Միջազգային կազմակերպություններ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՅՈՒՆԵՍԿՕ)
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՅՈՒՆԵՍԿՕ)

Ընդհանուր տեղեկություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք` http://www.unesco.org/new/en/member-states/

Կազմակերպության պաշտոնական կայքի` Հայաստանին վերաբերող հատվածը` http://en.unesco.org/countries/armenia

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (այսուհետ` ՅՈՒՆԵՍԿՕ) ՄԱԿ-ի 15 մասնագիտացված գործակալություններից մեկն է:

1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը`  Սահմանադրությունը  (Կանոնադրությունը), որն ուժի մեջ է մտել 1946թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո:

Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը` կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ազգերի համագործակցության միջոցով: Տարիների ընթացքում գործունեության ոլորտը զգալիորեն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև սպորտը, տեղեկատվությունը և հաղորդակցությունը, խոսքի ազատությունը, կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարը, բիոսֆերան։ Վերջին շրջանում նաև աշխատանքներ են իրականացվում արհեստական բանականության էթիկայի, մասնավորապես, կանոնների մշակման ուղղությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող ծրագրերը նպաստում են կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Այսօր Կազմակերպությունն ունի 193 լիիրավ և 11 ասոցացված անդամ:

Հայաստանն անդամակցել է 1992թ. հունիսի 9-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը գտնվում է Փարիզում:

2019թ. հունվարի 17-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակ է հանդիսանում արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին.

Գլխավոր կոնֆերանսը Կազմակերպության ղեկավար հիմնական մարմնին է: Այն գումարվում է երկու տարին մեկ անգամ և նպատակ է հետապնդում սահմանելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականության և գործունեության հիմնական ուղղությունները, այդ թվում Կազմակերպության` որոշակի ժամանակահատվածի համար նախանշված ծրագիրը, բյուջեն և միջնաժամկետ ռազմավարությունը հաստատելու նպատակով: Կազմակերպության Գլխավոր տնօրենը ընտրվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից` Գործադիր խորհրդի առաջարկությամբ: Պաշտոնավարման ժամկետը 4 տարի է: Գլխավոր կոնֆերանսն ընտրում է նաև Գործադիր խորհրդի անդամներին: Յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայն: Նստաշրջանների աշխատանքներին մասնակցում են Կազմակերպության անդամ պետությունների և ասոցացված անդամների ներկայացուցիչները: Հերթական (42-րդ) նստաշրջանը կայանալու է 2023թ. նոյեմբերին:

Գլխավոր կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, ռուսերենը, չինարենը և ֆրանսերենը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում, 2021թ.

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանի ընթացքում, 2019թ.

Գործադիր խորհուրդն իր նշանակությամբ Կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է:

Գործադիր խորհրդի նստաշրջանները գումարվում են տարին երկու անգամ` ապահովելու Գլխավոր կոնֆերանսի կողմից ընդունված Կազմակերպության ծրագրի, որոշումների պատշաճ կատարումը և իրականացնելու Գլխավոր կոնֆերանսի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:

Գործադիր խորհրդի կազմում ընդգրկված են 58 անդամ պետություններ, որոնց մանդատը 4 տարի է:

1992թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունից ի վեր առաջին անգամ Հայաստանը Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել 2021թ.: Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված են եղել չորս երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի և Ադրբեջանի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, տարածաշրջանային խմբում ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվել է Գործադիր խորհրդի կազմում։ Խմբում Հայաստանի հետ միասին ընտրվել են նաև Ադրբեջանը՝ 143 ձայնով և Լիտվան՝ 126 ձայնով։

ԳԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանն, իր հանձնառությունների և առաջնահերթությունների շրջանակներում, ջանքեր է գործադրում աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը, բոլորի համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանն ու մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։

Քարտուղարությունը Կազմակերպության գործադիր մարմինն է, որի կազմում են գտնվում Գլխավոր տնօրենը և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը:

Կազմակերպության 10-րդ գլխավոր տնօրենը Օդրի Ազուլեն է, ով պաշտոնապես նշանակվել է 2017թ.-ին՝ վերընտրվելով 2021թ.-ին: 

Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ մասնագիտացված գործակալությունն է, որն ունի Ազգային հանձնաժողովների համակարգ: Նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներն են անդամ երկրներում: Նրանք կարող են ունենալ տարբեր կառուցվածք և գտնվել տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո` կախված տվյալ երկրի ուրույն խնդիրներից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):

Հանձնաժողովն ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 10-ին:

ՀՀ վարչապետի 2015թ. հունվարի 29-ի թիվ 58-Ա որոշմամբ հաստատվել են Հանձնաժողովի ներկայիս կանոնադրությունը և կազմը:

Կանոնադրության 1-ին հոդվածի համաձայն` Հանձնաժողովը «միջգերատես­չական խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության ու տեղեկատվության ոլորտնե­րում Հայաստանի Հանրապետութան պետական մարմինների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգումն ու ապահովումն է»:

Հանձնաժողովն ամրապնդում և զարգացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունների և շրջանակների միջև կապը` ապահովելով Հայաստանի մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերին և միջոցառումներին, անհրաժեշտության պարագայում ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո հարցերի շուրջ:

Հանձնաժողովի կազմում ԱԳ նախարարից բացի ներառված են նաև ԿԳՄՍ, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, արդարադատության, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Համաձայնության սկզբունքով ընդգրկված են Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԳԱԱ նախագահը, Երևանի քաղաքապետը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրենը և Մատենադարանի տնօրենը:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ արտաքին գործերի նախարարն է, իսկ Գլխավոր քարտուղարը` ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետը: Հանձնաժողովի քարտուղարությունը գտնվում է ԱԳ նախարարության կազմում՝ որպես նույն վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժին:

Հանձնաժողովի հիմնական խնդիրները և գործառույթները շարադրված են Կանոնադրության 3-րդ և 4-րդ հոդվածներում:

Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովի բացարձակ իրավասության ներքո է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդանիշը (լոգո) տրամադրելու գործընթացը:

Բարձրաստիճան փոխայցելություններ

2018թ. hոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։

2019թ. հունվարի 17–ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար, ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյի հետ:

2020թ. դեկտեմբերի 8-ին Փարիզում՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

2021թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

2022թ. մարտի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում՝ Նախարար Միրզոյանը նշել է նաև, որ Հայաստանը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղության առաջմղմանը, զարգացմանը և արդյունավետ բազմակողմանիությանը, որոնք Կազմակերպության հիմնասյուներն են:

Հայաստանի ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարմիններում

Հայաստանը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 21 իրավական փաստաթուղթ (15 կոնվենցիա, 5 արձանագրություն, 1 պայմանագիր), այդ թվում`

  • 6 կոնվենցիա, կոնվենցիային կից 3 արձանագրություն և 1 պայմանագիր մշակույթի ոլորտում,
  • 5 կոնվենցիա և 1 արձանագրություն կրթության ոլորտում,
  • 2 կոնվենցիա հաղորդակցության և տեղեկատվության ոլորտում,
  • 1 կոնվենցիա և դրան կից 1 արձանագրություն բնական գիտությունների ոլորտում,
  • 1 կոնվենցիա սոցիալական և հումանիտար գիտությունների ոլորտում:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կանոնավոր կերպով վճարում է իր անդամավճարը: 2023 թվականի համար այն կազմել է 24,054 ԱՄՆ դոլար:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2-րդ (Արևելաեվրոպական երկրների) տարածաշրջանային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն երկրների խմբերի անդամ է:

Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գործող երկրորդ կատեգորիայի ինստիտուտների և կենտրոնների հետ: Ներկայումս ՀՀ-ն անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հետևյալ կառույցների.

