Միջազգային կազմակերպություններ

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

ԿԽՄԿ հիմնական առաքելությունն ու կարգավիճակը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի առաքելությունը պատերազմից և ներքին ընդհարումներից տուժածներին օգնելը և նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Ստեղծվելով 1863 թվականին՝ շվեյցարացի Անրի Դյունանի կողմից, ԿԽՄԿ-ն հիմք դարձավ Միջազգային կարմիր խաչի և կարմիր մահիկի շարժման ձևավորման համար:

ԿԽՄԿ-ի գործունեությունը հիմնված է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների վրա:

Ժնևյան չորս կոնվենցիաները և հատկապես առաջին արձանագրությունը ԿԽՄԿ-ին տալիս են զինված հակամարտությունների դեպքում գործելու հատուկ մանդատ, որի համաձայն ԿԽՄԿ-ն իրավունք ունի այցելել ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց:

Հայաստանը վավերացրել է Ժնևի 1949թ. կոնվենցիաները և երեք լրացուցիչ արձանագրությունները։

ԿԽՄԿ-ն ունի առանձնահատուկ միջազգային իրավաբանական կարգավիճակ և իրավասուբյեկտություն։ Թեև ԿԽՄԿ-ի հատուկ մանդատն ամրագրված է Ժնևի կոնվենցիաներով, այն միևնույն է չի հանդիսանում de jure միջազգային միջկառավարական կազմակերպություն, քանի որ չունի հիմնադիր պայմանագիր և չի կառավարվում պետությունների կողմից։

Չնայած դրան՝ ԿԽՄԿ-ն de facto վայելում է գրեթե նույն իրավունքները և արտոնությունները, որով օժտված են դասական միջազգային կազմակերպությունները։ Այդ իսկ պատճառով գործընկեր պետությունների հետ ԿԽՄԿ-ն կնքում է կարգավիճակի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր՝ տվյալ պետությունում լիարժեք ու արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով։

ԿԽՄԿ-ի բարձրագույն ղեկավար մարմինը Վեհաժողովն է («Assembly»)։ Այն կազմված է 15-ից 25 անդամներից, ովքեր պարտադիր պետք է լինեն Շվեյցարիայի քաղաքացիներ։ Վեհաժողովը ընտրում է նախագահ, ով միևնույն ժամանակ համարվում է ԿԽՄԿ նախագահը։ Վերջինս ներկայացնում է կազմակերպությունը միջազգային հարթակներում։

ԿԽՄԿ վերաբերյալ տեղեկությունը հասանելի է հետևյալ կայքէջում՝ https://www.icrc.org/en/who-we-are/mandate

ԿԽՄԿ ներկայությունը Հայաստանում և Արցախում

Հայաստանում ԿԽՄԿ-ն գործում է 1992 թվականից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով:

Հայաստանում ԿԽՄԿ գործունեության իրավաբանական հիմքը 1993թ. կնքված «ՀՀ կառավարության և ԿԽՄԿ միջև Հայաստանի Հանրապետությունում ԿԽՄԿ կարգավիճակի» մասին համաձայնագիրն է, որով ԿԽՄԿ-ի կարգավիճակը համատեղվում է միջազգային միջկառավարական կազմակերպությունների կարգավիճակի հետ:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած բնակչությանն աջակցելու  անհրաժեշտությունը՝ ԿԽՄԿ գործում է Արցախում 1992թ.-ից՝ հիմք դնելով Ստեփանակերտում ԿԽՄԿ առաքելությանը:

1994թ. Արցախի և ԿԽՄԿ միջև ստորագրվել է «Փոխըմբռման հուշագիր»։ Փաստացի, ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն ծավալող միակ կազմակերպությունն է, որը ներկայացված է Արցախում։

ՀՀ-ԿԽՄԿ համագործակցության ներկայիս շրջանակը

Ներկայումս ԿԽՄԿ գործունեությունն ուղղված է 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրմանը, այդ թվում կազմակերպությունն իրականացնում է՝

  • Այցելություն Ադրբեջանի կողմից հաստատված հայ ռազմագերիներին, վերջիններիս և նրանց ընտանիքների/հարազատների միջև շփումների ապահովում՝ նամակագրության և տեսաձայնագրությունների տեսքով;
  • Աջակցություն հայկական կողմի՝ 1990 և 2020թթ. անհայտ կորած անձանց ընտանիքներին/հարազատներին:
  • Աջակցություն ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչությանը;
  • Աջակցություն զոհված հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին:

ՀՀ-ում ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ տեղեկությունը հասանելի է հետևյալ կայքէջում՝  https://www.icrc.org/en/where-we-work/europe-central-asia/armenia

