Միջազգային կազմակերպություններ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Օգտակար հղումներ՝

http://www.cde.am/

http://www.francophonie.org/

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ընդհանուր տվյալները

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։

Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1,4 մլրդ., որից շուրջ 321 մլն. մարդ ֆրանկոֆոն է։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ Նշենք, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է այս կազմակերպությանը:

ՖՄԿ որպես իր առաջնային առաքելություն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության և վերապատրաստման խթանման, տևական զարգացման գրասենյակի հետ համագործակցության խրախուսման, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացման, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:

Վերոնշյալ գործոններն ապահովելու նպատակով ՖՄԿ-ն համագործակցության ծրագրեր է մշակում նշված տարբեր բնագավառներում:

Ֆրանկոֆոնիայի որոշում կայացնող քաղաքական մարմինը ֆրանսախոս Երկրների և կառավարության ղեկավարների համաժողովն է՝ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ: ՖՄԿ գլխավոր քարտուղարն առանցքային դեր է խաղում ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ դրույթների պահպանման գործում:

Հարկ է ընդգծել, որ ֆրանկոֆոն բազմակողմ համագործակցությունն իրականացվում է ՖՄԿ-ի և վերջինիս չորս գործիքների կողմից` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն (Agence Universitaire de la Francophonie – AUF), TV5 Monde միջազգային հեռուստաալիք, Ալեքսանդրիայում Սենգորի անվան համալսարան (Université Senghor d’Alexandrie) և Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա (Association Internationale des Maires Francophones -AIMF)։

ՖՄԿ իր տրամադրության տակ ունի խորհրդատվական մարմին, որն է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը (Assemblée Parlementaire de la Francophonie - APF)։ ՖՄԿ գործադիր ատյաններում վերջինիս ներկայացնում է ֆրանկոֆոն ժողովուրդների շահերն ու ակնկալիքները՝ որպես հիմնական նպատակ ունենալով սույն երկրներում խթանելու ժողովրդավարությունն ու իրավական պետությունը և պաշտպանելու մարդու իրավունքները ֆրանկոֆոն հանրության ներսում։

2018թ. հոկտեմբերի 7-12-ին Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որն աչքի է ընկել մասնակցության բարձր մակարդակով և քանակով (շուրջ 100 պատվիրակություն, որոնցից 35-ը՝ նախագահի կամ վարչապետի կարգավիճակով)։

Գագաթաժողովն անցել է «Ապրել միասին» խորագրի ներքո:

Գագաթաժողովի արդյունքում ՖՄԿ անդամների քանակը համալրվել է 3 նոր ասոցացված (Սերբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կոսովո) և 4 նոր դիտորդ անդամներով (Իռլանդիա, Մալթա, Գամբիա, ԱՄՆ Լուիզիանա նահանգ):

2019թ.-ի հունվարի 1-ից ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Ռուանդայի ԱԳ նախարար, տիկին Լուիզ Մուշիկիվաբոն, որը վերընտրվել է 2022թ. նոյեմբերին՝ 4 տարի ժամկետով։

2022թ. նոյեմբերի 19-20-ը Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը: Նոյեմբերի 18-ին գագաթնաժողովի շրջանակներում կայացած Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառութ­յունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։ Նոյեմբերի 19-20-ը ՀՀ վարչապետը մասնակցել և ելույթ է ունեցել Թունիսի Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին՝ կազմակերպության նախագահությունը Հայաստանից փոխանցելով Թունիսին: 

 ՀՀ և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններ

Հայաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի ատյաններին

2003թ. Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին, Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովում դառնում է ՖՄԿ ասոցացված անդամ։

Ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները համակարգելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական է նշանակում:

Ի դեմս ՖՄԿ մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի՝ Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության ատյանների աշխատանքներում։

Հայաստանի և ՖՄԿ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր էր 2010թ. ապրիլին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնական այցը Հայաստան:

2010թ. հոկտեմբերին Մոնթրոյում (Շվեյցարիա) կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարները, ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի, նրանից դուրս գալու և խաղաղության ամրապնդման մասին բանաձև ընդունելով, առաջին անգամ իրենց դիրքորոշումն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մասնավորապես՝ «Հաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով: Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքի կամ ուժի գործադրման ցանկացած փորձից, որը կարող է վտանգել խաղաղության գործընթացը, և առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»: 2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ, Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ 54-րդ անդամ-երկիրը:

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ գագաթաժողովի ժամանակ ճգնաժամային իրավիճակների կարգավորման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ դեռևս Մոնթրոյի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը սատարելու իրենց դիրքորոշումը:

Սույն դիրքորոշումը վերահաստատվում է 2014թ. Դաքարի (Սենեգալ), 2016թ. Անտանանարիվուի (Մադագասկար) և 2018թ. Երևանի գագաթաժողովների ժամանակ:

2022թ. Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի Ջերբայի հռչակագրում և Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի՝ Հայաստանին վերաբերող պարբերություններում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները, իրենց համերաշխությունը հայտնելով Հայաստանին, անհանգստություն են արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ: Միաժամանակ աջակցություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագի­տական առաքելության իրականացմանը։

Հայաստանը հանդիսանում է նաև 2013թ. սեպտեմբերին ստեղծված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային կառույցների և հաստատությունների ցանցի (RESIFECO) անդամ՝ բաղկացած տարածաշրջանի 6 երկրների ներկայացուցիչներից՝ Ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամներից (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա և Ռումինիա):

2022թ․ հոկտեմբերի 7-ին Փարիզում կայացած Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի (REFRAM) 7-րդ կոնֆերանսում Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրվել է REFRAM-ի լիիրավ անդամ։ 

Համագործակցություն Հայաստանի և ՖՄԿ-ի միջև

Հայաստանը սերտ համագործակցություն է զարգացնում ՖՄԿ-ի հետ, որն արտահայտվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ:

2009թ. մայիսից Հայաստանի անդամակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնին (CREFECO), որի արդյունքում 350-ից ավելի ֆրանսերենի հայ ուսուցիչներ ստացել են ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստում, ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ-լեզվաբանական առարկաների բարելավմանը:

2009թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարության, ՖՄԿ-ի, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների և Բելգիայի ֆրանսախոս համայնքի ղեկավարության միջև ստորագրվում է ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների ֆրանսերենի ուսուցման վերաբերյալ հուշագիր։

2015թ. հոկտեմբերին, ի շարունակություն նախորդ հուշագրի, «Ֆրանսերենը միջազգաին հարաբերություններում» ծրագրի շրջանակներում ՖՄԿ-ի, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 17 այլ երկրների կողմից Ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների վերաբերյալ Գործընկերության հուշագիր է ստորագրվում՝ ուղղված միջազգային հարաբերությունների հարցերով ՀՀ վարչական համակարգի պաշտոնյաների՝ ֆրանսերենով արտահայտվելու հմտություններն ամրապնդելուն:

Հայաստանը 2012թ. ի վեր մասնակցել է Ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությանը, որի շրջանակներում ավելի քան 500 պետծառայողներ և դիվանագետներ տարբեր գերատեսչություններից մասնակցել են ֆրանսերենի ուսուցման և կատարելագործման դասընթացներին, իսկ նրանցից լավագույն տասը տարեկան հնարավորություն է ստացել հանձնել ֆրանսերենի իմացության վկայականի քննություն։

Մի շարք քայլեր են ձեռնարկվում՝ ֆրանսերենի ուսուցման տարածման ուղղությամբ: Այսպիսով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆրանսերենը հաստատել է որպես դպրոցներում ընտրովի 3-րդ օտար լեզու, ինչպես նաև ֆրանսիական կողմի օժանդակությամբ 5 դպրոցներում բացել է ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացներ:

2013թ. հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ կնքված կրթական համագործակցության հուշագրի շնորհիվ ֆրանսերենի խորացված ուսուցում և երկլեզու ուսումնական ծրագիր է ներդրվել Երևանի թիվ 119 ավագ դպրոցում:

Բարձրագույն կրթության ոլորտում ֆրանկոֆոն համալսարանների ֆրանկոֆոն ուղղվածությունն էլ ավելի է ամրապնդվել. այսօր արդեն Հայաստանի 5 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են հանդիսանում: Երևանի ֆրանկոֆոն թվային կենտրոնը գրանցված է որպես Հայաստանում ՖՀԳ-ի պաշտոնական ներկայացուցչություն: ՖՀԳ-ի օժանդակությամբ Երևանում բացվել է համալսարանական նվաճումների 2 կենտրոն:

Կազմակերպված մի շարք ֆրանկոֆոն միջոցառումների շնորհիվ բարելավվել է ֆրանսերեն լեզվի տեսլականը երկրում: Այսպես, Ֆրանկոֆոնիայի երկամսյա միջոցառումները Հայաստանում յուրաքանչյուր տարի ներառում են ֆրանկոֆոն մշակութային, կրթական և համալսարանական հարյուրավոր միջացառումներ (2013թ.՝ 350, 2015թ.՝ 550, 2017թ.՝ 600, 2018թ.՝ 350, 2019թ.՝ 435, 2020թ.՝320, 2022թ.՝ 500-ից ավելի) և նպաստում են երկրում ֆրանկոֆոն մշակութային միջավայր խթանելուն:

