Միջազգային կազմակերպություններ

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

1993թ. սեպտեմբերին Պայմանագրին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ. ապրիլի 20-ին 5 տարի ժամկետով: Պայմանագրի երկարաձգման մասին արձանագրությունը 1999թ. ստորագրեցին 6 պետություններ (բացառությամբ Ադրբեջանի, Վրաստանի և Ուզբեկստանի):

2002թ. մայիսի 14-ին հիմնվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Նույն թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրվել է ՀԱՊԿ Կանոնադրությունը: 2004թ. դեկտեմբերի 2-ից Կազմակերպությունն ունի ՄԱԿ ԳԱ դիտորդի կարգավիճակ:

Հայաստանը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է։

ՀԱՊԿ գերագույն մարմին է հանդիսանում Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ), որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից: ՀԱԽ նախագահ է համարվում Կազմակերպությունում նախագահությունն ստանձնած պետության ղեկավարը: Հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է Կազմակերպության գործունեությանը վերաբերող սկզբունքային հարցերը, ինչպես նաև ընդունում է վերջինիս նպատակների և խնդիրների իրագործմանն ուղղված որոշումներ և ապահովում է այդ ուղղությամբ անդամ պետությունների համատեղ գործունեության համակարգումը։

ՀԱՊԿ խորհրդատվական և գործադիր մարմիններ են հանդիսանում` Արտաքին գործերի նախարարների խորհուրդը (ԱԳՆԽ), որն իրականացնում է արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության համակարգումը, Պաշտպանության նախարարների խորհուրդը (ՊՆԽ), որը համակարգում է անդամ պետությունների փոխգործակցությունը ռազմական քաղաքականության, ռազմական շինարարության, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտներում, և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն (ԱԽՔԿ), որը զբաղվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության համակարգմամբ։

ՀԱՊԿ Մշտական խորհուրդը միջնստաշրջանային ժամանակահատվածում զբաղվում է անդամ պետությունների՝ կազմակերպության մարմինների կողմից ընդունված որոշումների իրականացման հարցում փոխգործակցության համակարգմամբ։ Վերջինիս կազմում ներառված են անդամ պետությունների Մշտական և Լիազոր ներկայացուցիչները:

ՀԱՊԿ Քարտուղարությունը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որն իրականացնում է ՀԱՊԿ մարմինների կազմակերպական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովումը։

ՀԱՊԿ Միացյալ շտաբը մշտապես գործող մարմին է, որը պատասխանատու է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի վերաբերյալ առաջարկների նախապատրաստման, ինչպես նաև ռազմական համագործակցությանը վերաբերող որոշումների գործնական իրականացման կազմակերպման և համակարգման համար։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը ՀԱՊԿ միջխորհրդարանական համագործակցության մարմին է: Վերջինս քննարկում է անդամ պետությունների՝ միջազգային, ռազմաքաղաքական, իրավական և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերը և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին և այլ կանոնադրական մարմիններին, ինչպես նաև անդամ պետությունների խորհրդարաններին։

ՀԱՊԿ օժանդակ մարմիններ են հանդիսանում`

ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը (ՌՏՀՄՀ) քննարկում և մշակում է առաջարկություններ՝ ուղղված բազմակողմ ռազմատնտեսական համագործակցության ապահովմանը մի շարք ոլորտներում։

ՌՏՀՄՀ նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, որպես կանոն, ոչ պակաս քան տարեկան երկու անգամ։ Հանձնաժողովի ամենօրյա գործունեությունը ղեկավարելու նպատակով նշանակվում է ՌՏՀՄՀ քարտուղարը՝ Քարտուղարության աշխատակիցներից։

Արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհուրդը (ԱԻՀԽ) համակարգում է անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում։

Թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդման հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդը քննարկում է թմրանյութերի շրջանառությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը և ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր, համակարգում է լիազոր մարմինների աշխատանքը, համագործակցում է ԱՊՀ, ՇՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