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա

Ստեղծման պատմություն

ԿԽԿՄԸՄՖ-ն հիմնադրվել է 1919 թվականին Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ի սկզբանե այն կոչվել է Կարմիր խաչի ընկերությունների լիգա։ Լիգայի առաջնային նպատակն էր պատերազմի ժամանակ մեծապես տուժած երկրների բնակչության առողջության բարելավումը: Այն նաև նպատակ ուներ բարելավել արդեն իսկ գոյություն ունեցող Կարմիր խաչի Ընկերությունները և խթանել նորերի ստեղծումն ամբողջ աշխարհում:

1983 թվականին այն դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների լիգա և արդեն 1991 թվականին այն անվանվեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա (ԿԽԿՄԸՄՖ)։

Առաքելություն

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (ԿԽԿՄԸՄՖ) աշխարհի ամենամեծ մարդասիրական ցանցն է: Այն կազմված է 191 Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերություններից, որոնք հաճախ կոչվում են Ազգային ընկերություններ: Նրանց դերերը տարբերվում են կախված երկրից, բայց բոլորին միավորում են ընդհանուր հիմնարար սկզբունքները (մարդասիրություն, անաչառություն, չեզոքություն, անկախություն, կամավոր ծառայություն, միասնություն և համընդհանրություն): Կարմիր խաչի և Կարմիր մահիկի Ազգային ընկերությունները պետական կառույցներ չեն, միևնույն ժամանակ դրանք չի կարելի անվանել նաև բոլորովին անջատ ոչ կառավարական կազմակերպություններ: Ավելի շուտ ազգային ընկերությունները կարելի է կոչել հումանիտար ոլորտում պետության աջակիցներ: ԿԽԿՄԸՄՖ քարտուղարությունը աջակցում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի Ազգային ընկերությունների գործունեությանը ավելի քան 192 երկրում՝ համախմբելով գրեթե 15 միլիոն կամավորի:

ԿԽԿՄԸՄՖ-ն ստեղծել է 50 համակարգող (կլաստերային) գրասենյակ, որոնք ղեկավարվում են 5 տարածաշրջանային գրասենյակների (Աֆրիկա, Ամերիկա, Ասիա Խաղաղօվկիանոսյան, Եվրոպա և Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա) և կենտրոնակայանի կողմից, որը գտնվում է Ժնևում: Ֆեդերացիայի շահառու է դառնում ամեն տարի շուրջ 160 միլիոն մարդ՝ երկարաժամկետ ծառայությունների, զարգացման ծրագրերի և աղետներին արձագանքելու շրջանակներում:

ԿԽԿՄԸՄՖ-ն և Հայաստանը

ԿԽԿՄԸՄՖ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում, ներառյալ Հայաստանում, ներկայացված է 1992 թվականից՝ տրամադրելով լայնածավալ մարդասիրական օգնություն: ԿԽԿՄԸՄՖ-ն Հարավային Կովկասում ունի տարածաշրջանային երկրների համակարգող (կլաստերային) պատվիրակություն, որը գտնվում է Թբիլիսիում (Վրաստան): Այն աջակցում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի երեք ազգային ընկերություններին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում և գտնվում է Բուդապեշտում գտնվող Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի համակարգման ներքո:

ԿԽԿՄԸՄՖ-ն Հայաստանում բացեց իր պատվիրակությունը 1988 թվականի դեկտեմբերի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ֆեդերացիայի հայաստանյան պատվիրակությունում աշխատել է ավելի քան 250 պատվիրակ՝ 20 երկրից:  Հայաստանում Ֆեդերացիայի պատվիրակությունն ավարտել է իր գործունեությունը 2014թ. դեկտեմբերին և 2020 թվականին կրկին վերաբացել է իր գրասենյակը Երևանում: Գրասենյակը վերաբացվեց հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար 2020թ աշնանը Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի արդյունքում տուժածներին, ինչպես նաև COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հայաստանում ԿԽԿՄԸՄՖ-ի ռազմավարական առաջնահերթություններն են՝ կլիման և շրջակա միջավայրը, աղետներն ու ճգնաժամերը, միգրացիան և տեղահանումը, առողջապահությունը և բարեկեցությունը (տարեցների խնամք, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ, հոգեկան առողջություն և հոգեբանական աջակցություն, ջուր, սանիտարություն և հիգիենա, հանրային առողջություն)։

ԿԽԿՄԸՄՖ-ն սերտորեն համագործակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:

 

Թարմացված է՝ 03.03.2023թ.

Տպել էջը