ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Մեդիամաքս» գործակալության հարցերին

10 հուլիսի, 2008

Հարց. Պարոն նախարար, վերջին շրջանում շատ են հիշատակումները տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության մասին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Մի քանի օր առաջ ես թվարկեցի Հելսինկիի եզրափակիչ ակտի այն սկզբունքները, որոնց հիման վրա տարվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները:
Եթե բանակցությունների կողմերից մեկը ներկայացնում է միայն իրեն ձեռնտու սկզբունքը` ձեւացնելով, թե մյուս երկուսը գոյություն չունեն, դա լրջորեն խոչընդոտում է բանակցային գործընթացին, իսկ այն երկրները, որոնք տրվում են Ադրբեջանի սադրանքին, փաստորեն իրենց հերթին, ոչ միայն չեն նպաստում բանակցային գործընթացի առաջընթացին, այլեւ վտանգում են այն:

Հարց. Կարծում եք` դա գիտակցաբա՞ր է արվում:

Պատասխան. Դա արվում է գիտակցաբար, թե անգիտակցաբար, մտածված, թե չմտածված, ամեն դեպքում, դա լրջորեն խանգարում է խաղաղ գործընթացին: Որեւէ մեկը չպետք է կասկածի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի ճանաչման եւ իրացման ճանապարհով:

Հարց. Ադրբեջանցիները պնդում են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը, հնարավոր է միայն տարածքային ամբողջականության շրջանակներում:

Պատասխան. Կարող եմ բերել մեկ պարզ օրինակ: 1950-ական թվականներին միջազգայնորեն ճանաչված պետությունների թիվը մոտ 8 տասնյակ էր, այսօր ՄԱԿ-ի անդամ են 192 պետություն, որոնց մեծամասնությունը իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի իրականացմամբ:

Հարց. Պարբերաբար Ադրբեջանի որոշ պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են Ձեր խոսքերին:

Պատասխան. Այդ որոշ պաշտոնյաները նմանվում են աճուրդում ձեւական գնորդների, որոնք փորձում են իրենց գոռգոռոցով գին բարձրացնել: Բայց դիվանագիտական բանակցությունների ընթացքում շուկայում գործածվող առեւտրական հնարքները չեն
անցնում:

Հարց. Ադրբեջանում այսօր շատ է խոսվում իրենց հզորության մասին, որն, իբրեւ թե, թույլ կտա ի նպաստ Ադրբեջանի լուծել ղարաբաղյան հիմնահարցը:

Պատասխան. Համաձայն եմ Ձեզ հետ, որ` իբրեւ թե: Հասկանալի է, որ նավթի եւ գազի վաճառքից ստացված եկամուտները որոշակի գլխապտույտ են առաջացրել, ինչը ստեղծել է ամենահզորի պատրանք: Նույն զգացումով 1991թ. Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում: Հետեւանքները հայտնի են:

Հարց. Կարծիքներ են հնչում, որ արտգործնախարարությունը միշտ չէ, որ արձագանքում է տարաբնույթ հայտարարություններին:

Պատասխան. Ես կասեի, որ դիվանագիտությունը նման է սառցալեռան, որի փոքրիկ մասն է երեւացողը, իսկ մեծ մասը, որը չի երեւում, աշխատանքն է: Չեմ կարծում, որ ամեն առիթի դեպքում պետք է հրապարակայնորեն արձագանքել:

Տպել էջը