  • Հարավարևելյան Եվրոպայում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոն,
  • Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության Թեհրանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն,
  • Քաղաքային ջրերի կառավարման Թեհրանի տարածաշրջանային կենտրոն,
  • Արհեստական բանականության Լյուբլյանայի հետազոտական կենտրոն,
  • Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Սանկտ Պետերբուրգի կենտրոն:

Կոնվենցիաներին կից գործում են մի շարք միջկառավարական կոմիտեներ։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներով սահմանված ցանկերում ընդգրկված հայտեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի/վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:

Ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ հայտերով`

2018թ. «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին շնորհվել է ուժեղացված պաշտպանության կարգավիճակ, որը դարձել է նման կարգավիճակ ունե­ցող Հայաստանի առաջին հուշարձանը: Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում:

Սպասողական/նախնական ցանկում են գտնվում հետևյալ հայտերը`

Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեոս Առաքյալի և Ձոր Ձորի հայկական վանական համալիրները 2008թ. գրանցվել են Համաշխարհային ժառանգության ցանկում ԻԻՀ կողմից ներկայացված հայտի հիման վրա` «Իրանի հայկական վանական համալիրներ» անվանմամբ:

Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Բագրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաք Անիի ավերակները 2016թ. գրանցվել է Ցանկում` «Անիի հնագիտական վայր» անվանմամբ:

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայով սահմանված են մի քանի ցանկեր: Կոնվենցիայում ոչ նյութական մշակութային ժառանգությունը բնութագրվում է որպես ավանդույթների, սովորույթների և մշակութային արտահայտությունների, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների այնպիսի ամբողջություն, որը մարդկանց որոշակի խմբերի, որոշ դեպքերում նաև անհատների կողմից ճանաչվում է որպես իրենց մշակութային ժառանգության մաս: Կազմակերպության կողմից տվյալ տարրը ցանկում ներառելու որոշումը չի ենթադրում սեփականության իրավունք:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ տարրերով`

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես կանոնավոր բյուջեից, այնպես էլ արտաբյուջետային աղբյուրներից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրն արտացոլում է լեզուների, մշակույթների և ժողովուրդների բազմազանությունը: Ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավա­քածուների կորուստն առանց հետքի և նպաստել դրանց լայն տարածմանը:

Ռեգիստ­րում իրենց տեղն են գտել հայկական երեք փաստագրական ժառանգության նմուշներ՝

  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրե­րի հավաքածուն (1997թ.),
  • Բյուրականի առաջին ուսումնասիրություն կամ Աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը (2011թ.),
  • Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածուն (2013թ.):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի ցանցը ստեղծվել է 1953թ.-ին: Ծրագրի ցանկում ներգրավված են 181 երկրների ավելի քան 10.000 կրթական հաստատություններ: Հայաստանում Ցանցը գործում է 1997թ. մարտից: Ներկայումս այն ներառում է հայաստանյան 10 դպրոցներ: Վերջիններս տարբերվում են մյուս դպրոցներից նրանով, որ ազգային ծրագրերի շրջանակներում համագործակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` աջակցելով Կազմակերպության արժեքների տարածմանը, նպա­տակների և խնդիրների իրակա­նաց­մանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՅՈՒՆԻԹՎԻՆ (համալսարանների թվինինգ և հաղորդակցություն, կապերի հաստատում) ամբիոնների ծրագիրը հաստատվել է 1992թ.-ին: Այն ծառայում է բարձ­րագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների կարողությունների բարե­լավ­մանը` նպաստելով դրանց միջև գիտելիքների փոխա­նակմանն ու համատեղ գործունե­ությանը: Ներկայումս Հայաստանում գործում է Կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի և շրջակա միջավայրի անվտան­գության բնա­գավառում հետազոտությունների և հետբուհական կրթության միջտա­րաշածրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանցը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հետևյալ ամբիոնները`

  • Կենսական գիտությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԳԱԱ)
  • Կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԳԱԱ)
  • Մարդու իրավունքների և ժողովրդավարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԵՊԼՀ)
  • Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կրթությանև կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն (ԵՊՀ):

Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույց

1998 թվականից առ այսօր Օրացույցում ներառված են եղել ՀՀ կողմից ներկայացված 27 հոբելյա­ներ։ Oրացույցի 2022-2023 թվականների երկամյակի համար ընդգրկված են հետևյալ հոբել­յանները՝

