Միջազգային կազմակերպություններ

ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվել են 1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի(NACC) անդամ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները խարսխված են Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) ծրագրի վրա, որին Հայաստանը միացել է 1994 թվականին: Բացի այդ, իրականացվում է ներգրավման ավելի բարձր աստիճան ապահովող փոխգործակցություն Եվրատլանտյան գործընկերության խորհրդի(EAPC) շրջանակներում, որին ՀՀ-ն անդամակցում է 1997 թվականից:

2002 թվականից Հայաստանը մասնակցում է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացին (PARP):

2006 թվականից Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերային հարաբերությունները և տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգանում են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: Այս ծրագրի իրականացումն օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական և անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական և անվտանգային ոլորտներում փոխգործակցության ունակությունը բարձրացնելու գործում: Համագործակցության կարևոր խնդիրներից է նաև ՀՀ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության գործիքակազմի արդյունավետ կիրառման ապահովումը:

2017թ. ապրիլին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվել է թվով 5-րդ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը:

Ներկայումս Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քննարկումներ են ընթանում ԱԳԳԾ-ի փոխարեն համագործակցության նոր փաստաթղթի՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի (Individually Tailored Partnership Programme) հաստատման ուղղությամբ:

2004 թվականից Հայաստանն իր մասնակցությունն է բերում Կոսովոյում (2004թ.) և Աֆղանստանում (2010թ.) ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին: 2021թ. օգոստոս-սեպտեմբերին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Հաստատակամ աջակցություն» առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ խաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան:

Խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունն իրականացվում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին, ինչպես նաև վեհաժողովի շրջանակներում կազմակերպվող Ռոզ-Ռոթ սեմինարներին պարբերական մասնակցությամբ:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է նաև արտակարգ իրավիճակների կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում: Քաղաքացիական պաշտպանության ոլորտում ՀՀ կարողությունների հետագա զարգացմանը նպաստում է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի (EADRCC) հետ սերտ համագործակցությունը:

2010թ. սեպտեմբերի 11-ից 16-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման և համակարգման եվրատլանտյան կենտրոնի և Հայաստանի կողմից համատեղ կազմակերպված «Արմենիա-2010» վարժանքը, որը աղետների արձագանքման բնագավառում ՆԱՏՕ-ի խոշորագույն միջոցառումներից էր: Հայ փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունենում այս կենտրոնի կողմից կազմակերպվող վարժանքներին. դրանց շարքին են պատկանում «Կոդրի 2011» (Մոլդովա), «Georgia 2012» (Վրաստան), «Ուկրաինա-2015», «Crna Gora 2016» (Մոնտենեգրո), «Բոսնիա և Հերցեգովինա 2017» և «Հյուսիսային Մակեդոնիա 2021» միջոցառումները:

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը զարգանում է նաև ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակներում, որը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս համատեղ ծրագրեր իրականացնել մի շարք ոլորտներում, որոնցից առաջնայինն է շրջակա միջավայրի պահպանությունը:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին հայաստանյան հասարակությունը պարբերաբար իրազեկվում է հանրային դիվանագիտության միջոցառումների միջոցով, որոնց շարքում են Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

2017թ. դեկտեմբերի 13-ից 18-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացված հերթական, թվով 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակներում տեղի է ունեցել Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ ավանդական դարձած հեռուստակամուրջը:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների իրազեկման գործում կարևոր դերակատարություն ունի նաև Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը, որն իր գործունեությունը ծավալում է սկսած 2007թ.-ից:

ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական առաքելության ղեկավարն է դեսպան Արման Իսրայելյանը:

Հարաբերությունների ժամանակագրությունը

2024թ.

Հունվարի 18-ից 19-ը Հայաստան է ժամանել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը:

2023թ.

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի պատվիրակության և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների միջև՝ ՀՀ-ՆԱՏՕ ԱՀԳԾ նախագծի քննարկման և համաձայնեցման նպատակով:

Հոկտեմբերի 6-ից 8-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Կոպենհագենում կայացած ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանին:

Մայիսի 23-ին Հայաստան է ժամանել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը:

Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանին:

Մայիսի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե գումարած Հայաստան (DPRC+Armenia) ձևաչափով հանդիպմանը:

Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի կառույցներ՝ մասնավորապես, Մոնսում տեղակայված Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:

Հունվարի 23-ին ԵՄ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հանդիպում ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը:

2022թ.

