Միջազգային կազմակերպություններ

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ստեղծվել է 1951թվ. և հանդիսանում է միգրացիայի ոլորտում գործող առաջատար կազմակերպություն։ ՄՄԿ-ն ՄԱԿ-ի համակարգի մասն է կազմում՝ որպես փոխկապակցված կազմակերպություն:

ՄՄԿ-ին ներկայումս անդամակցում է 175 պետություն։ Ութ պետություն, ինչպես նաև բազմաթիվ միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններ ունեն դիտորդի կարգավիճակ։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա)։  Այն պաշտոնական ներկայացուցչություններ ունի ավելի քան 100 երկրում և ավելի քան 180 գրասենյակներ ամբողջ աշխարհում։

Կազմակերպությունն առաջնորդվում է ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված սկզբունքներով, ներառյալ մարդու իրավունքները բոլորի համար պաշտպանելու հանձնառությամբ: ՄՄԿ-ի առաջնային նպատակն է նպաստել միջազգային միգրացիայի կանոնավոր և մարդասիրական կառավարմանը:

Որպես մարդասիրական և կանոնավոր միգրացիան խրախուսող առաջատար միջկառավարական կազմակերպություն՝ ՄՄԿ-ն առանցքային դեր է խաղում 2030 օրակարգի ձեռքբերումներին աջակցելու հարցում՝ ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ կայուն զարգացման միջոցով:

ՄՄԿ-ն և Հայաստանը

Հայաստանի Հանրապետությունը ՄՄԿ-ին միացել է որպես անդամ պետություն 1993 թվականին: Նույն թվականին էլ ՄՄԿ-ն հիմնադրել է իր գրասենյակը Երևանում: ՄՄԿ գործունեությունը Հայաստանում հիմնված է մի շարք պաշտոնական փաստաթղթերի վրա, որոնք ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, այդ թվում՝ Արտոնությունների և անձեռնմխելիության մասին համագործակցության համաձայնագիրը (1994թ.) և Փոխըմբռնման հուշագիրը (2001թ.):

Հայաստանում Կազմակերպության նպատակներն են.

  • Աջակցել Հայաստանին սահմանների կառավարման ոլորտում այնպես, որ ապահովվի ճիշտ հավասարակշռություն վերահսկողության և դյուրացման միջև՝ համապատասխանելով միջազգային լավագույն չափանիշներին;
  • Նվազեցնել և կանխել մարդկանց թրաֆիքինգի և մաքսանենգության դեպքերը;
  • Բարելավել վերադարձողների, թրաֆիքինգի զոհերի, փախստականների, ներքին տեղահանվածների և ցածր եկամուտ ունեցող անձանց կարգավիճակը և նպաստել ինտեգրմանը;
  • Աջակցել կառավարությանը աշխատանքային միգրացիայի կառավարման գործում;
  • Բարձրացնել ազգային ՀԿ-ների կարողությունները միգրացիոն խնդիրների լուծման գործում;
  • Զարգացնել գյուղական համայնքները:

ՄՄԿ-ն աջակցում է ՀՀ քաղաքացիների արժանապատիվ վերադարձին Հայաստան։ ՄՄԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որոնք էլ իր հերթին ուղղված են երկրում միգրացիայի ուժեղացված կառավարման ապահովմանը։

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում Միգրացիայի գլոբալ դաշնագրի նպատակներին հասնելու իր հանձնառությանը: Հայաստանն այժմ գտնվում է  GCM Առաջատար երկրների խմբին (GCM Champions Countries) միանալու գործընթացում։ Միգրացիայի գլոբալ դաշնագրում առաջընթացն արագացնելու նպատակով Հայաստանը նախատեսում է ձեռնամուխ լինել միգրացիայի նոր ռազմավարության մշակմանը, որը հիմնված կլինի 2021 թվականի մայիսին ընդունված Միգրացիայի կառավարման հայեցակարգի վրա:

 

Թարմացված է՝ 06.03.2023թ.

Տպել էջը