Միջազգային կազմակերպություններ

ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՄԱԱԶԿ)
ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՄԱԱԶԿ)

Մանդատը

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), հիմնադրվելով 1966թ.-ին և 1985թ.-ին` որպես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում իր ջանքերն ուղղում է կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը՝ աղքատության կրճատման նպատակով, ինչպես նաև խթանում է գլոբալիզացման ներառական գործընթացները և բնապահպանական կայուն զարգացումը: ՄԱԱԶԿ-ի Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ավստրիայում` Վիեննայում:

ՄԱԱԶԿ-ն իր գործունեությունը կառուցում է երեք հիմնական ծրագրային ոլորտներում.

Աղքատության կրճատում արտադրական գործունեության միջոցով,

Առևտրի և բիզնեսի զարգացման համար ազգային կարողությունների հզորացում,

Էներգետիկա և շրջակա միջավայրի պահպանություն:

ՄԱԱԶԿ-ի հայաստանյան գրասենյակը

ՄԱԱԶԿ-ի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2005թ.-ի մայիսին` ի թիվս աշխարհով մեկ ստեղծված այլ 15 գրասենյակների, որոնք բացվել են ՄԱԱԶԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում` մասնավոր սեկտորին համատեղ ջանքերով օժանդակելու և երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Հայաստանի ներկայացուցչությունը ՄԱԱԶԿ-ում

2019 թվականից ՄԱԱԶԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչն է Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Պապիկյանը:

ՄԱԱԶԿ-ի ներկայիս գործունեությունը Հայաստանում

Ներկայումս ՄԱԱԶԿ-ն իրականացնում է տեխնիկական օժանդակության ծրագրեր, որոնք ուղղված են աղքատության կրճատմանը աշխատատեղերի ստեղծման միջոցով՝ խթանելով հետևյալ ոլորտները.

ՓՄՁ-երի, մասնավորապես սկսնակ բիզնեսների զարգացում,

բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծում,

որակի ենթակառուցվածքների բարելավում,

արտահանման ուղղված արդյունաբերական ոլորտների զարգացում,

գյուղմթերքների վերամշակման և համայնքներում գործարար խմբերի զարգացում:

2022թ․ նոյեմբերի 16-ին, Երևանում, ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։

Հաջողությամբ են պսակվել մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում են

  • ագրովերամշակման արժեշղթաների ամրապնդման միջոցով ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ Հայաստանի վեց մարզում 53 գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, շահառուների թիվը՝ ավելի քան 700,
  • կարողությունների զարգացման միջոցով կանանց շրջանում ձեռնարկատիրության խթանումը։ Կարիքների վրա հիմնված, մասնագիտական և նորարարական գործիքների միջոցով ՄԱԱԶԿ-ն ստեղծել է գյուղական և քաղաքային վայրերի ավելի քան 1000 բնակչի համար զբաղվածության հնարավորություն,
  • Հայաստանին շրջանաձև և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված ջանքերում, ՄԱԱԶԿ-ն աջակցել է վերականգնվող էներգիայի և նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը, այդ թվում՝ կենսագազի կայանների ստեղծման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման միջոցով,
  • COVID-19 համաճարակի բացասական ազդեցություններին դիմակայելու նպատակով, ՄԱԱԶԿ-ն աջակցել է կարի արտադրությամբ զբաղվող հայկական տեղական ընկերություններին 2,623 հավաքածու անկողնային պարագաներ և 2,000 բժշկական համազգեստ արտադրելու հարցում։

 

Թարմացված է՝ 06.03.2023թ.

Տպել էջը