Հոկտեմբերի 11-ին Հայաստան է այցելել Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: 

Հոկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստը։ Ա․ Գրիգորյանը հանդիպել է նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խ. Կոլոմինայի հետ: 

Սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Ապրիլի 26-ին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խ. Կոլոմինա Պիրիսն այցելել է Հայաստան։

Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Այցի շրջանակներում Ա. Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալ Միրչա Ջեոանայի հետ, ինչպես նաև ելույթ ունեցել Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստում:

2021թ.

Հոկտեմբերի 21-ին Հայաստան է այցելել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։

Սեպտեմբերի 1-ին Խավիեր Կոլոմինա Պիրիսը ստանձնել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

2020թ.

Հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բրյուսել՝  ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հանդիպում ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

2019թ.

Մարտի 14-15-ին Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան: Նա հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ինչպես նաև ելույթով հանդես եկել «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն. միջազգային և հայաստանյան պրակտիկա» խորագրով կոնֆերանսի շրջանակներում:

Մարտի 11-ից 12-ը տեղի է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցը Հայաստան: Նա հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների շրջանակներում ԳՔ հատուկ ներկայացուցիչը Ֆրանսիական համալսարանում հանդես է եկել հանրային դասախոսությամբ:

Մարտի 11-ից 15-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվել են հերթական, թվով 12-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

2018թ.

Դեկտեմբերի 4-ից 5-ը Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Հաստատակամ աջակցություն» ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների նախարարական հանդիպմանը, հանդես եկել ելույթով և հանդիպել ՆԱՏՕ ԳՔ տեղակալ Ռոզ Գոթեմյոլլերին:

Հուլիսի 11-ից 12-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած, Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների ղեկավարների հավաքին և հանդես եկել ելույթով:

Մայիսի 24-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել ՆԱՏՕ/ԵԱԳԽ գործընկերության և հավաքական անվտանգության                      կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին 2017թ. զեկույցը:

Մարտի 14-ից 16-ը ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ և ՊՎԳ (Պլանավորման և վերանայման գործընթաց) փաստաթղթերի՝ 2017թ. կատարողականի գնահատման նպատակով Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի գնահատման պատվիրակությունը:

2017թ.

Դեկտեմբերի 13-ից 18-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվել են հերթական, թվով 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը:

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության մասնակից երկրների պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպմանը, որի շրջանակներում հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմյոլլերի հետ:

Հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի կողմից Բրյուսելում ստորագրվել է Հայաստան-ՆԱՏՕ «Վստահության հիմնադրամի» գործարկման հիմք հանդիսացող «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը:

Հունիսի 12-ից 13-ը տեղի է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցը Հայաստան:

Ապրիլի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել ՆԱՏՕ/ԵԱԳԽ Գործընկերության և հավաքական անվտանգության կոմիտե գումարած Հայաստան ձևաչափով նիստը, որի ընթացքում քննարկվել է Պլանավորման և Վերանայման Գործընթացի՝ Հայաստանի գնահատման զեկույցը:

Ապրիլի 7-ին Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը:

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

2016թ.

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա է գտնվել և ելույթ ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Հաստատակամ աջակցություն» առաքելության մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Նոյեմբերի 14-ից 18-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվել են հերթական, թվով 10-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

Հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վարշավայում կայացած Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության` ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով:

Մարտի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան ձևաչափով նիստին, որին նախորդել է ՀՀ պատվիրակության և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երկկողմ հանդիպումը:

2015թ.

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակից ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Նոյեմբերի 2-ից 6-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվել են հերթական, թվով 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

Հունիսի 18-ից 20-ը ՀՀ ԱԺ հրավերով Երևանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի Ռոզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:

2014թ.

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նյուպորտում կայացած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու Աֆղանստանում «Միջազգային անվտանգության աջակցության ուժերի» առաքելության մասնակից, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով:

Մայիսին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ թվով 4-րդ ԱԳԳԾ 2014-2016թթ. փաստաթուղթը:

Մայիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան ձևաչափով նիստին, որին նախորդել է ՀՀ պատվիրակության և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆ. Ռասմուսենի երկկողմ հանդիպումը:

Մարտի 15-ից 17-ը ՀՀ Ազգային ժողովի հրավերով Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական կոմիտեի Գործընկերությունների ենթակոմիտեի պատվիրակությունը:

2013թ.

