ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը

23 հունվարի, 2009

Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններըի զարգացումը:

Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը կրել է հաստատուն եւ վերընթաց բնույթ: Որակապես նոր մակարդակ է արձանագրվել համագործակցության թե ձեւերի եւ թե բովանդակության առնչությամբ: Այսօր ԵՄ առավել ամրապնդվում է, որպես ՀՀ գլոբալ եւ տարածաշրջանային գործընկեր, որի հետ Հայաստանը համագործակցում է ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ներքին բարեփոխումների լայն օրակարգի շուրջ: 2007թ.-ից իրականացվող Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագիրը այդ բազմաբնույթ համագործակցության լավագույն արտահայտությունն է:

Արդյոք հարաբերությունների զարգացումը ԵՄ տարածաշրջանային քաղաքականության արդյունք են, թե դրանք ձեռք են բերվել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շնորհիվ:

Կարծում եմ, որ ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը եւ Հայաստանի հանդեպ մոտեցումները իրար ոչ միայն չեն հակասում, այլեւ օրգանապես միահյուսված են: ՀՀ հետ հարաբերությունների մեջ մեծ տեղ է զբաղեցնում տարածաշրջանային համագործակցությունը, միեւնույն ժամանակ ԵՄ տարածաշրջանային քաղաքականության ձեւավորման վրա իր ուրույն ազդեցությունն է թողնում Հայաստանը, որպես տարածաշրջանային երկիր: Այս ամենով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ԵՄ ունի հստակ տարածաշրջանային մոտեցումներ, որոնք արտահայտվում են տարածաշրջանի բոլոր երկրների համար նմանօրինակ նախաձեռնությունների եւ համագործակցության առաջարկությունների ներկայացմամբ: Այս տեսակետից, կարելի է ասել, որ համագործակցության ձեւերն առավել տարածաշրջանային ընդգրկում ունեն, իսկ բովանդակությունը` երկկողմ:

Նույնպի՞սի տրամաբանություն է դրված ԵՄ Արեւելյան գործընկերության հիմքում:

Արեւելյան գործընկերությունն ավելի ավարտուն տեսքի է բերում արեւելյան հարեւանների հանդեպ ԵՄ քաղաքականությունը: Այն ամբողջովին հենվում է արդեն իսկ Եվրոպական հարեւանության քաղաքականության կողմից շրջանառության մեջ դրված համագործակցության սկզբունքների վրա եւ համագործակցության կոնկրետ մեխանիզմների առկայությամբ առավել կիրառելի է դարձնում դրանք:

Այդ տեսակետից կարելի է եզրակացնել, որ Արեւելյան գործընկերությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության մասն է կազմելու:

Այս հարցին վերջնական պատասխան կտա ԵՄ խորհուրդը, որտեղ ներկայումս ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկում են Եվրոպական հանձնաժողովի պատրաստած Արեւելյան գործընկերության հաղորդագրությունը, որն իրենից ներկայացնում է Արեւելյան գործընկերության առաջարկի հանգամանալի նկարագրություն: Նախատեսվում է, որ այդ գործընթացը կավարտվի 2009թ. ապրիլին, այն հաշվարկով, որ մայիսի սկզբին ԵՄ եւ Արեւելյան գործըներության երկրների գագաթնաժողովով կգումարվի: Ուստի ես կխուսափեի ԵՄ խորհրդի կողմից Արեւելյան գործընկերության հաստատելուց առաջ գնահատականներ տալ ԵՀՔ եւ Արեւելյան գործընկերության հարաբերակցության մասին, քանի որ դեռեւս հնարավոր են որոշ շեշտադրումների փոփոխություններ: Այնուհանդերձ, Եվրոպական հանձնաժողովի մոտեցումները վկայում են, որ Արեւելյան գործընկերությունը գալիս է առավել խորացնելու Արեւելյան հարեւանների հետ համագործակցությունը, որը մինչ այժմ ընթանում էր Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Արեւելյան գործընկերությունը, որը նախատեսված է իրականացնել ԵՄ 27 եւ ԵՀՔ 5 երկրների, ինչպես նաեւ Բելառուսի ձեւաչափով կարոծում եմ կարելի է դիտարկել ոչ այնքան, որպես ԵՀՔ մաս, որքան նրա որակապես նոր խորացված շարունակություն:

