Միջազգային կազմակերպություններ
ՄԱԿ-ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ (ՄԱՓԳՀ/UNHCR)
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) հիմնադրվել է 1950 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատն է առաջնորդել և համակարգել աշխարհում փախստականների պաշտպանությանը և նրանց խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերը:
1951 թվականի Փախստականների մասին կոնվենցիան և դրա 1967 թվականի արձանագրությունը հիմնական իրավական փաստաթղթերն են, որոնք կազմում են ՄԱԿ ՓԳՀ աշխատանքի հիմքը: Այս երկու փաստաթղթերը սահմանում են «փախստական» եզրը և ուրվագծում փախստականների իրավունքները, ինչպես նաև նրանց պաշտպանելու պետությունների իրավական պարտավորությունները:
Հիմնական սկզբունքը չվերադարձնելն է (non-refoulement), որը պնդում է, որ փախստականին չպետք է վերադարձնեն մի երկիր, որտեղ նրա կյանքն ու ազատությունները սպառնալիքի տակ են: Սա այժմ համարվում է միջազգային սովորութային իրավունքի կանոն։
ՄԱԿ ՓԳՀ-ն ծառայում է որպես 1951 թվականի Կոնվենցիայի և նրա 1967 թվականի արձանագրության «պահապան»:
ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանում
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) իր ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում հաստատել է 1992թ.-ի դեկտեմբերին՝ աջակցելու Ադրբեջանում իրականացվող ջարդերից մազապուրծ եղած ավելի քան 500.000 հայերի, որոնցից 360 հազարն ապաստան ստացան Հայաստանում: Սկզբնական շրջանում ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործունեությունը հիմնականում իրականացրել է հրատապ մարդասիրական կարիքները հոգալու, ինչպես նաև փախստականներին կացարաններով ապահովելու ուղղությամբ:
Մինչև 2005 թվականը, համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցի, Հայաստանը գլխավորում էր յուրաքանչյուր 1000 բնակչին ընկնող առավել թվով փախստականներ ունեցող երկրների ցանկը (1000/73, որպես համեմատություն` ցանկում երկրորդը Չադն էր` 1000/28):
Առաջնորդվելով Հայաստանի զարգացման միտումներով ՄԱԿ ՓԳՀ-ն աստիճանաբար անցում է կատարել մարդասիրական օգնություն տրամադրելուց դեպի փախստականների պաշտպանությունն ու աջակցությունը կազմակերպելու և փախստականների խնդիրներին տևական լուծումներ ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կարողությունների զարգացմանը:
Ներկայումս ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը ծրագրեր է իրականացնում օժանդակելու համար 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիվ պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած բռնի տեղահանվածներին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում՝ ներքին տեղահանվածներին:
Թարմացված է՝ 03.03.2023թ.