Միջազգային կազմակերպություններ
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:
ԵԱՀԿ մոտեցումը անվտանգության և կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է և համընդգրկուն: Կազմակերպության գործունեությունն ընթանում է 3 հարթություններով, այսպես կոչված «զամբյուղներով»` ռազմաքաղաքական /անվտանգության, տնտեսական-բնապահպանական և մարդկային, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ համապարփակ և անբաժանելի անվտանգության հայեցակարգի հիմնասյուները: Այս տեսանկյունից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, ինչպես նաև տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում համագործակցությունը կարևոր են անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման համար և կարող են ունենալ ինչպես կանխարգելիչ ֆունկցիա, այնպես էլ նպաստել ռազմաքաղաքական խնդիրների լուծմանը: Կազմակերպության գործունեության գերակայություններից են՝ հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ:
Կազմակերպության որոշում կայացնող մարմիններն են.
- Գագաթաժողովը
- Նախարարների խորհուրդը
- Մշտական խորհուրդը
- Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը
ԵԱՀԿ աշխատանքը առաջնորդելու, համակարգելու և կազմակերպության ղեկավարման համար այլ անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար ԵԱՀԿ-ն մեկ տարով նախագահում է որևէ մասնակից երկիր: ԵԱՀԿ-ն 2023թ. նախագահում է Հյուսիսային Մակեդոնիան: Նրան աշխատանքներն իրականացնելիս աջակցում են նախկին և հաջորդ նախագահությունները, որոնք գործող նախագահության հետ միասին կազմում են ԵԱՀԿ Տրոյկան. ներկայումս` Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Ֆինլանդիան: ԵԱՀԿ քարտուղարությունն իրականացնում է կազմակերպության առօրյա գործունեությունը, օժանդակում է Գործող նախագահին իր պարտականություններն իրականացնելիս: Քարտուղարությունը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը:
ԵԱՀԿ քարտուղարության հիմնական հատվածը գտնվում է Վիեննայում:
Կազմակերպության հաստատություններն են.
- Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակը:
- Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի գրասենյակը:
- Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մասնակից-երկրների միջխորհրդարանական հարաբերությունների և համագործակցության մարմին է:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ:
ԵԱՀԿ աշխատանքները տեղերում արդյունավետ կերպով իրականացնելու, կազմակերպության նպատակներն ու սկզբունքները տարածելու և մասնակից երկրների հետ համագործակցության համակարգման նպատակով գործում են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:
1995թ. հիմնվել է ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996թ. հուլիսից զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպժիկը (Լեհաստան):
Հայաստան - ԵԱՀԿ համագործակցություն
Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը 2019թ. հունվարի 11-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն է:
2017թ. օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանի կողմից գրասենյակի մանդատի երկարաձգման մասին որոշման շուրջ կոնսենսուսին չմիանալու պատճառով: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից հետո ՀՀ և ԵԱՀԿ քարտուղարության միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ շարունակելու ծրագրային համագործակցությունը կազմակերպության հետ: Այն ներառում է ծրագրային ուղղություններ ԵԱՀԿ բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում:
ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերն են՝
- Հելսինկիի եզրափակիչ ակտ -1975թ.
- Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիա – 1990թ.
- Հելսինկիի փաստաթուղթ - 1992թ․
- Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթուղթ - 1994թ.
- Եվրոպական անվտանգության խարտիա – 1999թ.
- Աստանայի հռչակագիր – 2010թ.
13.05.2024 - ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի Հայաստան աշխատանքային այց:
03.05.2024 - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:
02.03.2024 - Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
16.02.2024 - Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:
01.12.2023 - Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ:
01.12.2023 - Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
30.11 – 01.12.2023 - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մասնակցել է ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին:
18.11.2023 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին:
18.11.2023 - Երևանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը:
17.11.2023 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը:
20.09.2023 - ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով:
19.09.2023 - Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:
18.09.2023 - Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ:
12.09.2023 - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։
10.08.2023 - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։
20.07.2023 - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։
18.07.2023 - Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
08.07.2023 - Խորվաթիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։
13.04.2023 - ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի այց Հայաստան:
17.02.2023 - Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հանդիպումը:
17.01.2023 - Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
17.01.2023 - Հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին:
10.01.2023 – ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:
01.12.2022 - Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով: Կայացել են հանդիպումներ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
22.10.2022 - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։ Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստանի Հանրապետություն գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա:
19.09.2022 - Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
13.09.2022 - ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։
16.06.2022 - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակության այց Հայաստան:
01.04.2022 - ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակության այց Հայաստան:
11.03.2022 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:
17.12.2021 - ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվեց առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը:
02.12.2021 - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին: Կայացել են հանդիպումներ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
05.10.2021 - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին:
24.09.2021 - ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:
02.09.2021 - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ:
13.05.2021 - ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ:
25.03.2021- Հայաստանը ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը:
16.03.2021 - Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակության այց Հայաստան:
03.12.2020 – ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը առցանց ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ընթացքում:
29.09.2020 - Վիեննայում ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
14.02.2020 - Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
12.02.2020 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ մասնակից երկրների հավատարմագրված դեսպանների հետ:
06.12.2019 - Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին:
05.12.2019 – ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց է կատարել Բրատիսլավա՝ մասնակցելու ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդի աշխատանքներին:
26.11.2019 - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին:
26.11.2019 - ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրի աշխատանքային այց Հայաստան:
26.11.2019 - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի այց Հայաստան:
26.09.2019 - ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին:
09.07.2019 – ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է և ելույթ ունեցել Սլովակիայում կայացած «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը կայունությունը խթանելու գործում Եվրոպայում և անդին» խորագրով ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը:
08.07.2019 - Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ:
13.03.2019 – ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան:
Օգտակար հղումներ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԳՆ հանդիսանում է Հայաստանում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ներկայացման համար պատասխանատու ազգային համակարգող: ՀՀ ամփոփ զեկույցները կազմակերպությանն են ներկայացվում տարեկան պարբերությամբ (տես՝ https://hatecrime.osce.org/armenia)։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–Հայաստան համագործակցությունը ակտիվ է նաև անդամ երկրներում դիտորդական առաքելություններով, ինչպես նաև Հայաստանում կայացած ընտրություններին մասնակցության առումով:
ԺՀՄԻԳ-ը իրականացնում է վերապատրաստման ծրագրեր ՀՀ պետական և իրավապահ մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների համար՝ մարդու իրավունքների պաշտպանության, խթանման և մոնիտորինգի վերաբերյալ:
Թարմացված է՝ 21.06.2024թ.