ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Հայկական երկրորդ 2 հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» հաղորդմանը

26 հունիսի, 2008
- Ի՞նչ էք կարծում, ո՞րն է ՍԾՏՀ-ի, որպես տարածաշրջանային կազմակերպության, իրական արժեքը եւ ինչպե՞ս է կազմակերպությունը ինտեգրված համաշխարհային տնտեսական զարգացումներում նոր համապարփակ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից:

Տարածաշրջանում ազդեցիկ եւ ներկայացուցչական կազմակերպություններից մեկը` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, ստեղծվել է 1992թ. որպես նախաձեռնություն` կրելով յուրահատուկ պատասխանատվություն Սեւծովյան տարածաշրջանում բազմակողմ փոխշահավետ տնտեսական համագործակցության խթանման եւ կայունության ու բարեկեցություն ապահովման համար: ՍԾՏՀ-ի հիմնական գաղափարը եղել է եւ այսօր նույնպես մնում է ներդաշնակեցնել Սեւ ծովի հետ կապված անդամ-երկրներին, նույնիսկ եթե վերջիններիս կողմից վարվող քաղաքականությունը եւ մոտեցումները երբեմն էականորեն տարբերվում են միմյանցից:
Կազմակերպությունը, որը փորձում է դիմագրավել տարածաշրջանային տնտեսական համագործակցության մարտահրավերներին եւ քայլեր է ձեռնարկում ծրագրերի կատարմանն ուղղված իր օրակարգի իրականացման գործում, կոչված է նաեւ զարգացնելու տարածաշրջանային համագործակցության ընդհանուր սկզբունքները` որպես եվրոպական եւ համաշխարհային տնտեսության մեջ առավել լայն ինտեգրման գործընթացի բաղկացուցիչ մաս:
Կարծում եմ` չեմ սխալվի, եթե ասեմ, որ ՍԾՏՀ-ԵՄ փոխգործակցությունը, մասնավորապես, Կիեւում ս. թ. փետրվարի 14-ին երկու կազմակերպությունների արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած կարեւոր հանդիպումից հետո, կարեւորություն է ստացել Սեւծովյան տարածաշրջանում հետագա արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանի իրական կարիքները բավարարելու համար:
ՍԾՏՀ-ն կարեւոր դեր է կատարում Սեւծովյան ռազմավարությունների ամրապնդման, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների եւ շահերի ձեւավորման գործընթացում: Կազմակերպության անդամ-երկրներին ուղղված մարտահրավերներն ու բազմակողմ համագործակցության խոչընդոտները հաղթահարելու համար ՍԾՏՀ ռազմավարությունը պետք է ուղղված լինի տարածաշրջանային համագործակցության տարբերակված զարգացման արդյունքում շահերի պաշտպանությանը, առաջնային բնագավառների, ենթակառուցվածքների եւ ներդրումային ծրագրերի արագ զարգացմանը, ինչպես նաեւ եվրոպական տնտեսության զարգացման գործընթացում տարածաշրջանի ռազմավարական նշանակության բարձրացմանը:

-Որո՞նք են ՍԾՏՀ-ի տնտեսական օրակարգի առաջնային հիմնահարցերը:

Ի սկզբանե, համաձայն ՍԾՏՀ Կանոնադրությունում սահմանված հոդվածի, կազմակերպության գլխավոր նպատակն էր խթանել անդամ-երկրների միջեւ համագործակցությունը հետեւյալ հիմնական ոլորտներում, ինչպիսիք են` էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունն ու գյուղարդյունաբերությունը, առողջապահությունը, բնապահպանությունը, զբոսաշրջությունը, գիտությունը եւ տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, առեւտուրը, մաքսային մարմինների միջեւ համագործակցությունը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը եւ այլն:
Ժամանակի ընթացքում համագործակցության մի շարք նոր ոլորտներ են ի հայտ եկել Սեւծովյան տարածաշրջանում` ինստիտուցիոնալ վերազինում եւ կառավարման բարելավում, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում, արտակարգ իրավիճակներին արագ արձագանք, միջազգային ահաբեկչության դեմ պայքար եւ այլն, որոնք, ի լրումն վերը նշված առաջնային բնագավառների, այսօր կազմում են ՍԾՏՀ օրակարգը:

-Ինչպիսի՞ համատեղ ծրագրեր է ՍԾՏՀ-ն իրականացնում այլ միջազգային կազմակերպությունների հետ:

