Միջազգային կազմակերպություններ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946թ․ և աշխատում է ավելի քան 190 երկրներում և տարածքներում՝ պաշտպանելով երեխաների իրավունքները, բարելավելով վերջիններիս և նրանց ընտանիքների կյանքը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Հայաստանում պաշտոնապես աշխատում է 1994 թվականի հունվարից։

Հայաստանի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունն սկսվել է երկամյա ծրագրով, որն ուղղված էր այդ ժամանակ երկրում արտակարգ իրավիճակով պայմանավորված խնդիրների հասցեագրմանը: 1995-1999թթ. արտակարգ իրավիճակի խնդիրների շուրջ համագործակցությունը սկսեց փոխարինվել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի իրագործմանն ուղղված երկարաժամկետ նախաձեռնություններով:

1995թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունը, սնուցումն ու կրթությունը:

2022թ․ հաստատվել է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2021 (հոկտեմբեր)-2025 (դեկտեմբեր) համագործակցության և 2021 (հոկտեմբեր)-2023 (նոյեմբեր) գործողությունների ծրագիրը, որի բաղադրիչներն են սոցիալական քաղաքականությունը, առողջությունը, այդ թվում սնուցումը, կրթությունը, երեխայի իրավունքների պաշտպանությունը։ Գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսված է նաև մարդասիրական արձագանք՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուղղված ագրեսիայի արդյունքում տեղահանված երեխաների և հակամարտության ազդակիր համայնքներում բնակվող երեխաների կարիքների հասցեագրմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իրականացնում է հետևյալ գործունեությունը՝

  • Աշխատում է ՀՀ կառավարության հետ՝ բարելավելու երեխաների և կանանց առողջության ու սնուցման վիճակը՝ առաջնահերթությունը տալով ամենախոցելի խմբերի կարիքներին,
  • Աջակցում է ՀՀ կառավարությանը բոլոր դպրոցները ներառական և երեխայակենտրոն դարձնելու գործընթացում,
  • Աջակցում է Հայաստանին՝ ապահովելու վաղ մանկության զարգացման և ուսուցման ծրագրերի հասանելիությունը բոլոր երեխաների համար,
  • ՀՀ կառավարությանն աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ավելի արդյունավետ իրացման հարցում,
  • Արդարադատության մատչելիության մասին ընկալման ընդլայնման նպատակով մշտապես ներգրավված է ՀՀ կառավարության հետ համագործակցության և հանրային իրազեկման բարձրացման գործընթացներում,
  • Գործընկերների հետ համատեղ աջակցում է մանկական աղքատության վերաբերյալ տվյալների մշակմանը՝ բացահայտելով ամենակարիքավորներին և առավել խոցելիներին՝ հիմք ստեղծելով որոշումների կայացման գործընթացի համար,
  • Ուրույն դեր ունի երեխայակենտրոն բյուջետավորման իրականացման հարցում,
  • Իրականացնում է երեխաների իրավունքների մշտադիտարկում,
  • Աշխատում է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ երեխաների դիմակայունությունն ամրապնդելու ուղղությամբ։

 

Թարմացված է՝ 03.03.2023թ.

Տպել էջը