Միջազգային կազմակերպություններ

ՏՐԱՍԵԿԱ
ՏՐԱՍԵԿԱ

«ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողով

«ՏՐԱՍԵԿԱ»-ն (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքը) հանդիսանում է միջազգային տրանսպորտային ծրագիր, որում ընդգրկված են Եվրոպական Միությունը և Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների 13 անդամ-պետություններ: Ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական և տրանսպորտային կապերը Սևծովյան ավազանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Միջկառավարական Հանձնաժողովի Մշտական Քարտուղարությունը գտնվում է Բաքվում (Ադրբեջան), Եվրոպական Միության կողմից ցուցաբերվող ֆինանսական օժանդակության նվազեցման պատճառով ներկայումս բյուջեն ձևավորվում է անդամ-պետությունների կողմից կատարվող ամենամյա ներդրումների հաշվին:

«ՏՐԱՍԵԿԱ»-ն սկիզբ է առել 1993թ. մայիսին` Բրյուսելում կայացած կոնֆերանսի արդյունքում, որին մասնակցել են Կենտրոնական Ասիայի հինգ և Անդրկովկասի երեք պետությունների տրանսպորտի և առևտրի նախարարները:

Կոնֆերանսի ժամանակ Եվրոպական Միությունը հաստատել է, որ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Սև ծովից Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա ձգվող տրանսպորտային առանցքի զարգացմանը:

«ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին  անդամակցում են 13 երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Մոնղոլիա, Ղրղզստան:

Հիմնական համաձայնագրի դրույթների կատարման նպատակով 2000թ. կազմավորվեց ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական Հանձնաժողովը, իսկ 2001թ. Բաքվում հիմնվեց ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական Հանձնաժողովի Մշտական Քարտուղարությունը, որը գործում է հաստատված կանոնակարգին համաձայն:

Հայաստանի Հանրապետությունը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրին անդամակցում է 1993թ.-ից:

1998թ. օգոստոսի 9-ին Հայաստանը ստորագրել, իսկ 2000թ. նոյեմբերի 3-ին վավերացրել է 1999թ. մայիսի 23-ին ուժի մեջ մտած Եվրոպա-Կովկաս-Ասիա Միջանցքի զարգացմանն ուղղված Միջազգային Տրանսպորտի վերաբերյալ Հիմնական Բազմակողմ Համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական նպատակը ՏՐԱՍԵԿԱ բոլոր անդամ-պետությունների միջև, ինչպես նաև Եվրոպայի, Սևծովյան տարածաշրջանի, Կովկասի, Կասպից ծովի և Ասիայի տարածաշրջաններում տնտեսական համագործակցության, առևտրի ու տրանսպորտի զարգացման ապահովումն է: Համաձայնագրի շրջանակներում բոլոր անդամ-պետությունները, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը, ստացել են ՏՐԱՍԵԿԱ հատուկ թույլտվություններ՝ երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների իրականացմանն աջակցելու և այն դյուրացնելու նպատակով:

2010թ. ապրիլի 4-ին Հայաստանը ստորագրել և վավերացրել է վերոնշյալ Համաձայնագրում (MLA) լրացումներ կատարելու վերաբերյալ Արձանագրությունը, որի անհրաժեշտությունը պայմանավորված էր Բուլղարիայի և Ռումինիայի կողմից ԵՄ անդամ-պետությունների կարգավիճակ ստանալով:

2003թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրել է MLA-ում լրացումներ կատարելու վերաբերյալ 2011թ. նոյեմբերի 23-ին ուժի մեջ մտած Արձանագրությունը, որը նպատակաուղղված է երկաթուղով բեռնափոխադրումների իրականացման դյուրացման նպատակով մաքսային և այլ հարկվող վճարումների նվազեցմանն ու դրանցից որոշներից ազատմանը:

Հայաստանը ստորագրել է նաև MLA-ում լրացումներ կատարելու վերաբերյալ դեռևս ուժի մեջ չմտած Արձանագրությունը, որը Համաձայնագրին ավելացվել է Սև ծովում և Կասպից ծովում երկաթուղային-լաստանավային տերմինալների գործունեության հիմնական սկզբունքների մասին Տեխնիկական հավելվածի տեսքով: Սրա հիմնական նպատակը նավահանգստի ղեկավար մարմինների և օպերատորների, ինչպես նաև ազգային երկաթուղային փոխադրողների միջոցով երկաթուղային-լաստանավային ուղով բեռների փոխադրմանն առնչվող խնդիրների կարգավորումն է, ինչն ապահովում է բեռների փոխադրման համար անհրաժեշտ պայմաններ թե՛ միջազգային երկաթուղային-լաստանավային ուղիղ կապերով, թե՛ տարանցմամբ դեպի երրորդ երկրներ:

Հայաստանի կողմից առ այսօր չի ստորագրվել MLA-ի՝ Մաքսային և փաստաթղթային գործընթացների մասին Տեխնիկական հավելվածում լրացումներ կատարելու վերաբերյալ դեռևս ուժի մեջ չմտած Արձանագրությունը, որը ենթադրում է ՏՐԱՍԵԿԱ անդամ-պետությունների միջև փոխադրումների իրականացման գործընթացում փոփոխություններ, ինչպիսիք են ընթացակարգերի արագացումը, տարանցման համար նախատեսված ժամանակահատվածի կրճատումը, ներկայացվող փաստաթղթերի պարզեցումը և այլն: Այս փոփոխությունները հիմնված են մի շարք ԵՄ և տարածաշրջանային համաձայնագրերի ու կանոնակարգերի դրույթներով, որոնց նպատակը երկրների միջև փոխադրումների դյուրացումն է:

2006թ. նոյեմբերի 8-ին Հայաստանը վավերացրել է 2005թ. ուժի մեջ մտած MLA-ի կողմ հանդիսացող Կառավարությունների միջև ՏՐԱՍԵԿԱ ՄԿՀ ՄՔ համատեղ ֆինանսավորման վերաբերյալ Համաձայնագիրը, որով ՏՐԱՍԵԿԱ անդամ-պետությունները պարտավորվում են ամենամյա անդամավճարի տեսքով ապահովել ՄՔ գործունեության ֆինանսավորումը, ինչպես նաև հետևել բյուջեից կատարված ծախսերին պարբերաբար իրականացվող աուդիտի միջոցով:

2018թ. ապրիլի 4-ին Հայաստանը վավերացրել է 2011թ. հուլիսի 9-ին ուժի մեջ մտած ՏՐԱՍԵԿԱ բազմամոդալ տրանսպորտի զարգացման մասին Համաձայնագիրը: Փաստաթղթի հիմնական նպատակը ՏՐԱՍԵԿԱ բոլոր անդամ-պետությունների միջև բեռնափոխադրումների իրականացման նպատակով բազմամոդալ տրանսպորտի քաջալերման, կարգավորման և զարգացման ապահովումն է: Սա հիմք է հանդիսացել 2015թ. Ստամբուլում ստորագրված ՏՐԱՍԵԿԱ Բազմակողմ թույլտվությունների վերաբերյալ Օգտագործողի ուղեցույց և հավելվածներ ներառող փաստաթղթի համար, որը նույնպես ստորագրված է Հայաստանի կողմից: Փաստաթղթի հիման վրա Հայաստանն ամեն տարվա կտրվածքով ստանում է 100 թույլտվություն, որոնք սակայն մինչ օրս չեն կիրառվել՝ այլ երկրների հետ արդեն իսկ փոխանակված թույլտվությունների քանակը սպառելու նպատակով:

«ՏՐԱՍԵԿԱ» Երևանյան համաժողովի շրջանակներում 2003թ. հոկտեմբերի 9-10-ը Երևանում անցկացվել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան կոնֆերանսը, որին ի թիվս այլ անդամ-պետությունների (բացառությամբ Մոլդովայի) մասնակցել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Պետության ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են հիմնական բազմակողմ համաձայնագրի շրջանակներում համագործակցության և Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքին հնարավոր անդամակցության հարցը:

Համաժողովը, որի ընթացքում Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական Հանձնաժողովի նախագահությունը, օրակարգում քննարկել է մի շարք կարևորագույն խնդիրներ, ընդունվել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի համատեղ ֆինանսավորման մասին հուշագիրը, փոփոխություններ են կատարվել ՏՐԱՍԵԿԱ MLA-ում, մշակվել է 2004-2008թթ. համար ՏՐԱՍԵԿԱ միջանցքի զարգացման ծրագիր:

2018թ. մարտի 5-6-ը կրկին Երևանում է անցկացվել ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական Հանձնաժողովի 13-րդ հերթական նիստը, որի ժամանակ Հայաստանը ևս մեկ տարով ընդունեց ՄԿՀ նախագահությունը: Նիստի ընթացքում քննարկվել են Միջանցքի զարգացման 2016-2026թթ. ռազմավարությունը և Ճանապարհային քարտեզը, Միջանցքի զարգացմանն ուղղված հայեցակարգով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքն ու արդյունքները, ՏՐԱՍԵԿԱ բազմակողմ թույլտվությունների համակարգը, մինչև 2021թ. ժամանակահատվածի համար ծովային անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության տարածաշրջանային գործողությունների ռազմավարության հիման վրա Կողմերի իրականացրած առաջնահերթ գործողությունները, ինչպես նաև Միջանցքով միջազգային ճանապարհային երթևեկության զարգացման հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրի արդյունքները: Ակտիվ բանակացություններ են անցկացվել ՏՐԱՍԵԿԱ ճանապարհային երթուղիների մրցունակության և գրավչության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Հունաստանի Հանրապետությանը շնորհվել է դիտորդի կարգավիճակ:

Անդամ-պետություններին հիշեցվել է մոտ ապագայում կայանալիք ՏՐԱՍԵԿԱ 3-րդ ներդրումային համաժողովում ներկայացվելիք նախագծերի մասին, որին մասնակցելու են բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանն իր Հյուսիս-Հարավ միջազգային ճանապարհային միջանցքի շինարարության ծրագրով, որի հիմնական կենտրոնացումը Տրանշ 4-ն է:

Նիստի արդյունքում անդամ-պետությունների կողմից որոշում է կայացվել երկարաձգել գործող Գլխավոր Քարտուղարի պաշտոնավարման ժամանակաշրջանը մինչև հաջորդ ՄԿՀ նիստի անցկացումը, որը նախատեսվում է 2019թ. Բաքվում:

Հայաստանը մասնակցում է «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր կարևոր միջոցառումներին, աջակցում է տարածաշրջանային նախագծերին, որոնց նպատակն է ապահովել հետագա համագործակցությունը և տնտեսական զարգացումն` ուղղված ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղային հաղորդակցության զարգացմանը տարածաշրջանում:

Հայաստանը ներառված է ավելի քան 18 տեխնիկական աջակցության ծրագրերում, որոնցից 3-ը ընթացքի մեջ են. «ՏՐԱՍԵԿԱ համակարգող խումբ», «Սահմանամերձ գոտիներում ընթացակարգի ներդաշնակեցում», «Տարանցիկ փոխադրումների համար ընդհանուր իրավաբանական բազայի ստեղծում»:

Տպել էջը