ՀԱՊԿ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդը աջակցում է ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համաձայնեցված հատուկ գործողությունների և օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը, ապահովում է լիազոր մարմինների փոխգործակցությունը ապօրինի միգրացիային և դրա հետ կապված իրավախախտումներին հակազդման արդյունավետության բարձրացման նպատակով, մշակում է գործնական միջոցների ձեռնարկման վերաբերյալ առաջարկություններ։

ՀԱՊԿ խորհրդատվական և գործադիր մարմիններին կից գործում են հետևյալ աշխատանքային խմբերը՝

  • Աֆղանստանի հարցերով աշխատանքային խումբը,
  • Ռազմական կոմիտեն,
  • Տեղեկատվական անվտանգության և քաղաքականության հարցերով աշխատանքային խումբը։ 

ՀԱՊԿ հովանու ներքո իրականացվում են «ԿԱՆԱԼ» հակաթմրանյութային տարածաշրջանային համալիր գործողությունը, «ՆԵԼԵԳԱԼ» ապօրինի միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի գործողությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված «ՊՐՈՔՍԻ» գործողությունը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացիների հավաքագրումը, ինչպես նաև վերջիններիս կողմից ահաբեկչական գործունեությունում ներգրավումը կանխելուն, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ռեսուրսային բազայի չեզոքացմանն ուղղված «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառումները։

ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ձևավորվել են ՀԱԽ 2009թ. փետրվարի 4-ի որոշմամբ և նախատեսված են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությանն ուղղված սպառնալիքներին և վտանգներին օպերատիվ արձագանքման համար:

Հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերը ձևավորվել են ՀԱԽ 2001թ. մայիսի 25-ի որոշմամբ և նախատեսված են նշյալ տարածաշրջանի ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված խնդիրների իրականացման համար։

2007թ. հոկտեմբերի 6-ին ստորագրվել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը։

ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերը ձևավորվել են 2014թ. դեկտեմբերի 23-ին ՀԱԽ որոշմամբ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ապահովման և փոխադրումների օպերատիվության բարձրացման նպատակով։

ՀՀ Վարչապետի, Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունները մասնակցել են 2018թ. նոյեմբերի 8-ին ՀԱԽ նստաշրջանին ու տարվա ընթացքում անցկացված ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ նիստերին:

Հատկանշական է, որ ՀԱԽ նստաշրջանի ընթացքում որոշում է ընդունվել ՀԱՊԿ-ում գործընկերության և դիտորդության ինստիտուտների իրավական ձևակերպման մասին, ինչը կնպաստի ՀԱՊԿ-ի կողմից այլ պետությունների կամ միջազգային կառույցների հետ գործընկերային հարաբերությունների առավել կանոնակարգմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալմանը։

Օգոստոսին հայաստանյան կողմը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց։ Հաշվի առնելով, որ գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամ դադարեցման դեպքերում Կազմակերպության նորմատիվ իրավական բազան չի նախատեսում գործողությունների հստակ ընթացակարգ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ մեկնարկել են այդ մասով բացը լրացնելու աշխատանքները։

2018թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում, իսկ դեկտեմբերի 6-ին Միլանում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների ձևաչափով ավանդական աշխատանքային հանդիպումները։

Մայիսի 22-ին Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի նախագահությամբ։

Նիստի ընթացքում ԱԳ նախարարներն ընդունել են Նացիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակին նվիրված հայտարարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին ուղղված բաց ուղերձը՝ փոխվստահության ամրապնդման և համագործակցության զարգացման մասին։

Նիստի ընթացքում որոշվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար ՀԱԽ դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղար Ս.Զասի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով 2020թ. հունվարի 1-ից։

Միաժամանակ որոշում է ընդունվել հանձնարարել ՀԱՊԿ Մշտական խորհրդին և Քարտուղարությանը մշակել և Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնել առաջարկներ ՀԱՊԿ քարտուղարության մասին կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Տպել էջը