Ապրիլի 9-ին Հայաստան է այցելել Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:

2012թ.

Սեպտեմբերի 6-ին Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպում է անցկացվել նաև Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Մայիսի 20-ից 21-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Աֆղանստանում «Միջազգային անվտանգության աջակցության ուժերի» մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը Չիկագոյում:

Մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որի ընթացքում ՀՀ նախագահը մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ գումարած Հայաստան ձևաչափով հանդիպմանը: Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

2011թ.

Հայաստանը եռապատկել է Աֆղանստանում «Միջազգային անվտանգության աջակցության ուժերի» առաքելությանը մասնակցող իր զորախումբը` հասցնելով 126 զինվորականի:

2010թ.

Դեկտեմբերին Ջեյմս Ապպատուրայը նշանակվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

Նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերին ներդրում կատարող ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետությունների ղեկավարների Լիսաբոնում անցկացվող հանդիպմանը:

Սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում անցկացվել է Աղետների արձագանքման եվրատլանտյան համակարգման կենտրոնի՝ (EADRCC) «Արմենիա 2010» վարժանքը:

Փետրվարին Հայաստանի ԶՈւ 40 հոգանոց ստորաբաժանումը սկսել է իր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող «Միջազգային անվտանգության աջակցության ուժերի» առաքելության կազմում:

2009թ.

Ապրիլի 28-ին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանը պաշտոնապես ճանաչվել է Աֆղանստանում «Միջազգային անվտանգության աջակցության ուժերի» առաքելությանը մասնակից 43-րդ երկիր:

2008թ.

Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը մասնակցող Հայաստանի խաղաղապահների կազմը կրկնապատկվեց` դառնալով մեկ վաշտ` 70 զինվորական:

Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 20-ը Հայաստանը հյուրընկալել է «Համատեղ Աղեղ-2008» և «Համատեղ նիզակակիր-2008» ՆԱՏՕ/ԳհԽ զորավարժությունները:

Ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

2007թ.

Մարտի 12-ին Երևանում պաշտոնապես բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

Հայաստանում անցկացվել է «ՆԱՏՕ-ի շաբաթ» առաջին միջոցառումը:

2006թ.

Հուլիսին Հայաստանում անցկացվել է “Rescuer 2006” ՆԱՏՕ/ԳհԽ վարժանքը:

ՆԱՏՕ-ն նշանակել է Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության առաջին սպային:

Հունվարին մեկնարկել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը:

2005թ.

Հունիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին ներկայացրել է Հայաստանի առաջին Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), որը դեկտեմբերի 18-ին հաստատվեց ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից:

2004թ.

Հայաստանի 35 հոգանոց խաղաղապահ դասակը սկսել է իր մասնակցությունը  ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Կոսովոյի Ուժեր (KFOR) խաղաղության հաստատման գործողությանը:

Հիմնվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

Հայաստանը ՆԱՏՕ-ի կնետրոնակայանում հիմնել է մշտական դիվանագիտական առաքելություն:

2003թ.

Հունիսի 16-ից 27-ը Հայաստանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք 2003» զորավարժությունը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ 8 եւ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի մասնակից 11 երկրների մոտ 400 զինվորական:

2002թ.

Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ:

Հայաստանը միացել է ՆԱՏՕ-ի Պլանավորման և վերանայման գործընթացին (PARP):

Հայաստանը միացել է ՆԱՏՕ-ի Ահաբեկչության դեմ գործընկերության գործողությունների ծրագիր (Partnership Action Plan against Terrorism) փաստաթղթին:

2001թ.

Մայիսի 14-ից 15-ը Հայաստան են ժամանել ՆԱՏՕ-ի ԳՔ լորդ Ջորջ Ռոբերթսոնը և ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Գվիդո Վենտուրիոնին:

1999թ.

Ապրիլի 25-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը մասնակցել է Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:

1997թ.

Հայաստանը դարձել է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ:

1994թ.

Հայաստանը միացել է Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրին:

1992թ.

Հայաստանը դարձել է նորաստեղծ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ, որը 1997թ. վերանվանվել է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ):

 

Թարմացված է՝ 02.02.2024թ.

 
Տպել էջը