Իսկ հատկապես ինչպե՞ս է դրսեւորվելու այդ որակական փոփոխությունը: Ի՞նչ է մնում նույն եւ ինչ է փոփոխվում ԵՄ քաղաքականոթյան մեջ թե սկբունքների եւ թե մեխանիզմների առումով:

Ամենաէական տարբերությունը թերեւս կայանում է նրանում, որ Արեւելյան գործընկերությունը սահմանում է համագործակցության առավել հստակ ուղենիշներ: Այն ոչ միայն նպաստում է գործընկեր երկրների արդիականացման գործընթացին, այլեւ սահմանում է ավարտուն հանգրվաններ, որոնց այդ գործընթացի զարգացումը պետք է հանգեցնի: Այսպես առեւտրատնտեսական համագործակցթյան ոլորտում այն հանգրվանը` խորացված եւ համակողմանի ազատ առեւտրի ռեժիմի հաստատումն է, տեղաշարժի ոլորտում` մուտքի արտոնագրերային ռեժիմի դյուրացումը, իսկ ապագայում նաեւ ազատականացունը:
Նմանօրինակ մոտեցումը հնարավորություն է տալիս նոր պայմանագրային հարաբերություններ հաստատել գործընկեր երկրների եւ ԵՄ միջեւ: ԵՄ-ն պատրաստ է Ասոցացման համաձայնագրեր առաջարկել դրան ձգտող գործընկերներին, փոխարինելով ներկա Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրերը: Համաձայնագրերը մշակվելու են յուրաքանչյուր պետության պատրաստվածության եւ իրավիճակի համապատասխան: Նրանց մեջ ամրագրվելու է ԵՄ օրենսդնսդրության եւ վարչական գործառույթներին աստիճանական համապասխանեցման անհրաժեշտությունը: Ասոցացման համաձայնագրերում արտացոլվելու են նաեւ տնտեսական ինտեգրման, տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագրերն ունենալու են նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության, Եվրոպական պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության շուրջ համագործակցության բաղադրիչներ:
Արեւելյան գործընկերությունը ենթադրում է նաեւ ԵՄ եւ անդամ երկրների առավել ակտիվ համագործակցությունը վերջիններիս քաղաքական արդիականացման եւ ժողովրդավարացման գործընթացներում:

Վերջապես, Արեւելյան գործընկերությունն առաջարկում է ձեւավորել համագործակցության բազմակողմ ձեւաչափ, որի շրջանակներում ԵՄ անդամ եւ գործընկեր երկրները համագործակցելու են նույնքան լայն օրակարգով, որքան երկկողմ ձեւաչափով:

Դուք նշեցիք, որ ի տարբերություն Եվրոպական հարեւանության քաղաքականությանը` Արեւելյան գործընկերությունը սահմանում է համագործակցության առավել հստակ հանգրվաններ: Դա վերաբերում է, արդյոք գործընկեր երկրների ԵՄ անդամակցության հնարավորությանը նույնպես:

Մենք խոսեցինք մինչ այժմ տարբերությունների, բայց այժմ մենք պետք է անդրադառնանք նմանություններին: Այս հարցում այս երկու նախաձեռնությունների մոտեցումները կարելի է ասել նույնական են, քանի որ մասնակցությունն այս նախաձեռնություններին չի կանխորոշում գործընկեր անդամ երկրների ԵՄ անդամակցությունը:

