Միջազգային կազմակերպություններ
ՄԱԿ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՊԳԿ)

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) առաջնորդում է սովի հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերը: ՊԳԿ-ի գերնպատակն է ամենուրեք մարդկանց ապահովել ակտիվ և առողջ կյանքի համար անհրաժեշտ բավարար քանակությամբ բարձրորակ սննդի կայուն աղբյուրներով:
ՊԳԿ-ն ՄԱԿ-ի համակարգի խոշորագույն մասնագիտացված գործակալություններից մեկն է և գյուղատնտեսական, անտառային տնտեսության, ձկնատնտեսության և գյուղական զարգացման ուղղվածությամբ համաշխարհային առաջատար կազմակերպությունը:
1945թ. հիմնադրված կազմակերպությանն այսօր անդամակցում է 194 երկիր, երկու ասոցացված անդամ երկիր, ինչպես նաև մեկ կազմակերպություն՝ Եվրոպական միությունը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՊԳԿ-ն ընդհանուր առմամբ միավորում է 53 երկիր, ներառյալ Հայաստանը:
ՊԳԿ-ի աշխատանքն առաջնորդվում է անդամ երկրների կողմից հաստատված հետևյալ հինգ ռազմավարական նպատակներով՝
- նպաստել սովի, սննդամթերքի պակասի և թերսնման հաղթահարմանը;
- գյուղատնտեսության, անտառային և ձկնային տնտեսությունների գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ և կայուն;
- հաղթահարել աղքատությունը գյուղական շրջաններում;
- ապահովել գյուղատնտեսական և պարենային համակարգերի արդյունավետությունը;
- մեծացնել ապրուստի աղբյուրների դիմակայունությունն աղետների նկատմամբ:
ՊԳԿ-ն Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը ՊԳԿ-ին անդամակցել է 1993թ., իսկ ՊԳԿ-ի ներկայացուցչության գրասենյակը Հայաստանում բացվել է 2004թ.: ՊԳԿ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը կազմակերպության աջակցությունն է ստացել՝ իրականացնելու զարգացման և արտակարգ իրավիճակների տարատեսակ ծրագրեր, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրողականության և երկրում սննդով ապահովվածության մակարդակի բարձրացմանը:
ՊԳԿ-ի աջակցությունը Հայաստանում 2024-2025 թվականներին կառաջնորդվի Երկրի գործընկերության շրջանակով (ԵԳՇ/CPF), որը կենտրոնացած կլինի երկու հիմնական արդյունքների վրա: Այս արդյունքները սերտորեն համընկնում են Միավորված ազգերի կազմակերպության ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում 2020-2030 թվականների տնտեսական զարգացումն ապահովող հիմնական զարգացման ուղղությունների ռազմավարության, պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2020 թ. Կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև ՊԳԿ-ի 2022-2031 թվականների ռազմավարական շրջանակի հետ:
Երկրի գործընկերության շրջանակ (ԵԳՇ) արդյունք 1. Մարդիկ, համայնքները և շրջանները օգտվում են արդար տնտեսական հնարավորություններից, արժանապատիվ աշխատանքից և կայուն ապրուստից, որոնք հնարավոր են դառնում մրցունակության և ներառական կանաչ աճի միջոցով (ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի Արդյունք 4):
Երկրի գործընկերության շրջանակ (ԵԳՇ) արդյունք 2. Էկոհամակարգերը կառավարվում են կայուն կերպով, և մարդիկ օգտվում են մասնակցային և ճկուն զարգացումից և կլիմայական խելացի լուծումներից (ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի Արդյունք 5).
2024թ․ մարտի 15-ից Հայաստանում ՊԳԿ ծրագրերի համակարգողն է Բոտագոզ Նարտաևան։
Թարմացված է՝ 12.03.2025թ.