  • Ներսես Շնորհալու 100-ամյակը
  • Հայաստանի Պետական կինոյի հիմնադրման 100-ամյակը

Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերման հարցը

2005թ. դեկտեմբերի դրությամբ ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրել են Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը` դրանով ավարտին հասցնելով վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը:

Վանդալիստական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվել են խճազանգվածի ու նետվել Արաքս գետը: Գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել:

Չնայած գոյություն ունեցող լուսանկարային ու տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, մինչ օրս որևէ միջազգային կազմակերպություն` այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված և իրագործված այս վանդալիստական գործողություններին:

Դեռևս 1998 թվականից ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել է մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման միջազգային կազմակերպություններին` ահազանգելով Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման խնդրի մասին: Մասնավորապես, նամակներ են հղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ինչպես 1998թ., այնպես էլ 2002թ. և 2005թ.` ներկայացնելով իրավիճակն ու կոչ անելով միջոցներ ձեռնարկել Նախիջևանի հայկական հուշարձանների դեմ մշակութային եղեռնին վերջ տալու ուղղությամբ: 2005թ. հայկական կողմը հանդես է եկել նաև փաստահավաք առաքելություն կազմակերպելու նախաձեռնությամբ, որը, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարզաբանումների, անվտանգության պայմաններից ելնելով տեղի չի ունեցել:

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական մարմնի Գլխավոր Ասամբլեան 2008թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Քվեբեքում կայացած իր 16-րդ նստաշրջանի ժամանակ ընդունել է բանաձև, որի 5-րդ կետով`

  • «հրավիրում է Ադրբեջանի` որպես «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայի անդամ պետության իշխանությունների ուշադրությունը` Ջուղայի գերեզմանատան ավերման վրա և նրանց փոխանցում մշակութային արժեքների պահպանման հարցերով փորձագետների միջազգային համայնքի մտահոգությունը,
  • դիմում է Ադրբեջանի իշխանություններին` արագացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և/կամ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի` ԻԿՕՄՕՍ-ի փորձագետներից բաղկացած պատվիրակության մուտքը տեղանքն ուսումնասիրելու և միջազգային հանրությանն արդյունքների վերաբերյալ տեղեկացնելու նպատակով:

Ջուղայի խաչքարերի խնդրի մասին հայտարարություններ են արվել միջազգային տարբեր ատյաններում ու հանդիպումների ընթացքում:

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության հարցը

2020թ. 44-օրյա պատերազմից և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր Հայաստանը պարբերաբար բարձրացրել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով Արցախ և հարակից շրջաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության գաղափարը: Հայաստանը մշտապես աջակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախա­ձեռ­նությանը փորձագիտական ​​առաքելություն ուղարկե­լու վերաբերյալ և կողմ է եղել այն հնարավորինս արագ իրականացնելուն։

Հայկական կողմն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության առաջարկած բոլոր նախապայմաններն, առ այն, որ առաքելությունը պետք է իրականացվի՝

  • Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպա­նության մասին 1954 թվականի կոնվենցիային համահունչ,
  • Փորձագետները կարող են այդ տարածքներում գտնվող մշակութային արժեքներին ազատ մուտք ունենալ,
  • Առաքելության ընթացքում պետք է այցելել հայկական և ադրբեջա­նական հավասար թվով հուշարձաններ։

Հայաստանը դեմ չէ, որ փորձագետներն առաքելության ընթացքում այցելեն Ադրբեջանի կողմից առաջարկված հուշարձաններ։ Փոխարենն Ադրբեջանը խոչընդոտում է փորձագետների այցը հայկական հուշարձաններ, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ՝ կանխելու համար այս տարածք­ներում հայկական պատմական ներկայության փաստի արձանագրումը և այս ընթացքում հայկական մշակութային արժեքների դեմ իրականացված ադրբե­ջանական վայրագությունները և յուրացումը։

Ադրբեջանն այժմ պատասխանատվություն է կրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագի­տական ​​առաքելությունը չիրականացնելու համար։

 

Թարմացված է՝ 06.03.2023թ.

Տպել էջը