Արեւելյան գործընկերության մասն են կազմելու Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը` վերջինս դեռեւս ոչ լիարժեք կապված այդ երկրի եւ ԵՄ հետ հարաբերութոյւնների դեռեւս ոչ կարգավորված լինելուն: Արդյո՞ք իրատեսական է ակնկալել, որ այս բոլոր երկրները ունեն եվրոպական նույն ձգտումներ եւ ըստ այդմ կարող են ունենալ համագործակցության նույն օրակարգը:

Դուք իրավացի եք, թեեւ այս երկրների առջեւ ծառացած են քաղաքական եւ տնտեսական արդիականացման նմանօրինակ մարտահրավերներ, այնուամենայնիվ դրանց հասցեագրման պատկերացումները եւ մոտեցումները առանձին դեպքերում զգալիորեն տարբերվում են: Այս հանգամանքը պայմանավորում է ԵՄ յուրօրինակ մոտեցումը, որը հայտնի է տարբերակվածության սկզբունք անունով: Պետք է նշեմ, որ տարբերակվածության սկզբունքը դրված է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության հիմքում: Արդյունքում, համագործակցության բոլոր կողմերին առաջարկվում է համագործակցության հավասար հնարավորություններ, իսկ կողմերն իրենք են որոշում իրենց մասնակցության ծավալները եւ խորությունը:

Դուք նշեցինք Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափի մասին: Կարծում եք, որ այն հերթական ԵՄ-ի տարածաշրջանային համագործակցության առաջարկն է, թե կարող է վերաճել որոշակի կառույցներ ունեցող միջազգային կազմակերպության:

Այդ մասին դեռ վաղաժամ է խոսել: Այն առաջարկը, որ ներկայումս շրջանառության մեջ է նախատեսում է 4 թեմատիկ խնդիրների քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ հասարական շփումների վերաբերյալ համագործակցության պլատֆորմների ստեղծումը: Պետք է նշել, որ բազմակողմ համագործակցության բովանդակությունը գրեթե նույնական է երկկողմ համագործակցության օրակարգին, ինչը առավել նշանակալից առաջընթաց արձանագրելու կարեւոր նախապայման կարող է հանդիսանալ:

Հաշվի առնելով Ադրբեջանի վերապահումը Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձեւաչափում ներգրավելու վերաբերյալ, ինչպիսին կարող է լինել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն արդեն իսկ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Եվրոպայի պատմական նվաճումներից է տնտեսական բարեկեցության եւ ընդհանուր արժեքներ հետապնդող բազմակողմ համագործակցության ստեղծումը նույնիսկ այն երկրների միջեւ, որոնց երկկողմ հարաբերությունները եղել են խնդրահարույց: Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության առաջարկների օգտին նաեւ այս հանգամանքից ելնելով: Ադրբեջանն ունի տրամագծորեն հակառակ մոտեցում, որը մինչ այժմ հնարավորություն չի տվել լիարժեքորեն օգտագործել Եվրոպական նախաձեռնությունները: Կարծում եմ, որ Ադրբեջանը կգիտակցի եւ կառուցողական մասնակցություն կունենա Արեւելյան գործընկերությանը բազմակողմ ձեւաչափին, ինչը կարող է նպաստել մեր տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչն ամրագարված է անցյալ տարի արցախյան յիմնախնդրի կարգավրոման վերաբերյալ ընդունված մի շարք միջազգային փաստթաղթերում:

Իսկ Հայաստանը ինքը պատրաստ է լիարժեքորեն ներգրավել Արեւելյան գործընկերության մեջ: Բավարարում է արդյոք օրենքի գերակայության եւ ժողովրդվարության ներկա մակարդակը ԵՄ հետ առավել հավակնոտ համագործակցության ծրագրեր հաստատելու համար:

