Միջազգային կազմակերպություններ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ․ դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

2005թ․ օգոստոսի 26-ի Կազանի գագաթաժողովին Թուրքմենստանը հայտարարեց, որ ԱՊՀ շրջանակներում կգործի ասոցացված անդամի կարգավիճակով:

1994թ․ մարտից ԱՊՀ-ն ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ ԳԱ-ում:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 80 մարմին:

2008թ. հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն/քարտուղարությունը: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2022թ. հոկտեմբերի 14-ին Աստանայում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2022թ. մայիսի 20-ին տեսակոնֆերանսային կապի կիրառմամբ և հոկտեմբերի 28-ին Աստանայում առկա ձևաչափով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի աշխատանքներին:

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է 2022թ. մայիսի 13-ին Դուշանբեում և հոկտեմբերի 12-ին Աստանայում, ինչպես նաև 2023թ. ապրիլի 14-ին Սամարղանդում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստերին:

2022թ․ ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնել էր Ղազախստանի Հանրապետությունը։ 2023թ․ հունվարի 1-ին ռոտացիոն սկզբունքով նախագահությունը փոխանցվել է Ղրղզական Հանրապետությանը:

2023թ․ հունվարի 1-ից ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ «ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի-գործադիր քարտուղարի» պաշտոնի անվանումը ձևափոխվել է՝ վերանվանվելով «ԱՊՀ գլխավոր քարտուղար»։

ԱՊՀ գլխավոր քարտուղար է հանդիսանում Ս․ Լեբեդևը։

Թարմացված է՝ 26.09.2023թ.

Տպել էջը