«Ֆրանկոֆոն գրքի անկյուն» ծրագրի իրագործումը մեկնարկել է 2014թ. և ներառում է ՀՀ մի շարք մեծ քաղաքներ (Երևան, Գորիս, Գյումրի և այլն):

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանձն է առել ապահովելու TV 5 MONDE հեռուստաալիքի մուտքը Հայաստան՝ այն ընդգրկելով մալուխային օպերատորների հիմնական փաթեթի մեջ:

Հայաստանը հանդիսանում է նաև ֆրանկոֆոն կարևոր տարածաշրջանային նախաձեռնությունների հարթակ:

2015թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարությունը և ՖՄԿ-ն կազմակերպում են տարածաշրջանային առաջին սեմինարը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակությունում կին-տղամարդ հավասարության օժանդակման վերաբերյալ: Սեմինարին մասնակցել են տարածաշրջանում ֆրանկոֆոնիայի անդամ 6 երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն և Ռումինիա) կառավարությունների և քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհդարանական վեհաժողովի և ֆրանկոֆոնիայի անմիջական գործիչների հետ

Խորհրդարանական մակարդակ

2009թ. հուլիսի 5-ին Հայաստանի ԱԺ-ն դառնում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ/APF) ասոցացված անդամ: Մինչ 2014թ. Հայաստանն օգտվել է ՖԽՎ-ի «ՆՈՐԻԱ» ծրագրից, որը մասնավորապես իրականացրել է ֆրանսերեն լեզվի դասընթացներ՝ նախատեսված հայկական խորհրդարանի պատգամավորների և խորհրդարանի պաշտոնյաների համար, փաստագրական ֆոնդերին ուղղված նվիրաբերություններ, Ազգային ժողովի պաշտոնական կայքը ֆրանսերեն թարգմանելու աջակցություն:

2010թ. մայիսին ՖԽՎ-ի եվրոպական տարածաշրջանի նիստն անցկացվել է ՀՀ Ազգային ժողովում:

2014թ-ից հայկական խորհրդարանը անդամակցում է ՖԽՎ-ին որպես լիիրավ անդամ:

2022թ. դեկտեմբերի 12-16-ը ք․Փարիզում (Ֆրանսիա) տեղի է ունեցել Ֆրանկոֆոն կին պատգամավորների Առաջնորդության 5-րդ աշխատաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ կին պատգամավորների պատվիրակությունը։

Համալսարանական բնագավառ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ/AUF) 2010թ. հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնագիր է ստորագրել ֆրանսերենով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին, որը տեղակայվում է Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

ՖՀԳ-ն գործընկերական հարաբերություններ է զարգացրել իր ցանցի անդամ հայկական համալսարանների հետ` Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևանի պետական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:

2011թ. մարտին Հայաստանում ֆրանսիական համալսարանում բացվել է Ֆրանկոֆոնիայի Սենգորի ամբիոնների միջազգային ցանցի հայկական մասնաճյուղը, որը նպատակ ունի խրախուսելու ֆրանկոֆոնիայի ուսուցանումը և ճանաչելի դարձնելու ֆրանկոֆոնիան իր տարբեր կողմերով՝ ինստիտուցիոնալ, քաղաքական, մշակութային և տնտեսական:

2016թ. հուլիսին գիտական և համալսարանական համատեղ նախագծերի իրականացման Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՖՀԳ-ի միջև:

Ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն

Երևան քաղաքն առաջինն է եղել, որ ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ է հաստատել Ֆրանկոֆոնիայի հետ` 1998թ. դառնալով Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ/AIMF) անդամ:

2011թ. հոկտեմբերին Երևանում անցկացվում է ՖՔՄԱ-ի գլխավոր վեհաժողովը՝ անդամ քաղաքների ավելի քան 150 քաղաքապետերի մասնակցությամբ: Վեհաժողովի ժամանակ Հայաստանի համայնքների միությունը դարձել է այս ասոցիացիայի անդամ:

ՖՔՄԱ-ն աջակցություն է ցուցաբերում Երևան քաղաքի մշակութային և կրթական հաստատություններին՝ մասնավորապես Երևանի մի շարք հիմնական և ավագ դպրոցներին ապահովելով լեզվի լաբորատորիաներով:

2011թ. Հայաստանի Լոռու մարզը դարձել է Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամ:

 

Թարմացված է՝ 06.03.2023թ.

Տպել էջը