Միջազգային կազմակերպություններ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (ՄՍՀԿ/WIPO), որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է, հիմնադրվել է 1967 թվականին «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող կոնվենցիայի» հիման վրա:   ՄՍՀԿ-ին անդամակցում են 192 երկիր:

ՄՍՀԿ-ի գործունեության հիմնական նպատակն  է աջակցել Մտավոր սեփականության պահպանությանն ու զարգացմանն ամբողջ աշխարհում, մտավոր սեփականության ոլորտում մատուցել ծառայություններ և տրամադրել տեղեկատվություն, ամրապնդել համագործակցությունն անդամ երկրների հետ, ստեղծել  մտավոր սեփականության հավասարակշռված և արդյունավետ համակարգ՝ ի շահ բոլորի:

Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO)  անդամ է հանդիսանում 1993 թվականից։ ՄՍՀԿ-ի հետ համագործակցում Է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը, որն իրականացնում է մտավոր սեփականության պահպանության հետ կապված գործառույթները:

ՄՍՀԿ-ը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում և աջակցում է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը Այս տարիների ընթացքում ՄՍՀԿ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ-ում կազմակերպվել և իրականացնել են հետևյալ միջոցառումները՝

  1. տարածաշրջանային սեմինարներ, աշխատաժողովներ, աշխատանքային հանդիպումներ;
  2. ուսուցողական այցեր Իսրայել, Կորեա և այլ երկրներ մտավոր սեփականության ոլորտում նրանց լավագույն  փորձն ուսումնասիրելու և ՀՀ-ում ներդնելու համար.
  3. որակավորման բարձրացման դասընթացներ գործակալության աշխատակիցների համար.
  4. դասընթացներ, ինչպես նաև  ուսուցողական այցեր ՄՍՀԿ կենտրոնակայան՝ փորձագետների, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների համար:

Մտավոր սեփականության գործակալության մասնագետները մշտապես մասնակցում են  ՄՍՀԿ մշտական կոմիտեների աշխատանքներին, համաժողովներին, սեմինարներին, կլոր սեղան-քննարկումներին, գործնական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են մտավոր սեփականության բնագավառի զարգացման ուղիները:

ՄՍՀԿ փորձագետները խորհրդատվություն են տրամադրում նաև ՄՍ ոլորտին վերաբերող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:  

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և ֆինանսավորմամբ թարգմանվել, ադապտացվել և հրատարակվել են շուրջ 15 ձեռնարկներ՝ նախատեսված ուսումնական հաստատությունների ուսանողների, փոքր և միջին ձեռնարկությունների համար:  

Տպել էջը