Կան մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնց հետ ՍԾՏՀ-ն համագործակցում է տարբեր ձեւաչափերով: Օրինակ` ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր (ՄԱԿ, ԵՄ, ԱՊՀ):
Կնշեի նախաձեռնություններից մեկը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից նախաձեռնված «Սեւծովյան առեւտրի եւ ներդրումների խրախուսման ծրագիրը», որը նպատակաուղղված է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների միջեւ առեւտրական կապերի զարգացմանն ու ներդրումային քաղաքականության խրախուսմանը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Սեւծովյան տարածաշրջանում գործող բիզնես կազմակերպություններին առավելագույնս օգտվել տարածաշրջանում առեւտրական եւ ներդրումային ծրագրերի իրականացման առավելությունից:
Ինչպես գիտեք, ծրագրի վերջին ներկայացումներից մեկը տեղի է ունեցել Եր—անում ս.թ. ապրիլի 3-ին Զարգացման հայկական գործակալության ջանքերի շնորհիվ:

-Ինչպես նշեցիք, ՍԾՏՀ գործունեությունը գլխավորապես նպատակաուղղված է կազմակերպության շրջանակում գործող ծրագրերի իրականացմանը: Ինչպե՞ս կարող է անդամ-երկիրը օգտվել ՍՏԾՀ ֆինանսական հնարավորություններից նախագծեր իրականացնելու համար:

ՍԾՏՀ շրջանակում գործում է Նախագծերի զարգացման հիմնադրամը: Հիմնադրամը, որը ստեղծվել է ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի մշակումն ու կատարումը դյուրացնելու նպատակով, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ներկայացված առաջարկներին եւ ծրագրերին:
Հիմնադրամը գործում է ՍԾՏՀ անդամ-երկրներից, հարակից կազմակերպություններից, դիտորդներից եւ երրորդ կողմերից կամավոր նվիրաբերության սկզբունքով: Նվիրաբերության գումարը կազմում է 30.000 ԱՄՆ դոլար կամ Եվրո: Հիմնադրամից օգտվելու առաջնային իրավունք ունեն այն անդամ-երկրների կազմակերպությունները, որոնք կատարել են իրենց նվիրաբերությունը:
ՍԾՏՀ շրջանակում գործում է մեկ այլ ֆինանսական կազմակերպություն` Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը: Բանկը, որը հիմնադրվել է ՍԾՏՀ անդամ-երկրների կողմից, աջակցում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը եւ մասնավոր ձեռնարկատիրությանը` ֆինանսավորելով անդամ-երկրներում իրականացվող ծրագրերը: Վերջին տարիների ընթացքում բանկը 2.1 միլիոն Եվրո գումարի ներդրում է կատարել «Երեւանի Գարեջուր» ՍՊԸ, 23 միլիոն ԱՄՆ դոլար` "RusA1 Armenia" ՍՊԸ եւ 3 միլիոն ԱՄՆ դոլար` ACBA բանկի համար:
Հունաստանի կառավարության ջանքերի շնորհիվ վերջերս նոր ֆինանսական կառույց է ստեղծվել ՍԾՏՀ շրջանակում` Հունական զարգացման հիմնադրամը: ՍԾՏՀ-ն, որը ներառվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Զարգացման պաշտոնական օգնության ծրագրերում, նորաստեղծ հիմնադրամի միջոցով հնարավորություն կունենա ֆինանսավորելու տարածաշրջանում տնտեսական համագործակցության եւ զարգացման ծրագրեր:

-Ինչպիսի՞ խնդիրներ են այսօր ծառացած ՍԾՏՀ-ի` որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության կազմակերպության առջեւ:

ՍԾՏՀ հիմնական սկզբունքները սահմանված են կազմակերպության Կանոնադրության նախաբանում եւ նախատեսում են Սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ սերտ եւ շարունակական փոխշահավետ համագործակցությանզարգացում: Համագործակցության հիմնական սկզբունքները պահպանված են նաեւ անդամ-երկրների կողմից ընդունված կազմակերպության մի շարք այլ հիմնական փաստաթղթերում:
Միեւնույն ժամանակ, ՍԾՏՀ որոշ անդամ-երկրների պատվիրակությունները շարունակական ջանքեր են գործադրում կազմակերպության շրջանակում քննարկվող օրակարգային հարցերի հետ մեկտեղ ներկայացնել նաեւ համապարփակ եւ տարածաշրջանային խնդրահարույց քաղաքական, այդ թվում միջազգային հակամարտություններին առնչվող, հարցեր եւ դրանք համապատասխան ձեւակերպումներով ամրագրել խնդրո առարկայի հետ առնչություն չունեցող փաստաթղթերում:
Այս մոտեցումը անհամատեղելի է ՍԾՏՀ հիմնական փաստաթղթերում սահմանված դրույթների հետ եւ վտանգ է ստեղծում ՍԾՏՀ վերածելու չլուծված քաղաքական հակամարտությունների վերաբերյալ անվերջ եւ դեպի փակուղի տանող բանակցությունների ամբիոնի: Այս մոտեցումը, հետեւաբար, չի կարող ընդունելի լինել ՍԾՏՀ անդամ-երկրների մեծամասնության համար, որոնք խստորեն անհանգստացած են ՍԾՏՀ ճակատագրով:
Բացի այդ, ՍԾՏՀ անդամ-երկրների արտգործնախարարներին ուղղված Թուրքիայի արտգործնախարարի ս. թ. ապրիլի 30-ի նամակի կապակցությամբ, պետք է նշել, որ, չնայած երկկողմ հարաբերություններում չլուծված խնդիրների, մենք կիսում ենք վերջինիս խորը մտահոգությունը կազմակերպությանը սպառնող ներքին ընթացակարգային, ինչպես նաեւ միջազգային մարտահրավերների կապակցությամբ: Ցավոք սրտի, կազմակերպության ղեկավար մարմինները հաճախակի վատնում են իրենց թանկարժեք ժամանակը ոչ արդյունավետ եւ աննպատակ ընթացակարգային հարցերի քննարկման վրա: Փոխարենը, անհրաժեշտ է ձեռնարկել գործնական միջոցներ` կազմակերպության բարեփոխումների գործընթացը խթանելու համար:

-Որո՞նք են Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՍԾՏՀ-ում եւ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի հեռանկարները կազմակերպությունում:

Հայաստանը ՍԾՏՀ հիմնադիր երկրներից մեկն է: Մենք ունենք ՍԾՏՀ ներկայացուցչություն Ստամբուլում:
Հայաստանը ներկայացված է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունում: ՀՀ արտաքին գործերի ներկայացուցիչը զբաղեցնում է կազմակերպության առանցքային բնագավառներից մեկի` միջազգային տնտեսական քաղաքականության եւ ՍԾՏՀ-ԵՄ համագործակցության հարցերով գործադիր կառավարչի պատասխանատու պաշտոնը: ՀՀ ԱԳՆ մեկ այլ ներկայացուցիչ հանդիսանում է որպես ՍԾՏՀ մի շարք հարակից մարմինների տնօրենների խորհրդի անդամ:
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնայնություններին, ապա կառանձնացնեի ՍԾՏՀ շրջանակում համագործակցության հետեւյալ կարեւորագույն ոլորտները. տրանսպորտ եւ էներգետիկա, գյուղատնտեսություն, գիտություն, տեխնոլոգիաներ եւ հեռահաղորդակցություն, կրթություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ զբոսաշրջություն, հանրային կառավարում, արտակարգ իրավիճակներում համագործակցություն, հանցավորության դեմ պայքար եւ այլն: Մենք միացել ենք համագործակցության նշված բնագավառներում, մասնավորապես, տրանսպորտի եւ էներգետիկայի, ստորագրված գրեթե բոլոր համաձայնագրերին: Հայաստանի Հանրապետությունը ներկայումս հանդիսանում է ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի համակարգող երկիրը:
Ս. թ. նոյեմբերից Հայաստանը ստանձնելու է ՍԾՏՀ-ում 6-ամսյա նախագահությունը: Սա մեր երկրի համար անշուշտ մեծ պատիվ է եւ նաեւ մեծ պատասխանատվություն: ՀՀ Կառավարությունը, արտգործնախարարությունը, գերատեսչությունները, ինչպես նաեւ ներգրավված այլ կազմակերպություններ արդեն իսկ անցել են նախապատրաստական աշխատանքների` ՀՀ նախագահության ընթացքում իրենց պարտականությունները պատշաճ կերպով կատարելու պատրաստակամությամբ:

Մենք` որպես ՍԾՏՀ անդամ-երկիր եւ կազմակերպության հաջորդ նախագահող, բարձր ենք գնահատում ՍԾՏՀ դերը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային տնտեսական եւ սոցիալական կյանքում, եւ պատրաստ ենք կրկնապատկել մեր ջանքերը աշխարհի համապարփակ մարտահրավերներին դիմակայելու, կազմակերպության կենսունակությունը պահպանելու համար:

 

Տպել էջը