզադյանը (1920-21թթ.), Ասքանազ Մռավյանը (1921-22թթ.` միաժամանակ Հայկական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհի) նախագահի տեղակալ), Սահակ Կարապետյանը (1944-46թթ., միաժամանակ` ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ), նախարար են եղել Սահակ Կարապետյանը (1946-47թթ.` միաժամանակ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ), Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը (1947-54թթ., միաժամանակ` 1947 թվականից` Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ԱՕԿՍ) վարչության նախագահ և 1948 թվականից` ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության պետ), Անտոն Քոչինյանը (1954-58թթ., միաժամանակ` ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ), Բալաբեկ Մարտիրոսյանը (1958-72թթ., միաժամանակ`1959-61թթ.` ՀԽՍՀ նախարարների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ), Կամո Ուդումյանը (1972-75թթ.), Ջոն Կիրակոսյանը (1975-85թթ.), Անատոլի Մկրտչյանը (1986-91թթ.):

Հայաստանի անկախության հռչակմամբ (1991թ.) հանրապետության ԱԳՆ գործունեությունը ենթարկվեց արմատական փոփոխության: Հաշվի առնելով ՀՀ նոր կարգավիճակը միջազգային հարաբերություններում՝ նախարարության կառուցվածքն ու աշխատակազմի քանակը համապատասխանեցվեց անկախ պետության արտաքին քաղաքականությունն իրականացնելու պահանջներին:

Ընդունվեցին ՀՀ օրենքները «Դիվանագիտական աստիճանների մասին» «Դիվանագիտական ծառայության մասին» «Հյուպատոսական ծառայության մասին», ԱԳՆ համակարգը կարգավորող մի շարք իրավական ակտեր: Բարձրագույն դիվանագիտական աստիճանների առաջին շնորհումները տեղի են ունեցել ՀՀ նախագահի 1992թ. հուլիսի 27-ի հրամանագրով:

2016 թվականի սկզբից ՀՀ ԱԳՆ գտնվում է Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված կառավարական համալիրում, որի ճարտարապետն է Նարեկ Սարգսյանը: 1996 թվականից 2016 թվականը ՀՀ ԱԳՆ գտնվել է Հանրապետության հրապարակում` Կառավարական 2-րդ շենքում, որը կառուցվել է 1955թ. ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծով: 1991-1996թթ. ԱԳՆ տեղակայված է եղել այն շենքում, որտեղ ներկայումս գտնվում է ՀՀ Սահմանադրական դատարանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում ու ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Նախարարության կառավարումն իրականացնում են վարչապետը և նախարարը:

Սկսած 1999թ.-ից՝ ամեն տարի գումարվում են արտերկրում ՀՀ դեսպանների ամենամյա խորհրդաժողովներ: Մի քանի անգամ անց են կացվել ՀՀ դեսպանների տարածաշրջանային հավաքներ:

2009թ.-ից գործում է Հայաստանի դիվանագիտական դպրոցը:

ՀՀ ԱԳՆ-ն ունի իր գերատեսչական պարգևները. 2002թ. սահմանվել է նախարարության պատվո հուշամեդալ, 2009թ.` «Ջոն Կիրակոսյանի 80-ամյակ» մեդալ:

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության (1992թ.), մի շարք այլ միջազգային կազմակերպությունների (ԵԱՀԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ, Եվրոպայի խորհուրդ, ՍԾՏՀԿ) անդամ: 2022թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 179 երկրների հետ: 

ՀՀ արտաքին գործերի նախարարներ են եղել Աշոտ Եղիազարյանը (պաշտոնակատար` 1990-1991թթ.), Րաֆֆի Հովհաննիսյանը (1991-1992թթ.), Արման Կիրակոսյանը (պաշտոնակատար` 1992-1993թթ.), Վահան Փափազյանը (1993-1996թթ.), Ալեքսանդր Արզումանյանը (1996-1998թթ.), Վարդան Օսկանյանը (1998-2008թթ.), Էդվարդ Նալբանդյանը (2008-2018), Զոհրաբ Մնացականյանը (2018-2020), Արա Այվազյանը (2020-2021), 2021թ. օգոստոսից ԱԳ նախարարն է Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳՆ

Պաշտոնական անվանում:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Պաշտոնական կայք:

www.mfa.am

Տպել էջը