Միջազգային կազմակերպություններ
ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հանդիսանում է մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն, որի ստեղծման մասին հայտարարվել է 2001թ. հունիսի 15-ին Շանհայում «Շանհայան հնգյակի» պետությունների և Ուզբեկստանի կողմից: «Շանհայան հնգյակի» մեխանիզմի հիմքում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի միջև ռազմական ոլորտում վստահության ամրապնդման և սահմանային շրջաններում զինված ուժերի փոխադարձ կրճատման վերաբերյալ կնքված 1996-1997թթ. համաձայնագրերն են:
2002թ. հունիսին ՇՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովի ընթացքում ստորագրվեց ՇՀԿ կանոնադրությունը, որը հանդիսանում է Կազմակերպության հիմնական կանոնադրական փաստաթուղթը` ամրագրելով վերջինիս նպատակները և սկզբունքները, կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները:
ՇՀԿ կանոնադրության 16-րդ հոդվածի համաձայն, Կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա:
ՇՀԿ հիմնական նպատակներն են` անդամ պետությունների միջև փոխադարձ վստահության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային, ինչպես նաև կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի, բնապահպանության և այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության խթանումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումը և պահպանումը, ժողովրդավարական, արդար և ռացիոնալ նոր միջազգային քաղաքական և տնտեսական կարգի ստեղծման առաջմղումը:
Անդամ պետությունների ղեկավարների խորհուրդը հանդիսանում է ՇՀԿ բարձրագույն մարմինը, որն օժտված է որոշումներ ընդունելու լիազորություններով: Ամենամյա գագաթնաժողովների ընթացքում ընդունվում են որոշումներ Կազմակերպության համար կարևորություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ:
Անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների (վարչապետների) խորհրդի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ` Կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության ռազմավարության և առաջնային ուղղությունների քննարկման նպատակով, ինչպես նաև տնտեսական և այլ բնույթի համագործակցության սկզբունքային և արդիական հարցերի լուծման համար: Անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների (վարչապետների) խորհուրդը նաև հաստատում է Կազմակերպության բյուջեն:
ՇՀԿ շրջանակներում գործում է նաև խորհրդարանների ղեկավարների մակարդակով անցկացվող հանդիպումների մեխանիզմ, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տրանսպորտի, մշակույթի, կրթության և առողջապահության նախարարների, իրավապահ մարմինների, գերագույն և արբիտրաժի դատարանների ղեկավարների և գլխավոր դատախազների հանդիպումների մեխանիզմներ:
ՇՀԿ շրջանակներում համակարգման մեխանիզմ է ծառայում ՇՀԿ անդամ պետությունների ազգային համակարգողների խորհուրդը:
Կազմակերպությունն ունի երկու մշտապես գործող մարմին` ի դեմս ՇՀԿ քարտուղարության՝ տեղակայված ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում, և Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում գործող ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր հանձնաժողովի: Վերոնշյալ երկու մարմինների ղեկավարներն նշանակվում են անդամ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից երեք տարի ժամկետով: 2022թ. հունվարի 1-ից ՇՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Ճան Մինը (ՉԺՀ), իսկ ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը՝ Ռ. Է. Միրզաևը (Ուզբեկստան):
ՇՀԿ հիմնական մարմիններում նախագահությունը իրականացվում է ըստ անդամ պետությունների անվանումների` ռուսերեն այբուբենի համաձայն` մեկ տարի ժամկետով:
ՇՀԿ պաշտոնական լեզուներն են ռուսերենը և չինարենը:
ՇՀԿ Կանոնադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ ՇՀԿ տարածաշրջանի այլ երկրները ևս կարող են դառնալ Կազմակերպության մասնակից պետություն: Միևնույն ժամանակ, Կանոնադրության 14-րդ հոդվածը թույլ է տալիս հետաքրքրություն ցուցաբերող պետությանը կամ միջազգային կազմակերպությանը շնորհել դիտորդի կամ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:
ՇՀԿ դիտորդ պետությունները կարող են հրավիրվել անդամ պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
Երկխոսության գործընկերոջ կարգավիճակը կարգավորող կանոնակարգը գործընկեր պետության համար նախատեսում է նախարարական մակարդակի պրոֆիլային խորհրդակցություններին, ինչպես նաև գործընկերության առարկա հանդիսացող հարցերին նվիրված` բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային խմբերի և հանձնաժողովների նիստերին մասնակցության հնարավորություն:
2015թ. հուլիսի 10-ին Ուֆայում կայացավ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը: Ուֆայի գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր` այդ թվում Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին որոշումը:
Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին հուշագիրը ստորագրվեց 2016թ. ապրիլի 16-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում գտնվող ՇՀԿ կենտրոնակայանում:
2024թ. հունիսի 6-ից 8-ը կայացավ ՇՀԿ գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան. սա ՇՀԿ գլխավոր քարտուղարի մակարդակով պատմության մեջ առաջին այցն էր Հայաստան:
2024թ. հուլիսի 3-ից 4-ը Ղազախստանի Հանրապետության նախագահության ներքո Աստանայում կայացավ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը, որի արդյունքներով Բելառուսի Հանրապետությունը պաշտոնապես միացավ ՇՀԿ-ին՝ դառնալով վերջինիս տասերորդ անդամ պետությունը: ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2025թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որը ստանձնել է 2024-2025թթ. ՇՀԿ նախագահությունը:
Թարմացված է՝ 26.08.2024թ.