Միջազգային կազմակերպություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործընկերություն
Եվրոպական միության (ԵՄ) հետ գործընկերության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է:
ԵՄ հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդարադատության, պետական կառավարման բնագավառներում, տնտեսության մի շարք ոլորտներում, բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը:
Հայաստանի անկախությունից ի վեր ԵՄ-ն Հայաստանի զարգացման ծրագրերին ամենամեծ ֆինանասական աջակցություն տրամադրողներից է։
2020թ. հուլիսի 31-ին ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար է նշանակվել դեսպան Աննա Աղաջանյանը։ 2019թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար է նշանակվել դեսպան Անդրեա Վիկտորինը։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության իրավական հիմքը 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ): Համաձայնագիրը ժամանակավոր կիրառվել է 2018թ. հունիսի 1-ից և ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ին։
Համաձայնագրով ստեղծվել է գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակ։ ՀԸԳՀ-ով նախատեսված բարձրագույն քաղաքական մարմինը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը, իրականացնում է Համաձայնագրի կիրարկման գործընթացի վերահսկումն ու գնահատումը։ Համաձայնագրով նախատեսված կանոնադրային այլ մարմիններն են՝ գործընկերության կոմիտեն և առևտրի հարցերով գործընկերության կոմիտեն, ինչպես նաև գործընկերության ենթակոմիտեները։
Համաձայնագրի արդյունավետ կիրարկման նպատակով՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել է ՀԸԳՀ-ի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզը, որը հաստավեց ՀՀ վարչապետի 2021թ. հունիսի 1-ի որոշմամբ։ Այն բաղկացած է 300-ից ավելի միջոցառումներից, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտներին, այդ թվում՝ կրթություն և գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանվածություն, ենթակառուցվածքներ, տնտեսություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և այլն։
Գործընկերության խորհուրդ
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Բրյուսելում։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վերջին՝ 4-րդ, նիստը տեղի է ունեցել 2022թ․ մայիսի 18-ին։
Գործընկերության կոմիտե
ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստերը ևս տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար Երևանում և Բրյուսելում։ ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վերջին՝ 3-րդ, նիստը կայացել է 2022թ. ապրիլի 28-ին Երևանում։
ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վերջին՝ 4-րդ, նիստը տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 29-30-ը Բրյուսելում։
Գործընկերության ենթակոմիտեներ
Գործընկերության ենթակոմիտեների նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ։ 2022թ. կայացել են հետևյալ ենթակոմիտեների նիստերը.
- ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով ենթակոմիտեի 2-րդ նիստ /մարտի 15, առցանց/,
- ՀՀ-ԵՄ աշխարհագրական նշումների ենթակոմիտեի 3-րդ նիստ /սեպտեմբերի 26, առցանց/,
- ՀՀ-ԵՄ զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության հարցերով (Մարդկանց միջև շփումների) ենթակոմիտեի 7-րդ նիստ /սեպտեմբերի 27, առցանց/,
- ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 12-րդ նիստ /նոյեմբերի 8, Բրյուսել/։
Երկկողմ բարձրաստիճան փոխայցեր
Բրյուսել, ԵՄ
2023թ. հունվար |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
2022թ. օգոստոս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2022թ. մայիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2022թ. ապրիլ |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2021թ․ դեկտեմբեր |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2021թ․ դեկտեմբեր |
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ |
2021թ․ դեկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
2021թ․ նոյեմբեր |
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար |
2021թ. հունիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2020թ․ դեկտեմբեր |
Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարար |
2020թ. հոկտեմբեր |
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ |
2020թ. մարտ |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2019թ. հունիս |
Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար |
2019թ. մարտ |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2018թ. դեկտեմբեր |
Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար |
2018թ. հուլիս |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ |
2018թ. հունիս |
Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար |
2018թ. փետրվար |
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար |
2017թ. մայիս |
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար |
2017թ. նոյեմբեր |
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ |
2017թ. փետրվար |
Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ |
2016թ. մայիս |
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար |
2015թ. հունվար |
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար |
Հայաստան
2021թ․ հուլիս |
Շառլ Միշել, Եվրոպական խորհրդի նախագահ |
2021թ․ հուլիս |
Օլիվեր Վարհեի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար |
2020թ․ փետրվար |
Մարգարիտիս Սխինաս, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ |
2019թ. հուլիս |
Դոնալդ Տուսկ, Եվրոպական խորհրդի նախագահ |
2019թ. հունիս |
Անդրուս Անսիպ, Եվրոպական հանձնաժողովի թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար |
2019թ. հունվար |
Յոհաննես Հան, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար |
2017թ. հոկտեմբեր |
Յոհաննես Հան, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար |
2017թ. փետրվար |
Քրիստիան Դանիելսոն, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն |
2016թ. մարտ |
Ֆեդերիկա Մոգերինի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ |
2015թ. հուլիս |
Դոնալդ Տուսկ, Եվրոպական խորհրդի նախագահ |
2015թ. մարտ |
Յոհաննես Հան, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար |
ԵՄ խորհրդի որոշմամբ 2003թ․ հուլիսի 7–ին, ստեղծվել է նոր՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ 2008 թվականին՝ վրաց-ռուսական պատերազմից հետո, ԵՄ խորհրդի որոշմամբ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը վերափոխվել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնի։ 2017թ. նոյեմբերից Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն է Տոյվո Կլաարը` թվով չորրորդն այս պաշտոնում։ 2019-2023թթ․ ընթացքում վերջինս Հայաստան է այցելել 22 անգամ, որից 9-ը՝ 2022թ.։
2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը ԵՄ խորհրդի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման կարողությունների երկամսյա քաղաքացիական առաքելություն: 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով։
ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտ
Բացի ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ից, ՀՀ և ԵՄ միջև կնքվել են մի շարք այլ համաձայնագրեր: 2021-2022թթ․ ստորագրվել են հետևյալ համաձայնագրերը․
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. նոյեմբերի 15-ին՝ Բրյուսելում: ՀՀ կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է 2023թ. հունվարի 11-ին։ 2023թ. փետրվարի 20-ի դրությամբ ԵՄ անդամ երկրներից համաձայնագիրը վավերացվել է Էստոնիայի, Լատվիայի, Ավստրիայի և Չեխիայի կողմից։
- «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Իրավապահ ոլորտում համագործակցության ԵՄ գործակալության միջև համագործակցային հարաբերություններ հաստատող աշխատանքայինփաստաթուղթը», ստորագրվել է 2021թ․ սեպտեմբերի 16-ին և ուժի մեջ է մտել սեպտեմբերի 17-ին։
- ՀՀ և ԵՄ միջև «Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. նոյեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել 2022թ․ փետրվարի 10-ին։
- «Ստեղծագործ Եվրոպա» (2021-2027) ծրագրին Հայաստանի միանալու վերաբերյալ համաձայնագիր, ստորագրվել է 2022թ. հոկտեմբերի 11-ին և ուժի մեջ մտել 2022թ. դեկտեմբերի 28-ին։
Միգրացիա և մուտքի արտոնագրերի դյուրացում
2012թ. դեկտեմբերի 17-ին ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին», իսկ 2013թ. ապրիլի 19-ին` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերը։ Երկու համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2014թ. հունվարի 1-ին: Դրանց կիրարկման մշտադիտարկման նպատակով ստեղծվել են համապատասխանաբար ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով և ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեներ։
ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը կայացել է 2021թ. ապրիլի 28-ին առցանց ձևաչափով։
ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի 8-րդ նիստը տեղի է ունեցել 2022թ. հուլիսի 14-ին առցանց ձևաչափով:
Մարդու իրավունքների շուրջ երկխոսություն
2009թ. ի վեր Հայաստանի և Եվրոպական միության միջև ընթանում է մարդու իրավունքների շուրջ երկխոսություն: Նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում: Վերջին՝ 12-րդ, նիստը տեղի է ունեցել 2022թ. նոյեմբերի 7-ին Բրյուսելում։
Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսություն
2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երխոսության անդրանիկ նիստը։
Արևելյան գործընկերություն
Արևելյան գործընկերության (ԱլԳ) ձևաչափը հիմնադրվել է 2009թ.՝ որպես Եվրոպական հարևանության քաղաքականության hատուկ ուղղություն, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները ԵՄ, նրա անդամ պետությունների և արևելյան վեց հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև: 2021թ․ հուլիսին Բելառուսն առկախել է իր մասնակցությունն Արևելյան գործընկերության ձևաչափում։
ԱլԳ շրջանակներում բազմակողմ համագործակցության առանցքում են պետական կառույցների հզորացման, տնտեսական զարգացման, էներգետիկ արդյունավետության բարձրացման, շարժունակության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների խթանման և այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցերը:
ԱլԳ բազմակողմ համագործակցության ձևաչափերից են արտաքին գործերի և ոլորտային նախարարական հանդիպումները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական երկխոսությունը: Որպես կանոն, տարեկան երկու անգամ կազմակերպվում են ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպումներ՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։
2019-2022թթ․ ընթացքում ԱլԳ նախարարական հանդիպումներն անցկացվել են 8 անգամ, ներառյալ՝ Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ նախարարական համատեղ հանդիպումները։
ԱլԳ գագաթաժողովը, որն անցկացվում է բարձրագույն՝ երկրների ղեկավարների մակարդակով, , սովորաբար տեղի է ունենում երկու տարին մեկ։ Վերջին գագաթաժողովը տեղի է ունեցել 2021թ․ դեկտեմբերի 15-ին, որի շրջանակներում ընդունվել է համատեղ հռչակագիր։
Խորհրդարանական համագործակցություն
Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցությունն ակտիվ է նաև խորհրդարանական հարթակում, որի հիմնական երկկողմ հարթակը ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն է։ Վերջինիս կազմում ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ (Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության անդամներ): Կոմիտեի տարեկան հանդիպումները հաջորդաբար անցկացվում են Երևանում, Բրյուսելում կամ Ստրասբուրգում: ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի վերջին նիստը կայացել է 2022թ. փետրվարի 23-24-ը Երևանում։
ԵՄ և ԱլԳ երկրների միջև խորհրդարանական համագործակցության հարթակն է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը: «Եվրանեսթ» ԽՎ-ի կազմում ներառված է 60 պատգամավոր Եվրոպական խորհրդարանից և 10-ական պատգամավոր` ԱլԳ երկրների խորհրդարաններից:
«Եվրանեսթ» ԽՎ-ն ունի երկու համանախագահ, որոնցից մեկը ներկայացնում է Եվրոպական խորհրդարանը, իսկ մյուսը՝ ԱլԳ երկրներից մեկի օրենսդիր մարմինը:
«Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակներում գործում են նաև 4 մշտական հանձնաժողովներ՝ 1. Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով, 2. Տնտեսական ինտեգրացիայի, օրենսդրական մոտարկման և ԵՄ քաղաքականության հետ ներդաշնակեցման հարցերով, 3. Էներգետիկ անվտանգության, 4. Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով:
«Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների և բյուրոյի վերջին նիստերը տեղի են ունեցել 2022թ. փետրվարի 21-22-ը Երևանում, իսկ ԽՎ հերթական՝ 10-րդ, նիստը 2023թ. փետրվարի 20-21-ը Քիշնևում։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առևտրաշրջանառության ծավալներ (հազար ԱՄՆ դոլար)
Արտահանում |
Ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
Ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
|
2019թ․ |
578,667.3 |
1,117,342.9 |
1,077,836.5 |
2020թ․ |
429,125.7 |
935,506.5 |
856,760.1 |
2021թ․ (հունվար-նոյեմբեր) |
604,607.0 |
919,826.6 |
835,244.4 |
2022թ. (հունվար-նոյեմբեր) |
717,240.6 |
1 543,117.4 |
1 305,405.3 |
Թարմացված է՝ 21.02.2023թ.