ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանի պատասխանները «Արմինֆո» լրատվական գործակալության հարցերին 19 սեպտեմբեր 2008թ.

19 սեպտեմբերի, 2008

Հարց. Պարոն նախարար, ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում եւ Հայաստանին օգնել հանդես գալ ավելի ճկուն դիրքերից: Ինչպես եք վերաբերվում նման տեսակետին:

Պատասխան. Եթե հավատանք ադրբեջանական լրատվամիջոցների մեջբերումներին, ապա ամենայն հավանականությամբ, պարոն Բրայզան, սխալմամբ Ադրբեջանի փոխարեն օգտագործել է Հայաստանի անունը, քանզի Թուրքիան իր ազդեցությունը կարող է օգտագործել Ադրբեջանի դիրքորոշումը առավել ճկուն դարձնելու համար, ելնելով այն իրողությունից, որ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի ղեկավարները բնութագրելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները բազմիցս այն բնորոշել են «մեկ ազգ` երկու պետություն» բանաձեւով: Եւ այդ ենթատեքստում խոսել Հայաստանի վրա Թուրքիայի հնարավոր ազդեցության մասին, կարծում եմ, ակնհայտ չափազանցություն է:

Հարց. Ճիշտ են արդյոք Շվեյցարիայում հայ եւ թուրք դիվանագետների հանդիպման մասին լուրերը:

Պատասխան. Հայ եւ թուրք դիվանագետների շփումներ միշտ էլ եղել են եւ որեւցիցե արտառոծ բան չկա այդ հանդիպումների մեջ:

Հարց. Լուրեր կան Թուրքիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ` Նյու-Յորքում եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա) հանդիպման մասին; Կարող եք հաստատել այդ տեղեկությունները:

Պատասխան. Դեռեւս սեպտեմբերի 7-ին Երեւանում ես եւ Թուրքիայի ԱԳ նախարարը պայմանավորվեցինք հանդիպել Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Պարոն Բաբաջանը առաջարկել է հանդիպում կազմակերպել նաեւ եռակողմ ձեւաչափով: Ես դեմ չեմ նման հանդիպման կազմակերպմանը:

Հարց. Այժմ ակտիվորեն շրջանառվում են Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության մասին խոսակցությունները: Որքանո՞վ կարող են դրանք հիմնավոր լինել:

Պատասխան. Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգարվորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա եւ այդ ձեւաչափում: Կարծում եմ այսօր լավ նախադրյալներ կան հիմնախնդրի կարգավորման համար, ինչը բոլոր երկրների համար տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել:

Հարց. Թուրքական լրատվամիջոցների համաձայն Նյու-Յորքում Ալի Բաբաջանի հետ Ձեր հանդիպման ժամանակ ստորագրվելու են ինչ-որ փաստաղթեր: Ի՞նչ կասեք այդ տեղեկությունների իսկության վերաբերյալ:

Պատասխան. Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանձնարարությամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Բաբաջանի հետ անցկացված բանակցությունների արդյունքում մենք` երկու արտգործնախարարներս, հայտնեցինք երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորման մեր վճռականության մասին եւ փորձում ենք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Հուսով եմ, որ մենք կգնանք այդ ճանապարհով առանց միմյանց առջեւ արհեստական խոչընդոտներ ստեղծելու:

 

Տպել էջը