Հայաստանն առաջին երկրներից էր, որ իր աջակցությունը հայտնեց Արեւելյան գործընկերությանը դեռեւս այն ժամանակ, երբ այն միայն արտահայտված էր լեհ-շվեդական առաջարկության տեսքով: Այդ աջակցությունը ձեւակերպվել է 2008թ. նոյեմբերի սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ընթացքում` ԵՄ-ՀՀ համատեղ հռչակագրում: Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում իրականացրած համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանին լիարժեքորեն շարունակելու այդ համագործակցությունը նաեւ Արեւելյան գործընկերության մեջ: Բավական է ասել, որ Արեւելյան գործընկերության երկու առանցքային խնդիրների` ազատ առեւտրի համաձայնագրի եւ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի մասով, Հայաստանն արդեն իսկ սկսել է ԵՄ հետ համագործակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:
Ինչ վերաբերում է ներքաղաքական բարեփոխումներին, ապա կարող եմ ասել, որ Հայաստանը մշտապես ցուցաբերել է համագործակցության միջոցով առկա խնդիրները կարգավորելու կամք: Դա է վկայում նաեւ ՀՀ նախագահի այցի ընթացքում ստորագրված համաձայնագիրը` Հայաստան ԵՄ խորհրդատուների խումբ գործուղելու մասին, որը նախատեսում է ՀՀ պետական մարմիններին օրենքի գերակայության եւ ժողովորդավարության ամրապնդման խորհրդատվության տրամադրում: Համագործակցության նման համակարգային ձեւը համահունչ է Արեւելյան գործընկերության ժողովրդավարական հաստատություները ամրապնդելու մոտեցումներին:

Իմի բերելով կարելի է եզրակացնել, որ Արեւելյան գործընկերության մեջ ներգրավվելը Հայաստանին եւ նրա քաղաքացիներին նոր հնարավորություններ կտրամադրեն ներքաղաքական բարեփոխումների, տնտեսական զարգացման, կրթական եւ մշակութային փոխանակումների, ԵՄ տեղաշարժի դյուրացման իրականացման համար: Նախատեսվում է արդյոք ԵՄ-ի կողմից ֆինանսական նոր միջոցների տրամադրումը նախանշված ծրագրերն իրականացնելու նպատակով:

Պետք է նշեմ, որ Արեւելյան գործընկերության ֆինանսնավորումը նույնպես ընթանալու է Եվրոպական հարեւանության գործընկերության գործիքի միջոցով: Արեւելյան գործընկերության մեկնարկից եւ դրա ֆինանսավորման փաթեթի ընդունումից հետո, հնարավոր կլինի խոսել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափերի մասին: Ներկա պահին Եվրոպական հանձնաժողովը հայտնի է դարձրել իր մտադրությունը 2010-2013 թվականների համար տրամադրել 350 մլն եվրո բոլոր գործընկեր երկրների համար: Նույն ժամանակահատվածի համար եւս 250 մլն դոլար տրամադրվելու է Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ֆինանսավորման համար: Այս միջոցներն անկասկած էականորեն կավելացնեն Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում տրվող տեխնիկական աջակցությունը:

Եվ վերջին գուցե ամենաքաղաքական հարցադրումը: Արդյոք ԵՄ այս նոր նախաձեռնությունը չի նպաստի տարածաշրջանում մեծ տերությունների միջեւ մրցակցության աճին

Կարծում եմ, որ տարածաշրջանում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՄ ունի մեր տարածաշրջանում առկա եւ բռնկվող սուր հակամարտությունները մեղմելու եւ կարգավորման հուն տեղափոխելու բարի կամք եւ հնարավորություններ: Այդ տեսակետից ակնհայտ է, որ ԵՄ ոչ թե մրցակցություն, այլ համագործակցություն է բերում տարածաշրջան: Բացի այդ տարածաշրջանի երկրների կողմից նմանօրինակ օրակարգով տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների անցկացումը կայունության եւ վստահության նոր տարր կարող է ներմուծել տարածաշրջան:

Տպել էջը